17 02 2020

Տեր-Պետրոսյանի «ինքնավարության ամենաբարձրաստիճանը». գաղտնազերծված փաստաթղթեր․168.am

Տեր-Պետրոսյանի «ինքնավարության ամենաբարձրաստիճանը». գաղտնազերծված փաստաթղթեր․168.am

168.am-ը գրում է․«Վերջերս ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մի փաստաթուղթ էր հրապարակել, որի ամբողջական տարբերակը տրամադրեց նաև 168.am-ին: Եվ ըստ այդ՝ ԱՄՆ Պետական քարտուղարության (Արտաքին գործերի նախարարություն) գաղտնազերծված փաստաթղթի՝ 1993թ. մայիսի 29-ին, ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջին դեսպան Հարրի Գիլմորի հետ առաջին հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժիրայր Լիպարիտյանը ցանկացել է շեշտել՝ եթե Քելբաջարը պահելը ներկա Հայաստանի բնակչության համար համախմբման կոչ պիտի լինի կամ գերնպատակ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կառավարությունը հրաժարական կտան:

«Լիպարիտյանը շեշտեց, որ Տեր-Պետրոսյանի կառավարությունը մեծապես մտահոգված չէ տարածքների ձեռքբերման կամ կորստի համար. նրանք ավելի շատ նվիրված են մի շարք արժեքների, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, և կյանքի որոշակի որակի ապահովումը։ Եթե Քելբաջարի պահպանումը ներկայիս Հայաստանի ազգաբնակչության գերագույն նպատակ դառնա (ինչպես որ այն արդեն դառնում է այդպիսին շատ հայերի համար, հատկապես՝ Սփյուռքի դաշնակցականների համար), ապա Տեր-Պետրոսյանը և իր կառավարությունը հրաժարական կտան, որովհետև նրանք չեն ցանկանում դրա մաս կազմել»,- նշված է փաստաթղթում:

Մեր ձեռքում է հայտնվել մեկ այլ փաստաթուղթ՝ թվագրված՝ 1996 թվական, որտեղ անդրադարձ է կատարվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԱՄՆ փոխքարտուղար Սթրոբ Թելբոթի և ԱՄՆ Ազգային Անվտանգության տեղակալի խորհրդատու Բերգերի հետ ունեցած հանդիպումներին:

«Տեր-Պետրոսյանն ասաց, որ հայերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չորս մրցակից գործընթացներ են տեսնում. առաջինը` Մինսկի խմբի գործընթացն է (որը բնութագրվում է՝ որպես «թատրոն»), երկրորդը՝ ԱՄՆ գործունեությունն է, երրորդը՝ Ռուսաստանի գործունեությունն է, ինչպես ցույց է տվել այդ օրը մինչ դա տեղի ունեցած` Պաստուխովի և Կազիմիրովի այցը։ «Մենք դեռ պետք է քննարկենք, թե մեզ դո՞ւր է գալիս (իրենց առաջարկը), թե՞ ոչ»։ Չորրորդը` Լիպարիտյան-Գուլուզադե ուղիղ երկխոսությունն է։

«Ես մտահոգված եմ,- շարունակեց Տեր-Պետրոսյանը,- որ մինչև մենք չհամախմբենք այս չորս ուղղությունները, մենք կվերադառնանք նախկին` լճացած վիճակին։ Մնացած երեք գործընթացները չպետք է հակասեն Մինսկի Խմբի գործընթացին,-ասաց նա,- այլ ընդհակառակը, Մինսկի խումբն անհրաժեշտ համաժողով է մեր բոլոր ջանքերին ֆորմալ բնույթ հաղորդելու համար։ Այս բոլոր գործընթացներից»,- Տեր-Պետրոսյանն ասաց,- «ամենակարևորն ուղիղ երկխոսությունն է։ Լուրջ առաջընթաց է արձանագրվել։ Երբ մենք սկսեցինք ուղիղ երկխոսությունը, մենք գիտեինք, որ դրանց միջոցով մենք չենք կարողանալու լուծել մեր բոլոր տարաձայնությունները։ Սակայն մենք փորձում ենք կողմերի դիրքորոշումները հնարավորինս մոտեցնել։ Մենք կարող ենք 90 տոկոս հաջողություն արձանագրել, սակայն մնացած 10 տոկոսի համար մեզ արբիտր է պետք»։

«Տեր-Պետրոսյանը շարունակեց՝ ասելով, որ Արբիտրը պետք է նաև լուծի Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքների հարցը։ Պետք է մեխանիզմներ մշակվեն, որոնք ամբողջությամբ կարող են երաշխավորել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Սա մեզ համար խաղ չէ։ Սա մեզ համար գոյության հարց է:  Սարաևոյի իրադարձությունները լուրջ մտածելու տեղիք են տալիս. 100.000 սերբեր լքել են Սարաևոն։ Ղարաբաղի բնակչությունն ուշադրությամբ հետևել է այդ իրադարձություններին, և նրանք նույն բախտին չեն ուզում արժանանալ։ Ղարաբաղում կա ընդամենը 150.000 բնակիչ, և նույնիսկ փոքրիկ շոկը կարող է նրանց տարհանման հանգեցնել։ Սա մեզ համար կարող է ազգային ողբերգություն լինել։ Մենք պետք է համոզված լինենք, որ դա տեղի չի ունենալու ոչ վաղը, ոչ էլ այս պահից 20 տարի անց։

Ի լրումն, Տեր Պետրոսյանը շարունակեց և ասաց, որ Ղարաբաղը պետք է կապ ունենա Հայաստանի հետ։ Դա կարող է լինել միջանցք, բայց դա պետք է լինի ռազմական տեսանկյունից անվտանգ միջանցք։ Սա մենք դիտարկում ենք՝ որպես Ղարաբաղի համար լրացուցիչ անվտանգության երաշխիք։

Տեր-Պետրոսյանը կրկնեց, որ առկա է անհավասարակշռություն այն բանի վերաբերյալ, թե ինչ է մինչև հիմա քննարկվել կարգավիճակի վերաբերյալ։ Մի կողմից՝ խոսում ենք տարածքային ամբողջականության և օկուպացված տարածքներից դուրս գալու մասին։ Սա հասկանալի է, և ճշգրիտ։ Մյուս կողմից՝ ունենք ինքնավարություն՝«լիարժեք, ընդլայնված, ինչպես էլ այն կոչենք», և այն պետք է սահմանվի հավասարապես և հստակորեն»,-ասվում է փաստաթղթում և շարունակվում, որ «նրանք համաձայնվեցին, որ ուղիղ երկխոսության միջոցով քննարկվելիք փաստաթուղթը պետք է ավելի հավասարակշռված և բազմակողմանի լինի, քան ներկայիս հայկական փաստաթուղթը, եթե ուզում ենք, որ այն ավելի հաստատուն լինի»,- ասվում է փաստաթղթում:

Այնուհետև տեղեկացվում է. «Թելբոթն ու Բերգերը (ԱՄՆ փոխքարտուղար Սթրոբ Թելբոթ և ԱՄՆ Ազգային Անվտանգության տեղակալի խորհրդատու Բերգեր.- Մ.Պ.) օգտագործել են իրենց հետագա փոքրիկ խմբային հանդիպումը, որպեսզի ճնշում գործադրեն Լիպարիտյանի վրա։ Դժվար է բանակցությունների հայտարարություններում ավելի հավասարակշռություն ապահովել, կամ «համեմատաբար հավասարություն»։ Նրանք բացատրեցին, որ ադրբեջանցիներն իրավացիորեն հավատում են, որ 14 կետանոց փաստաթուղթն իրենց համար կարևոր՝ ընդամենը երկու կետ էր պարունակում, մնացած տասներկու կետերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերից էին բխում։ Օրինակ, հայտարարությունն իր մեջ չի ներառում (բայց պետք է ներառեր) կետեր զորքերի տարհանման և փախստականների վերադարձման մասին, որոնք երկուսն էլ Ադրբեջանի համար կարևոր են։ Նրանք շեշտեցին նաև տարածքային ամբողջականության սկզբունքի կետերի և Լաչինի վերաբերյալ բանակցելու կարևորությունը։ Տեր-Պետրոսյանն ու Լիպարիտյանը խոսակցության մեծ մասում պաշտպանվողական դիրք էին ընդունել, և տարբեր ձևերով պնդում էին՝ Մինսկի խմբի փաստաթուղթն արդեն իսկ պարունակում էր զորքերի տարհանման և փախստականների վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի ցանկացած կետերը»:

Փաստաթղթում ասվում է, որ ըստ Բերգերի՝ «լիարժեք ինքնավարության» և «ամուր ինքնակառավարման» հասկացությունները պետք է մանրամասնվեն այնպես, որ դրանք համապատասխանեն երկու կողմերի պահանջներին։

«Որպեսզի սկզբունքների հայտարարությունն իրականություն դառնա, այն պետք է բազմակողմանի լինի։ Պարտադիր չէ, որ ամեն մանրամասնություն տրամադրվի, սակայն բոլոր հիմնական մտքերը պետք է բավարար մանրամասնությամբ ներկայացվեն, որ կողմերից յուրաքանչյուրին վստահություն ներշնչեն, որ իրենց շահերը պաշտպանված են,- նշվում է փաստաթղթի շարունակության մեջ և հավելվում,- Ի դեպ, նշված է, որ Տեր-Պետրոսյանն ասել է, թե  խնդիր չի լինի տարածքային ամբողջականությունը և Լաչինի հարցը հետագա հանդիպումներում քննարկելու հարցում, եթե ամերիկացիները կարողանան կոնֆիդենցիալությունը երաշխավորել:

Ավելին, երբ ԱՄՆ փոխքարտուղարն ասել է, թե իրենք ցանկանում են Ադրբեջանից հստակ բացատրություն ստանալ, թե ինչ ասել է  ինքնավարության մաքսիմում աստիճան, Տեր Պետրոսյանն արձագանքել է. «Ինքնավարության ամենաբարձր հնարավոր աստիճանը»»:

Այս երկու փաստաթղթերի բովանդակության հետ կապված՝ 168.am-ն օրեր շարունակ փորձեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից, Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի միջոցով, ստանալ պարզաբանումներ կամ մեկնաբանություն, սակայն դրանք այդպես էլ չտրվեցին:

168.am-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հրապարակված առաջին՝ Քելբաջարին վերաբերող փաստաթղթին անդրադառնալով՝ ասաց, որ այստեղ մի քանի կարևոր առանձնահատկություն կա, որոնց մասին պետք է նշել, երբ խոսում ենք 1990-ականներին Հայաստանի արտաքին քաղաքականության և ԼՂ հիմնախնդրի մասին:

https://168.am/wp-content/uploads/2019/01/Suren-Sargsyan-1-160x106.jpg 160w, https://168.am/wp-content/uploads/2019/01/Suren-Sargsyan-1-320x210.jpg 320w" sizes="(max-width: 640px) 100vw, 640px" style="box-sizing:border-box;vertical-align:middle;border-style:none;width:730px;height:auto;margin-bottom:20px">

«Այն ժամանակվա իշխանությունները հստակ ընդունված ռազմավարություն և մարտավարություն ունեին։ Այդ մարտավարությունը կայանում էր նրանում, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կողմ չէ և չի էլ կարող լինել: Հայաստանի իշխանությունները բոլոր միջազգային ատյաններում, երկկողմ շփումներում և թե բազմակողմ հարթակներում, փորձում էին արցախյան խնդիրը ներկայացնել՝ որպես խնդիր, որի ուղղակի կողմերն են Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը ձգտում էր ինքնիշխանության՝ միջազգային իրավունքի, ինչպես նաև խորհրդային օրենսդրության սկզբունքների ոգուն հավատարիմ։ Մեծ հաշվով, այստեղ խնդիրն այն էր, որ Արցախի ժողովուրդը ցանկանում է անջատվել Ադրբեջանից և ինքնիշխան պետություն կառուցել, իսկ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները բռնություն են կիրառում էթնիկ հայերի նկատմամբ՝ Ստեփանակերտից մինչև Բաքու և Սումգայիթ։ Հետևապես՝ Արցախի ժողովուրդը կազմակերպում է իր ինքնապաշտպանությունը, իսկ աշխարհասփյուռ հայությունն ու Հայաստանը դառնում են արցախահայության անվտանգության երաշխավորները: Միաժամանակ, այս մարտավարությունից բխում էր, որ Հայաստանը պետք է փորձեր միջազգային հանրությանը ապացուցել՝ Հայաստանի իշխանությունները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող Լեռնային Ղարաբաղին պարտադրել որևէ որոշում, քայլ կամ գործողություն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԱՄՆ փոխքարտուղար Սթրոբ Թելբոթի և ԱՄՆ Ազգային Անվտանգության տեղակալի խորհրդատու Բերգերի հետ ունեցած հանդիպումներին վերաբերող փաստաթղթին, որտեղ  Տեր-Պետրոսյանը կարևորում է ուղիղ երկխոսությունը, խոսում  Արբիտրի մասին, միջազգայնագետը նշեց, որ այն ժամանակվա իշխանությունների համար կարևոր էր, որպեսզի Ադրբեջանը ուղիղ բանակցություններ վարի Արցախի հետ, քանի որ գտնում էին, որ ՀՀ-ն չի կարող լինել կոնֆլիկտի կողմ:

«Ըստ այդմ՝ Արցախի իշխանությունների հետ Ադրբեջանը պետք է հաշվի նստեր և ուղիղ շփումներ ունենար։ Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանություններն ուղիղ շփումներ ունեցել են ԼՂ իշխանությունների, մասնավորապես՝ պաշտպանության բանակի հրամանատարության հետ։ Արծարծվող խնդիրն այս տրամաբանության մեջ է դիտարկվել: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն՝ որպես գերտերություն, ուներ իր ակտիվ մասնակցությունն այս գործընթացում, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 90-ականների սկզբին դեռևս չկար։ Միաժամանակ, որդեգրված ռազմավարությունը տալիս էր իր արդյունքները, եթե հաշվի առնենք, որ 1993թ․ ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերը կոչ էին անում Հայաստանին օգտագործել ազդեցությունը ԼՂ-ի վրա, որպեսզի խաղաղություն և զինադադար հաստատվի:

Այսինքն՝ այստեղ Հայաստանը կոնֆլիկտի ուղղակի կողմ չի դիտարկվել, մանավանդ, եթե հաշվի առնենք բանաձևերում տեղ գտած «local Armenian forces» եզրույթը։ Ի սկզբանե, հաշվի առնելով միջազգային իրավունքի սկզբունքները, ինչպես նաև Խորհրդային Միության Սահմանադրությունն ու իրավական ակտերը, որոշումը կայացվել էր հետևյալ կերպ․ ԼՂ-ն, օգտվելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթներից, դուրս է գալիս Ադրբեջանի կազմից, հռչակվում անկախ պետություն և հանրաքվեի միջոցով միանում է Հայաստանին»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ