22  05  2019

Տնտեսականը չհաջողվեց, անցնում ենք մյո՞ւս հեղափոխությանը․ «Հրապարակ»

Տնտեսականը չհաջողվեց, անցնում ենք մյո՞ւս հեղափոխությանը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Նախօրեին ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ «հեղափոխության երկրորդ՝ ամենակարեւոր փուլի մեկնարկի» մասին, տարակուսանքի տեղիք տվեց։ Չէ՞ որ ընդամենը ամիսներ առաջ հայտարարվել էր, որ սկսվում է տնտեսական հեղափոխության փուլը։ Ինչ է՝ տնտեսական հեղափոխությունը չհաջողվեց, անցնում ենք մյուս՝ դատակա՞ն հեղափոխությանը, թե՞ ուղղակի տնտեսական հեղափոխությունն անորոշ ժամանակով հետաձգվում է, առաջ է բերվում արդարադատության խնդիրը։

Հեղափոխության առաջնորդն այդ մասին ոչինչ չասաց։  Սակայն, դատելով այս օրերի իրադարձություններից, դատական հեղափոխությունն էլ հարթ չի ընթանում, եւ այստեղ էլ շուտով նահանջ կարձանագրենք, որովհետեւ հստակ ծրագիր չկա, իսկ դատարանների դռները փակելը ոչ միայն միջազգային հանրությունը, այլեւ մեր հասարակության գրագետ հատվածը եւս չի ողջունում,  դրա մեջ լուրջ վտանգներ է տեսնում։ Եվ անգամ անծանոթ տերմինների օգտագործումը՝ վեթինգ, անցումային արդարադատություն եւ այլն, վճռական հայտարարությունները՝ կոռուպցիայի դեմ պայքարելու, արդար եւ թափանցիկ դատական համակարգ ձեւավորելու, ժողովրդի դատական իշխանություն հաստատելու կամքի մասին, առանձնապես համոզիչ չեն եւ շատ բան չեն ասում հանրությանը։

Իսկ համաշխարհային հեղափոխությունների փորձն ուսումնասիրած մարդիկ այլ բան էլ են ասում՝ ինչ հեղափոխություններ էլ որ Հայաստանում իրականացվեն, ինչքան էլ կոռուպցիան արմատախիլ արվի, մշակութային ու հոգեւոր վերելք ապահովվի, հաջողելու միակ ճանապարհը տնտեսական հեղափոխությունն է, ավելի շուտ՝ երկրի տնտեսական վերելքը։ Եթե երիտասարդ իշխանությունները չկարողանան բեկում առաջացնել տնտեսության մեջ, ոչինչ չի փրկի նրանց։ Իսկ տնտեսական հեղափոխության գաղափարն անհամատեղելի է քրեական հետապնդումների ու էքսպրոպրիացիայի հետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ