05  12  2019

Սպորտն ինձ համար կենսակերպ է, դրա մեջ մեծ դեր ունի հայրս․ Լևոն Քոչարյան․ Փաստ

Սպորտն ինձ համար կենսակերպ է, դրա մեջ մեծ դեր ունի հայրս․ Լևոն Քոչարյան․ Փաստ

«Փաստ»-ը գրում է․ «Լևոն Քոչարյանին կարող ենք հանդիպել մրցաշարերի ժամանակ և բոլոր այն հավաքույթներում, որոնք կապ ունեն սպորտի հետ: Բավականին խառը և ծանր ժամանակներ ապրող երիտասարդը չի անտեսում իր հիմնադրած «Ուժային եռամարտ»-ի ֆեդերացիայի գործերը, որի նախագահը հենց ինքն է: 

Past.am-ը հանդիպեց սպորտսմեն, ՀՀ երկրորդ նախագահի որդու, հայտնի երգչուհի Սիրուշոյի ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ:  Զրույցը ներկայացնում ենք ստորև՝ 

- Լևոն, ո՞ր տարիքից եք զբաղվել սպորտով:

 - Սպորտով սկսել եմ զբաղվել 9-10 տարեկանից, երբ դրա հնարավորությունը ընձեռնվեց արցախյան պատերազմից հետո: Սկզբում հաճախել եմ կարատեի խմբակ Ստեփանակերտում, համեմատաբար երկար տարիներ զբաղվել եմ սպորտային մարմնամարզությամբ, զուգահեռ լող, շախմատ, նաև ըմբշամարտ, ավելի մեծ տարիքում ուժային եռամարտ:

 - Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահն եք, քանի՞ տարի է այն գործում: 

- Ուժային եռամարտի ֆեդերացիան գրանցվել է 2017 թ հունվարից, անցկացնում ենք Հայաստանի առաջնություններ, լավագույն արդյունքներ ունեցող մարզիկներին ուղարկում են արտերկիր միջազգային առաջնություններին մասնակցելու: 

- Այս տարի ի՞նչ հաջողություններ եք գրանցել:

 - Այս տարի մասնակցեցինք Եվրոպայի գավաթի առաջնությանը Բելորուսիայում, որտեղ բավականին հաջող հանդես եկան մեր մարզիկները, մասնակցում էի նաև ես: Մեդալների քանակը չեմ հիշի այս պահին, մեր պաշտոնական էջում կա դրված: Թիմային հաշվարկով երկրորդ տեղն ենք զբաղեցրել:  Հետո «Առնոլդ Կլասիկին» մասնակցեցինք Բարսելոնայում՝ մի մարզիկով, նա զբաղեցրեց երրորդ տեղը` բրոնզե մեդալ վերցրեց: Բավական հեղինակավոր սպորտային միջոցառում է, ուր տարբեր սպորտաձևեր են ներկայացված` այդ թվում «Ուժային եռամարտը»:

 Արդեն մի քանի տարի է սեղմում հենարանից վարժությունը անցկացվում է Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ, որը հիմնել և գլխավորում է Սարգիս Ստեփանյանը: Համատեղ ունեցել ենք երկու մրցույթ, որի արդյունքները գոհացուցիչ են եղել, դրանք անցկացվել են միջազգային չափանիշներին համապատասխան: 

- Ձեզ համար սպորտը կենսակերպ է, թե՞ բիզնես: 

-Սպորտը ինջ համար կենսակերպ է, դեռ մանկուց: Դրա մեջ մեծ դերակատարություն ունի հայրս: Այն պահից սկսած, երբ հիմնեցինք ֆեդերացիան, սպորտը դարձավ նաև պատասխանատվություն: Բիզնես չէ ՛ : 

 - Նշանաբան կա՞, որը միշտ օգտագործում եք մրցույթներից առաջ: 

- Որևէ նշանաբան չկա, ինքս սնահավատ չեմ: 

- Ըստ իս հայ երիտասարդության մեծ մասը ալարկոտ է, սեփական մարմնի հանդեպ անտարբեր, համաձայն ե՞ք: 

- Մասամբ համաձայն եմ ձեր կարծիքի հետ, որ ալարկոտ են, բայց կարծում եմ դրական փոփոխություն կա և շատ կարևոր է մեր ընտանիքներում երեխաների համար լինենք ճիշտ օրինակ` առողջ ապրելակերպի, առհասարակ սպորտի առումով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ