03  10  2019

«Տղամարդկության» դեֆիցիտ՝ գործադիրում, օրենսդիրում, Ֆեյսբուքում․ «Հրապարակ»

«Տղամարդկության» դեֆիցիտ՝ գործադիրում, օրենսդիրում, Ֆեյսբուքում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Տիկինը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները»։ Սա «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի արտահայտությունն է՝ ուղղված ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին։ Սրանով Անդրանիկ Քոչարյանն ապացուցում է, որ «Իմ քայլում» և իշխանական ճամբարում տղամարդկության լուրջ դեֆիցիտ կա։ 

Իսկ ի՞նչ է ասել Արփինե Հովհաննիսյանը․ նա մի հարցազրույցում դիտարկում է արել, որ եթե կասկածի տակ են դրվում, օրինակ, նախորդ տասը տարիներին իշխանության եղած տարբեր պաշտոնյաների գույքի օրինականության հարցը, ինչո՞ւ դրանից առաջ պաշտոն զբաղեցրածների գույքի օրինականությունն էլ չեն ստուգում, պայմանական ասած՝ հենց նույն Անդրանիկ Քոչարյանի կամ Գագիկ Ջհանգիրյանի գույքը։ Այս արտահայտությունը Քոչարյան Անդոյին այնքան է վիրավորել, որ նա Արման Բաբաջանյանին պատկանող կայքին տված հարցազրույցում ի ցույց է դրել իր «տղամարդկության» ողջ ռեսուրսը՝ վիրավորելով Արփինե Հովհաննիսյանին, իսկ լրագրողը կամ խմբագիրն էլ որոշել են հենց այս արտահայտությունը դարձնել նյութի վերնագիր։Մյուս տգեղ ակնարկների մասին չենք էլ խոսում։ Պարզապես սրանով ակնհայտ է դառնում, որ ֆեյսբուքյան արշավներն ընդդիմության և կոնկրետ Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ հենց իշխանական ճամբարից են կազմակերպվում, որին ակտիվ մասնակցություն ունեն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը, արդարադատության նորելուկ նախարար Ռուստամ Բադասյանը, որն ի պատասխան Արփինե Հովհաննիսյանի քննադատություններին՝ մի էժան գրառում է կատարել՝ փորձելով ինքնահաստատվել մի կնոջ հաշվին, որը նաև իր դասախոսն է եղել։ Այսինքն՝ «տղամարդկության» դեֆիցիտը իշխանության բոլոր մարմիններում է՝ գործադիրում, օրենսդիրում, Ֆեյսբուքում․․․ 

Մի կողմ թողնենք՝ ով է Արփինե Հովհաննիսյանը և ինչ սխալներ է գործել։ Բայց իշխանության ներկայացուցիչները, որոնք, հավանաբար, հակադրվելու լուրջ փաստարկներ չունեն, որոշել են անցնել բարոյականության բոլոր սահմանները՝ կենդանի ու մեռած մարդկանց դագաղներն ու անկողինները մտնելով, նրանց ծնողներին, ընտանիքի անդամներին վարկաբեկելով։ Նիկոլ Փաշինյանի թիմն այս մեկուկես տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի կառուցել, բայց հասցրել է քանդել մարդկային հարաբերություններում բոլոր կամուրջները, ոչնչացնել արժեքներ, խաչ քաշել սրբությունների և տասնամյակներով ձևավորված արժեհամակարգերի վրա։Եվ Անդրանիկ Քոչարյանը, որը մոտ 60 տարեկան տղամարդ է՝ բեղերով, սպիտակ մազերով, այսօր իրեն թույլ է տալիս իջնել այնքան, որ մտնի իր զավակների տարիքի Արփինե Հովհաննիսյանի անձնական կյանք, ընտանիք, հասնի նրա ծնողներին, որպեսզի հնարավորինս մեծ ցավ պատճառի։ Ինչպես ասում են՝ գոնե տարիքիցդ ու մազերիցդ ամաչիր։ ՀՀԿ-ականները որքան էլ «գող ու թալանչի» լինեին, գոնե իրենց հրապարակային խոսքում ավելի տղամարդավարի էին իրենց պահում՝ կնոջը չէին վիրավորում, ընտանիքին, ծնողներին ու մյուս սրբություններին չէին դիպչում։ Եվ ամենացավալին այն է, որ իշխանական մեծ թիմում չեղավ մեկը, որ բարձրաձայն մեղադրեր ու դատապարտեր Քոչարյան Անդոյի արարքը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ