10  07  2019

Աղմկահարույց գործերը պատուհաս են դարձել քննիչների գլխին․ «Ժողովուրդ»

Աղմկահարույց գործերը պատուհաս են դարձել քննիչների գլխին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է այն մասին, որ նախաքննական մարմինները մի շարք աղմկահարույց քրեական գործեր քնեցրել են քննչական բաժիններում եւ կոնկրետ գործողություններ չեն կատարում:

Ըստ իրավապահ համակարգում տարածված տեղեկությունների` կա՛մ իրավապահները գործը գաղտնի են քննում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով անցնող մեղադրյալները պատրաստ են վերականգնել պետության վնասը եւ անաղմուկ «հեռանալ», կա՛մ կոնկրետ քրեական գործերով հայտնի պաշտոնատար անձինք երկրում չեն, եւ նրանց փնտրում են: Ահա հենց այսպիսի իրավիճակներն էլ քննիչներին կանգնեցրել են խնդրի առջեւ, եւ չգիտեն` կասեցնեն, թե կարճեն հարուցված գործերը:

Տեխզննության ինստիտուտի բացերը. «Ժողովուրդ»

Այսպիսով, թերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրերս հանդիպում է ունեցել նախաքննական մարմինների ղեկավարների հետ եւ նրանց հորդորել հանձնարարականներ տալ քննչական վարչությանը, որպեսզի ի մի բերեն իրենց վարույթներում գտնվող քրեական գործերը ու կոնկրետ որոշումներ կայացնեն:

Բանն այն է, որ հեղափոխությունից հետո մեծ շուքով հայտարարվեցին մի շարք հանցանքների մասին, սակայն հիմա դրանց բացահայտումները ուղղակի դարձել են պատուհաս քննիչների գլխին: «Ժողովուրդ» օրաթերթը դատախազի հանդիպման մասին տեղեկությունը պարզելու համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան` հայտնեցին. «Նախաքննական մարմինների ղեկավարների հետ ՀՀ գլխավոր դատախազի որեւէ տեսակի փակ կամ գաղտնի հանդիպում չի եղել, եւ այդ մասով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Սակայն տարբեր ձեւաչափերով ՀՀ գլխավոր դատախազի եւ նախաքննական մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպումների ընթացքում, ինչպես նաեւ հսկող դատախազի եւ քննիչի կողմից կոնկրետ քրեական գործերի համատեղ քննարկման ժամանակ մշտապես բարձրացվում է ինչպես քննչական եւ դատավարական գործողությունների ամբողջությունն ապահովելու, այնպես էլ քննությունները ողջամիտ ժամկետներում ավարտելու անհրաժեշտության հարցը:

Ըստ անհրաժեշտության` այդ նպատակներով կիրառվում են նաեւ դատախազական ներգործության համապատասխան միջոցներ»:

Այսպիսով, հաստատվեց մեր տեղեկությունը՝ քննվող գործերը ողջամիտ ժամկետներում ավարտելու անհրաժեշտությամբ թելադրված հանդիպման մասին: Մնում է` սպասենք արդյունքների»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ