15  06  2019

Պաշտոնյայի «պլանկան» ընկնում է, թերուսներինը՝ բարձրանում․ «Հրապարակ»

Պաշտոնյայի «պլանկան» ընկնում է, թերուսներինը՝ բարձրանում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Օրեցօր ավելի ու ավելի է ընկնում պետական գործի, պաշտոնյայի «պլանկան»։ Այսօր արդեն ով ասես կարող է հավակնել պետական բարձր պաշտոնի։ Մենք հանգիստ վերաբերվեցինք, երբ իրենց կյանքում ոչինչ չարած, ոչինչ չստեղծած, ոչ մի մարդ չղեկավարած մարդիկ դարձան հսկա համակարգերի ղեկավարներ։

Դա արդարացրինք նրանով, որ հեղափոխության պտուղները վայելում են հեղափոխություն իրականացրածները, եւ երիտասարդների խիզախությունը նաեւ պետք է պարգեւատրվի, ու որպես «ռազմավար»՝ նրանց հանձնեցինք մեր պետության ողջ կառավարումը։ Արդյունքում ընդամենը դասախոսական աշխատանքի փորձ ունեցող անձը դարձավ սուպերնախարար, 25-ամյա՝ լավ պապայի բալան՝ քաղաքապետ, տաքսու վարորդը՝ փոխքաղաքապետ եւ այսպես շարունակ։ Բայց եթե խելացի մարդիկ ենթադրում էին, որ նրանք իրենց առաջին գործը կհամարեին գիտելիքների պակասը լրացնելը՝ կսովորեին ու կխորհրդակցեին փորձառուների հետ, համեստ ու զգույշ քայլեր կանեին, որ ավերածություններ չանեին իրենց անփորձությամբ, պարզվեց՝ չարաչար սխալվում էին։

Ոչ թե թերուսների գիտելիքներն ու փորձառությունն ավելացան, այլ նրանցից ավելի թերուսներն ու անփորձները սկսեցին մտածել՝ եթե նա կարող է նախարար ու մարզպետ աշխատել, ես ինչո՞ւ չեմ կարող գոնե փոխնախարար ու պատգամավոր լինել, ինչո՞վ եմ նրանից պակաս։ Եվ աճեց ոչ թե պետական կառավարման իմացությունը, այլ հավակնությունների պլանկան բարձրացավ։ Երեկ մեր լրագրողների հետ զրույցում 2 նման հավակնոտ հայտարարություն էր արվել։

Ոչ մի տեղ երբեւէ չաշխատած ՔՊ-ականը որոշել է ոստիկանապետ դառնալ, իսկ իրավաբանությունից եւ պետական կառավարումից հեռու հասարակական գործիչը՝ արդարադատության նախարար։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ Աստված բարին անի, բայց այս ընթացքը մեզ ոչ մի լավ բան չի խոստանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ