18  06  2019

Ինչո՞ւ է լռում Հայ ազգային կոնգրեսը․ «168 Ժամ»

Ինչո՞ւ է լռում Հայ ազգային կոնգրեսը․ «168 Ժամ»

«168 Ժամ» գրում է․ «Հայտնի է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով բոլոր բողոքները քննելու է միևնույն դատավորը՝ Արմեն Դանիելյանը, ով, ի դեպ, փաստաբանների վարկածով ճանաչվել էր նախորդ տարվա վատագույն դատավոր:

Հունիսի 12-ի դատական նիստում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Քոչարյանի և մյուսների գործով Դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանին։

Պաշտպանի խոսքով՝ դատարանի աշխատակազմը չի մեկնաբանել, թե ինչպես են Մարտի 1-ին առնչվող բոլոր բողոքները մակագրվել նույն դատավորին՝ Դանիելյանին:

«Մինչ այժմ Քոչարյանի գործով բազմաթիվ բողոքներ են բերվել, և որևէ դեպք չի եղել, որ բողոքը քննի այնպիսի դատավոր, որին նույն գործով մեկ այլ բողոք է մակագրված եղել։ Կասկածելի է դատախազ Պետրոս Պետրոսյանի ներկայացրած բողոքները Ձեզ մակագրելը»,- ասաց Ալումյանը:

Ըստ պաշտպանի՝ Արմեն Դանիելյանն այն դատավորն է, ով, քիչ հավանական է, որ կհակադրվի Դատախազությանը:

Ռոբերտ Քոչարյանը միացել էր պաշտպանի ինքնաբացարկի միջնորդությանը:

«Այս գործով կան կասկածներ, և չափազանց կարևոր է, որ Դուք փարատեք դրանք՝ ինքնաբացարկ հայտնելով»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ առանց ինքնաբացարկի հնարավոր չէ փարատել դատավորի անաչառության վերաբերյալ կասկածները:

Հայտնի է նաև, որ դատավորը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը։

Իրավական և քաղաքական լայն շրջանակներն արդեն իսկ իրենց կարծիքը հայտնել են թե՛ տվյալ դատավորին, և թե՛ նշված բոլոր գործերը հենց նրան մակագրելուն, սակայն անհասկանալի լռություն է պահպանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունը։

Բանն այն է, որ 2012թ. նոյեմբերի 12-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դռնբաց դատական նիստում, քննության առնելով պաշտպանության կողմի` ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանի, ամբաստանյալներ Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի վերաքննիչ բողոքը` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.07.2012 թ. դատավճռի դեմ, Տիգրան Սամվելի Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Արտակ Վոլոդյայի Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, Սարգիս Ռուբենի Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և Դավիթ Հայկազի Քիրամիջյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.07.2012թ. դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ, իսկ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել:

Որպեսզի հասկանալի դառնա, թե խոսքն ինչի մասին է, հիշեցնենք, որ սույն դատավճիռը վերաբերում էր ՀԱԿ ակտիվիստների դեմ կայացված դատավճռին, որով վերջիններս մեղադրվում էին այն բանում, որ ամբաստանյալներից Տիգրան Առաքելյանը 2011 թվականի օգոստոսի 9-ին, ժամը 21-ի սահմաններում, Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 42 շենքի մոտ Արտակ Վոլոդյայի Կարապետյանի հետ միասին իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող` Տերյան փողոցում պարեկային ծառայություն իրականացնող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Վոլոդյա Գրիգորյանի և Դավիթ Մելիքյանի նկատմամբ` կապված նրանց կողմից իրենց ծառայական պարտականությունները կատարելու հետ, գործադրել են նրանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` Տիգրան Առաքելյանը բռունցքով հարվածել է Դավիթ Մելիքյանի պարանոցին` վերջինիս պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ճանկռվածքի ձևով մարմնական վնասվածք, իսկ Արտակ Կարապետյանը քաշել պոկել է նրա ուսադիրն ու տարբերանշանը:

Այնուհետև՝ րոպեներ անց, Տիգրան Սամվելի Առաքելյանն ու Արտակ Վոլոդյայի Կարապետյանը, ձայների կապակցությամբ իրենց մոտեցած Սարգիս Ռուբենի Գևորգյանի, Սահակ Պետրոսի Մուրադյանի, Արեգ Ռուբենի Գևորգյանի, Դավիթ Հայկազի Քիրամիջյանի, Վահագն Հայկի Գևորգյանի և գործով չպարզված բազմաթիվ այլ անձանց հետ միասին Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 42 շենքի մոտ, որի հարևանությամբ գտնվում են զբոսայգի, բազմաթիվ սրճարաններ, մոտ 30 րոպե շարունակ անհարկի վիրավորել, ապա հայհոյել են իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցներին, որի ընթացքում վերջիններիս նկատմամբ գործադրելով բռնություն` քաշքշել, ձեռքերով և ոտքերով հարվածել են նրանց, որի արդյունքում ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Վոլոդյա Գրիգորյանը, Դավիթ Մելիքյանը, Տիգրան Ավետիսյանը, Հայկ Նաջարյանը, Վարուժան Գասկասյանը, Գևորգ Մկրտչյանը և Շահեն Հարությունյանը ստացել են առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Նրանք իրենց այդ գործողություններով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և արտահայտել բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության` անցորդների, հարակից շենքերի բնակիչների, սրճարանների հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, ինչը զուգորդել են ոստիկանության աշխատակիցների կանչով օգնության հասած՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող ոստիկանության մյուս աշխատակիցներին դիմադրություն ցույց տալով, միաժամանակ՝ դեպքի վայրին հարակից տարածքում հավաքված պատահական անցորդներին կոչեր անելով միանալ իրենց` ընդդեմ ոստիկանների:Իրենք՝ մեղադրյալները, և ողջ ՀԱԿ ակտիվը համարում էին, որ գործը շինծու է, և դրա համար էլ վերաքննիչ դատարան էին դիմել՝ բեկանելու առաջին ատյանի դատարանի որոշումը, սակայն վերաքննիչը փաստորեն անփոփոխ էր թողել այն։

 

Այս դատական ակտը, թերևս, որևէ բանով չառանձնանար, թեպետ ժամանակին ՀԱԿ-ի կողմից, իհարկե, մեծ աղմուկ էր բարձրացվել ու հասարակական հնչեղություն հաղորդվել դրան, եթե վերաքննիչ քրեական դատարանի՝ նիստը նախագահող դատավորն Արմեն Դանիելյանը չլիներ, իսկ դատավորներից մյուսն էլ՝ Լիլիթ Թադևոսյանը, նույն այն Լիլիթ Թադևոսյանը, ով 2018թ. նշանակվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, և ով Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018 թվականի օգոստոսի 13-որոշումը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության։

«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակիորեն, իսկ պաշտպանների բողոքը մերժվեց։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018 օգոստոսի 13-ի որոշումը բեկանել և գործ ուղարկել նոր քննության: Որոշումը ենթակա չէ բողոքարկման և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից», ասել էր Լիլիթ Թադևոսյանը:

Սակայն առավել ուշագրավ է այն, որ այն ժամանակ ցույցեր էին արվում, ՀԱԿ-ականները բողոքում էին որոշման դեմ, դատավոր Արմեն Դանիելյանին համարում ծախված, պատվեր կատարող ու ոչ կոմպետենտ դատավոր, իսկ այսօր որևէ հայտարարություն այդ մասին չի արվում։

Ժամանակին վարչապետի ներկայիս մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով 2012թ ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատուն էր, ՀԱԿ ակտիվիստների դեմ կայացրած վճիռները քաղաքական պատվեր էր համարում։

«Դատարանը չկարողացավ վեր գտնվել այդ պատվերից: Հասկանալի է, որ գործն ամբողջությամբ սարքված էր, որ առանց դնչկալի շուն էին ման ածում, և իբրև թե դա պատճառ դարձավ: Ափսոսանք եմ հայտնում, որ մեզանում քաղաքական բանտարկյալ ունենալու ավանդույթը, որը հիմնադրել է Սերժ Սարգսյանի ռեժիմը, և նման սարքված գործերը շարունակվում են Հայաստանում»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր նա:

Այս համատեքստում առավել տարօրինակ է, որ ՀԱԿ-ն այսօր որևէ կերպ դիրքորոշում չի հայտնում այն բանի վերաբերյալ, որ առնվազն տարօրինակ կերպով են «Մարտի 1»-ի գործով բոլոր բողոքները մակագրվել միևնույն դատավորին՝ Արմեն Դանիելյանին, ով նույն ՀԱԿ-ի կողմից 2012թ. անարգանքի սյունին էր գամվում։

ՀԱԿ-ի լռության միակ ենթադրելի պատճառն այն է, թերևս, որ նրանք այս դատավորից, ըստ երևույթին, սպասում են իրենց համար հաճո որոշում և չեն ուզում, որ ավելորդ աղմուկը ստվեր գցի նրա մարդկային և մասնագիտական նկարագրի վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ