20  09  2019

Ինչո՞ւ է կառավարությունը որոշել պատժել տնտեսությանը․ 168.am

Ինչո՞ւ է կառավարությունը որոշել պատժել տնտեսությանը․ 168.am

168․am-ը գրում է․ «Կառավարությունը հպարտանում է, որ պատրաստվում է 56 մլրդ դրամ ԱԱՀ ժամկետանց պարտք վերադարձնել տնտեսվարողներին, ինչը հեղափոխական քայլ է համարում տնտեսության համար։ Բայց ոչինչ չի ասում այն մասին, որ ամիսներ շարունակ պատժում է տնտեսությանը` զրկելով փողից։ Հիմա դա հեղափոխակա՞ն, թե՞ հակահեղափոխական քայլ է։

Երբ բյուջեի եկամուտները գերազանցում են ծախսերը, դա ուղղակի հարված է տնտեսությանը։ Սա պարզ ճշմարտություն է և հայտնի իրողություն։ Ու չնայած դրան, կառավարությունը ճիշտ այդպես էլ անում է. հավաքում է եկամուտները, բայց ծախսերը չի կարողանում ժամանակին կատարել։

Խոսքն առաջին հերթին՝ կապիտալ ծախսերի մասին է։ Բայց այնպես չէ, որ մյուս ծախսերը կարևոր չեն։ Եթե նույնիսկ դրանց գծով կան խնայողություններ, ապա խնայողությունները պետք է հնարավորինս արագ վերածել ծախսերի, և ոչ թե՝ ամիսներով քնացնել գանձապետարանի հաշիվներին կամ դեպոզիտ դնել Կենտրոնական բանկում։ Դա ամենևին էլ փողը ռեալիզացնելու լավագույն տարբերակը չէ։

Այս տարվա առաջին 7 ամիսների տվյալներով՝ պետական բյուջեի հավելուրդը կազմել է ավելի քան 103 մլրդ դրամ։ Այսինքն` բյուջեի եկամուտներն այդքանով գերազանցել են ծախսերը։ Դրանք հիմնականում հարկային եկամուտներն են, որոնք դուրս են եկել տնտեսությունից։

7 ամսում բյուջեի եկամուտները կազմել են 884 միլիարդ, ծախսերը` 777 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ պետք է հակառակը լիներ` ծախսերը գերազանցեին եկամուտները։ Այդպես է պլանավորված պետական բյուջեն, և այն ունի իր տրամաբանությունը. դա միջոց է բյուջեի դեֆիցիտի կամ հավելյալ գումարների հաշվին տարբեր տնտեսական ծրագրեր իրականացնելու, ենթակառուցվածքներ ստեղծելու և զարգացնելու` տնտեսության համար լրացուցիչ խթաններ ձևավորելու համար։

Փոխարենը այդպես վարվելու` կառավարությունը հակառակ ճանապարհով է գնում։ Մի բան էլ՝ խոչընդոտներ է ստեղծում տնտեսության համար։ Գուցե միտումնավոր կամ հատուկ չի անում։ Գուցե շատ կուզեր, որ այդպես չլիներ։ Բայց այդպես է։ Ու դրա մեղավորը կառավարությունն է, որը չի կարողանում ճիշտ կազմակերպել աշխատանքները և ժամանակին իրականացնել նախատեսված ծրագրերը։

«2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 107,3 մլրդ դրամ հավելուրդով՝ ինն ամիսների համար ծրագրված 130 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18,1 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Բյուջեի հավելուրդը հիմնականում պայմանավորված է եկամուտների համեմատ ծախսերի ավելի ցածր կատարողականով, որի արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցների` ինն ամսում ծրագրված 91 մլրդ դրամ օգտագործման դիմաց, դրանք ավելացել են 124.9 մլրդ դրամով, իսկ արտաքին աղբյուրներից ներգրավվել է նախատեսված վարկային միջոցների 22,1 տոկոսը»,- արձանագրել է Ֆինանսների նախարարությունը։

Անկախ նրանից, թե ինչի՞ հետևանք է բյուջեի եկամուտներում և ծախսերում առաջացած ահռելի տարբերությունը, դա որևէ կերպ չի բխում տնտեսական հատվածի շահերից։ Եկամուտների ավելացումը, անշուշտ, լավ է, հատկապես, երբ դրանք բերվում են ստվերից, բայց շատ վատ է, որ կառավարությունը չի կարողանում դրանց հաշվին ծախսեր անել։

Ծախսերի կատարումն իշխանափոխությունից հետո լուրջ խնդիր է դարձել կառավարության համար։ Վնասները սրանից ավելի շատ են, քան, եթե այդ գումարները մնային թեկուզ ստվերում, բայց տնտեսության մեջ։ Ինչքան էլ ստվերային տնտեսությունը վատ է, այնուհանդերձ այդտեղ պտտվող գումարներն այս կամ այն կերպ մասնակցում են տնտեսական գործընթացներին։

Հիմա կառավարությունը կրճատվել է ստվերը, գումարները հանել է տնտեսությունից, սակայն պատրաստ չէ ծախսերի տեսքով դրանք վերադարձնել։ Ու դա այսօր լուրջ խնդիր է դարձել տնտեսության համար։ Գոնե լավ է, որ ամիսներ հետո կառավարությունը, ի վերջո, սկսել է գիտակցել իր թերացումը. «Մենք կապիտալ ներդրումների ծավալների ժամկետների տեմպի հետ կապված խնդիր ունենք»։ Գուցե դժվար է հավատալ, բայց սա ասում է վարչապետը, որը սովորաբար տեսնում է միայն իր կառավարության ձեռքբերումները։

Դրա ուղղակի հետևանք է նաև արտաքին պետական պարտքի կրճատումը։ Արտաքին աղբյուրներից ներգրավվող միջոցները հիմնականում ուղղվում են պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը և հավելյալ ծախսերի իրականացմանը։

«2019թ. օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Իհարկե, պետական պարտքի նվազումն ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ: Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետև համակարգը սովոր է աշխատել այլ՝  հայտնի կանոններով»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Իսկ թե ինչո՞ւ անցած մեկուկես տարում կառավարությունը չի վերացրել այդ հայտնի կանոնները, և, թե դա ի՞նչ հետևանք է ունեցել տնտեսության վրա, վարչապետը չի շտապում ասել։ Փոխարենը՝ դա սկսել է անհանգստացնել տնտեսագետներին։

«Տարբեր առիթներով խոսել եմ տնտեսական զարգացումների մասին՝ մատնանշելով նաև այն կարևոր խնդիրները, որոնց պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը: Այդ խնդիրների շարքում մեծ կարևորություն ունեն կապիտալ ծախսերի շարունակական թերակատարումները, որի հետևանքները տնտեսության համար ցավոտ են լինելու»,- այս մասին վերջերս գրել էր ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Նրա կարծիքով` կառավարության կապիտալ ծախսերի կատարման գծով խիստ պահպանողական վարքագիծը տուգանելու է տնտեսական աճը: Ու դա լինելու է՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ՝ երկարաժամկետ հատվածում։ Կարճաժամկետում կապիտալ ծախսերի թերակատարումը բերելու է նաև գործազրկության աճի և աշխատավարձերի նվազման կամ աճի տեմպի զսպման, երկարաժամկետում` նվազեցնելու է արտադրողականությունը, և բացասաբար կազդի արտահանման վրա:

«Ներկա իրավիճակում կառավարության «ոչ ծախսող» քաղաքականությունը երբեմն ներկայացվում է՝ որպես դրական ձեռքբերում. Դա ինչ-որ տեղ ճիշտ կլիներ, եթե լինենք կարճատես և դատողություններ անենք միայն ընթացիկ տարվա համար: Իրականում հեռատես տնտեսական քաղաքականությունը պահանջում է, որ կապիտալ ծախսերի թերակատարումն ահազանգ հնչեցնի կառավարությանը՝ իրավիճակն արագ շտկելու համար: Ճիշտ չէ այն տեսակետը, որ կապիտալ ծախսեր չանելով և դրա հաշվին փող խնայելով` պարտք/ՀՆԱ ցուցանիշը շարունակական բարելավում ենք: Միգուցե սա ճիշտ է մեկ տարվա համար, սակայն կապիտալ ծախս չանելով՝ երկարաժամկետում վտանգելու ենք նաև պարտք/ՀՆԱ ցուցանիշի բարելավման շարունակական գործընթացը, քանի որ թուլացնելու ենք տնտեսական աճի ներուժը»,- ահազանգում է ֆինանսների նախկին նախարարը։

Հետևությունը թողնում ենք կառավարությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ