13  04  2019

Իրական և ֆեյք արժեքներ կամ ֆետիշացված հեղափոխություն․ «168 Ժամ»

Իրական և ֆեյք արժեքներ կամ ֆետիշացված հեղափոխություն․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Երեկ Գյումրիի ավագանին որոշում է կայացրել 1 միլիոն դրամ հատկացնել Քաղաքացու օրը նշելու միջոցառումների կազմակերպման համար։ Որոշումն ընդունվել է միաձայն, առանց որևէ «դեմ» ձայնի։

Պետք է սպասել, որ առաջիկայում նմանատիպ որոշումներ կընդունեն հանրապետության այլ քաղաքներ ու գյուղեր ևս՝ յուրաքանչյուրը՝ իրեն համապատասխան չափով դրամական հատկացումներ կատարելով Քաղաքացու օրվա միջոցառումների կազմակերպման համար։ Խնդիրը, սակայն, գումարը չէ, թեև Հայաստանի աղքատ համայնքների դեպքում կարևոր են նաև ֆինանսական միջոցները։ Խնդիրն ավելի խորքային է և վերաբերում է իշխանության առաջնահերթություններին ու արժեքային համակարգին։

Գործող իշխանության համար հեղափոխությունը գերագույն արժեք է, ամեն ինչից վեր։ Հեղափոխությունը, ինչպես հայտարարել են շատ հեղափոխականներ, վեր է Արցախյան հաղթանակից, չի հայտարարվել, սակայն հեղափոխականների ընկալմամբ, թերևս, վեր է նաև Սահմանադրությունից, և, ինչո՞ւ ոչ՝ նաև պետությունից։

Հեղափոխության ֆետիշացման մասին են վկայում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտերկրյա այցերի ընթացքում հնչող ելույթները։ Նա գրեթե ամենուր հանգամանորեն ներկայացնում է թավշյա հեղափոխությունը՝ դա դարձնելով, ըստ էության, որպես Հայաստանի ապրանքանիշ։ Այդպիսին էր նաև Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), այն զգալի չափով նվիրված էր հեղափոխությանը։

Նույնիսկ այդ օրերի լուսանկարներով ցուցահանդես էին կազմակերպել ԵԽԽՎ սրահում։ Այս մոտեցման կամ քաղաքականության հիմքում ընկած է այն համոզումը, որ աշխարհը պետք է հուզվի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ ու արժանին մատուցի հեղափոխականներին՝ Հայաստանի գործող իշխանությանը։

Աշխարհը քաղաքավարությունից ելնելով, իհարկե, զմայլվում է հայկական հեղափոխությամբ, սակայն Հայաստանից սպասում է ոչ թե հեղափոխության մասին հուզիչ պատմություններ, այլ ծրագրեր ու առաջարկներ, որպիսիք գրեթե բացակայում են պաշտոնական ելույթներում։

Ինչ վերաբերում է Քաղաքացու օրվան, ապա այն, ամենայն հավանականությամբ, կնշվի մեծ շուքով, իշխանական կառույցներն ամեն ինչ կանեն միջոցառումների մարդաշատությունն ապահովելու և տոնին մասսայականության շունչ հաղորդելու համար։ Իշխանությունը բաց չի թողնի այդ առիթով հերթական տեսարանն ապահովելու հնարավորությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ