13  07  2019

Իշխանությունները ծավալապաշտական հովերով են տարված․ «Փաստ»

Իշխանությունները ծավալապաշտական հովերով են տարված․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Պետական իշխանությունը հասարակու­թյան կառավարման միջոց է: Շատ հաճախ «պետական իշխանություն» և «պետություն» հասկացությունները նույնացվում են, սակայն երևի թե գոնե բարձր դասարանների աշա­կերտներին էլ պիտի պարզ լինի, որ դրանք տարբեր բաներ են: Եթե պետական իշխանու­թյունը հասարակության կառավարման միջոց է, ապա պետությունը՝ հասարակության կազ­մակերպման ձև է:

Նշենք նաև, որ պետական իշխանությունն ու հանրային իշխանությունը նույնպես չեն նույնանում, սակայն սերտորեն կապված են միմյանց: Երկրորդն ավելի լայն հասկացություն է, քանի որ ներառում է հասարակության կառավարման բոլոր միջոցները, այդ թվում՝ պետական իշխանությունը: Ժողովրդավարական ավանդույթներ ունե­ցող երկրներում պետական ապարատը և ընտրությունների միջոցով իշխանության եկած կուսակցությունը՝ իշխող կուսակցու­թյունը, հստակորեն տարանջատված են: Իշ­խող կուսակցության կադրերը զբաղեցնում են կառավարության քաղաքական պաշտոն­ները և ուղղորդում են պետության զարգաց­ման ուղին, վարում արտաքին ու ներքին քաղաքականությունը, սակայն չեն միջամ­տում հաստատությունների բնականոն աշ­խատանքներին և չեն ազդում նրանց կադ­րային քաղաքականության վրա, իսկ պետծառայողների իրավունքները պաշտպան­ված են իշխող կուսակցությունների հնարավոր կամայականություններից:

Օրերս լուր տարածվեց, որ իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ ԱԺ Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախա­գահ Արման Եղոյանը, իր խոսքում մի հե­տաքրքիր դիտարկում է արել, ըստ որի՝ գոր­ծող իշխանություններն առաջիկա 40 տարիների ընթացքում լինելու են ՀՀ կառավար­ման հիերարխիայում:

Ինչ խոսք՝ սա բավականին մեծապետա­կան և իշխանություններին բնորոշ հռետորաբանություն է, երբ իշխանության գտնվող ուժերն իրենց դուրս են դնում բուն իշխանու­թյունից և տարվում ծավալապաշտական հո­վերով: Սա՝ իմիջիայլոց: Եղոյանը երեկ հերքեց, թե նման բան է ասել. «Ոչ, դա չի համա­պատասխանում իրականությանը: Նման պնդում անել որևէ մեկը չի կարող, նույնիսկ բռնապետական իշխանությունը չի կարող նման պնդում անել, ուր մնաց՝ ժողովրդավա­րական»: Սակայն, եթե անկեղծ լինենք, իշ­խանության որոշ ներկայացուցիչների պահ­վածքը ցույց է տալիս, որ նրանք հենց այդ­պես էլ մտածում են: Ի դեպ, չի բացառվում, որ նման «սլիվով» (ըստ Եղոյանի՝ կեղծ) իշ­խող կուսակցությունը փորձ է անում դաշ­տում թեսթ անել՝ ստուգում իրականացնել, թե այն ինչպես կընկալվի հասարակության կող­մից...

Վերջում հավելենք, որ հեղափոխությունից անցել է մեկ տարուց ավելի, և կարող ենք փաստել, որ իշխանությունները չունեն որևէ օրակարգ ոչ տնտեսության զարգացման, ոչ արդարադատության ու Սահմանադրության բարեփոխման, և ոչ էլ այլ ոլորտների վերա­բերյալ: Դժվար է ասել, թե նրանք որքան կգո­յատևեն կառավարական բուրգի գագաթին, ըստ էության' մինչև կգտնվի այլընտրանք, որն ազատ ընտրությունների արդյունքում կփոխարինի այս իշխանություններին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ