14 02 2020

Ինչ կարժենա հանրաքվեն. գնահատե՞լ է արդյոք կառավարությունը հետևանքները.168.am

Ինչ կարժենա հանրաքվեն. գնահատե՞լ է արդյոք կառավարությունը հետևանքները.168.am

168.am-ը գրում է․ «Իր չարդարացված ամբիցիաների պատճառով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կրկին սթրեսի ենթարկել երկիրն ու տնտեսությունը։

Հանրաքվեն փող արժի։ Այն կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես հայտարարեց ԿԸՀ նախագահը, անհրաժեշտ կլինի առնվազն 5,5-6 մլն դոլար, որը դուրս է գալու պետության գրպանից։ Ընդունեք, որ դա փոքր գումար չէ մեր բյուջեի համար։ Այն կարող էր ուղղվել բազմաթիվ այլ ծրագրերի իրականացմանը կամ խնդիրների լուծմանը։ Կարծես ծախսելու այլ տեղեր չկան։

Բայց՝ ոչ, իշխանությունը որոշել է, գործադիրից և օրենսդիրից բացի՝ ամեն գնով իրեն ենթարկվող Սահմանադրական դատարան ունենալ, և դրա համար պատրաստ է մի քանի միլիոն դոլար ծախսել։ Ոչինչ, որ դրանից հասարակությունը, այսպես թե այնպես, ոչինչ չի շահելու։Դժվար չէ հասկանալ, որ ամենևին էլ ՍԴ-ն չէ մեղավոր, որ իշխանափոխությունից շուրջ 2 տարի հետո երկրում սոցիալական իրավիճակը չի բարելավվում, որ մարդիկ շարունակում են նույնքան վատ ապրել, որքան նախկինում, որ ներդրումներ չեն գալիս Հայաստան, որ Նիկոլ Փաշինյան ու իր թիմը բազմաթիվ խոստումներ տվեցին, բայց այդպես էլ հասարակությունը չտեսավ այդ խոստումների իրականացումը։

Նույնքան դժվար չէ նաև հասկանալ, որ ՍԴ-ն չէ իշխանությունների ձախողումների ու բացթողումների մեղավորը։ Մինչև դրան հասնելը՝ շատ ու շատ ավելի կարևոր անելիքներ կան։

Այսօր քաղաքացուն ոչ թե ՍԴ-ն է հետաքրքրում, այլ իր խնդիրների լուծումը։ Փոխարենը հանրաքվեի վրա պետության ու հարկատուների հաշվին մի քանի միլիոն դոլար անիմաստ ծախսելու՝ կառավարությունը լավ կաներ այդ գումարներով ինչ-որ ծրագիր իրականացներ, աշխատատեղեր ստեղծեր, աշխատավարձեր վճարեր։ Այսօր Հայաստանում հարյուր-հազարավոր մարդիկ գործ չունեն, զրկված են աշխատելու և իրենց ընտանիքները պահելու տարրական հնարավորությունից։ Ու դրա համար ստիպված են լինում հեռանալ երկրից, այլ տեղ աշխատանք փնտրել։

Պատահական չէ, որ իշխանափոխությունից հետո էլ արտագաղթը Հայաստանից շարունակվում է։ Եվ ոչ միայն շարունակվում է, այլև տեմպերն արագանում են։ Դրա պատճառը ոչ թե Սահմանադրական դատարանն է կամ Հրայր Թովմասյանը, այլ այն, որ մարդիկ երկրում ապրելու ու աշխատելու պայմաններ չունեն։

Նոր աշխատատեղեր Հայաստանում գրեթե չեն ստեղծվում։ Եվ որտեղի՞ց պիտի ստեղծվեն, երբ չկան ներդրումներ, երբ նոր ծրագրեր գրեթե չեն իրականացվում, գործարաններ ու արտադրություններ չեն բացվում։ Ու դրա մեղավորը ոչ թե ՍԴ-ն է կամ ՍԴ անդամները, այլ իշխանությունը։

Կարծես երկրում ամեն ինչ փայլուն էր, հիմա էլ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Գնահատե՞լ է արդյոք կառավարությունը, թե ինչպիսին է լինելու դրա տնտեսական հետևանքը։ Առավել ևս՝ այն պարագայում, երբ առկա են բազմաթիվ հարցեր իրավական հարթության մեջ։

Փաստ է, որ ցանկացած նման համապետական միջոցառում չի կարող անհետևանք լինել տնտեսության համար։ Այն որոշակի սպասումներ է ձևավորում տնտեսության մեջ, մարդիկ հետաձգում են իրենց մտադրություններն ու ծրագրերը։

Ավելորդ է նույնիսկ ասել, թե դա ինչպես է ազդում ներդրումների, հատկապես՝ արտաքին ներդրումների վրա։ Նման դեպքերում պոտենցիալ ներդրողները սովորաբար մի կողմ են քաշվում։ Եթե նույնիսկ չեն էլ հրաժարվում իրենց մտադրություններից ու ծրագրերից, ապա առնվազն հետաձգում են՝ մինչև իրավիճակի հանգուցալուծումը։

Եվ սա՝ այն պարագայում, երբ առանց այդ էլ Հայաստանի տնտեսությունն աչքի չի ընկնում ներդրումային գրավչությամբ։ Ուղղակի ներդրումները կրճատվում են։ Օտարերկրյա կապիտալը մի բան էլ դուրս է գալիս երկրից։

Ներդրումներ չլինելու համար կառավարությունը ժամանակին մեղադրում էր նախկին Ազգային ժողովին։ Բայց այնքան ժամանակ, քանի դեռ տեղի չէին ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններն ավարտվեցին, նոր խորհրդարանը ձևավորվեց՝ ինչպես որ հարկն էր, իսկ իշխանությունները մոռացան ներդրումների մասին։

Ավելի քան մեկ տարի է անցել Ազգային ժողովի ընտրություններից, բայց ներդրումներ էլի չկան։ Չի բացառվում, որ հանկարծ պարզվի՝ հիմա էլ մեղավորը ՍԴ-ն է։

Ենթադրվում է, որ առաջիկայում հանրաքվեի հետ կապված՝ ներքաղաքական լարվածությունը երկրում խորանալու է։ Չնայած իշխանափոխությունից հետո այն երբեք էլ չի վերացել։ Նիկոլ Փաշինյանն անընդհատ լարվածության նոր օջախներ է ստեղծում՝ նախկիններին իրենց տեղը հիշեցնելու ու սպառնալիքներ տեղալու համար։ Առավել ևս՝ հիմա դրա համար շատ լավ առիթ է ստեղծվել։

Ի վերջո, հասարակության տրամադրությունները բարձր պահելու իշխանության հիմնական զենքը դարձել է նախկիններին հազար ու մի մեղքերի մեջ մեղադրելը։ Չնայած այդ մեղադրանքներն այդպես էլ չեն հաստատվում։

Այսքան ժամանակ հայտարարված աղմկահարույց որևէ գործով դատավճիռ չի կայացվել։ Ու դժվար է նույնիսկ ասել՝ երբևէ կկայացվի՞, թե՞ ոչ։ Այն, ինչ տեղի է ունենում այսքան ժամանակ, խիստ մշուշոտ է դարձնում նման հեռանկարը։ Բայց դա հաստատ չի խանգարի, որպեսզի իշխանությունը Սահմանադրության փոփոխությունների քարոզարշավը վերածի նորի ու հնի միջև անհաշտ պայքարի։ Կարևոր չէ, որ ներքաղաքական այդ լարվածության հետևանքները «վայելելու» է, առաջին հերթին, տնտեսությունը։

Առաջիկա առնվազն 2 ամսում դժվար է սպասել, որ տնտեսության նկատմամբ հետաքրքրություններ կդրսևորվեն, այդ թվում՝ ինչպես ներսից, այնպես էլ՝ դրսից։ Իսկ թե ինչպիսի՞ն կլինի իրավիճակը 2 ամիս անց՝ կախված է հանրաքվեի արդյունքներից։ Թեև այնպես չէ, որ հանրաքվեից հետո ամեն ինչ ընկնելու է իր տեղը։ Ընդհակառակը՝ ինչ լինելու է, լինելու է հանրաքվեից հետո։ Ու դեռ պարզ չէ, թե այդ գործընթացն ուր է տանելու երկիրը։

Ամենաշատը, որ ցանկալի չէ տնտեսության համար, անորոշությունն է, քաղաքական լարվածությունն ու անկայունությունը։ Այսօր կրկին այդ բոլորը կանգնած են Հայաստանի տնտեսության դիմաց։ Մնում է սպասել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան։

Մի բան հստակ է՝ իշխանությունները գնում են ոչնչի առաջ կանգ չառնելու ճանապարհով։ Իսկ հետևանքները կարծես այնքան էլ չեն կարևորվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ