22  01  2019

Ինչ Է կատարվում ՊԵԿ-ում. «Հրապարակ»

Ինչ Է կատարվում ՊԵԿ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Պետական եկամուտների կոմիտեի շուրջը։ Մի կողմից խոշոր կրճատումներ են ընթանում, և 128 աշխատող է գործազուրկ դառնալու, ինչ-որ մարդկանց պաշտոններն են իջեցնում և տեղափոխություններ անում, բնականաբար՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Սակայն չեն դադարում համառ լուրերը, որ կրճատումներին զուգահեռ նաև նոր մարդիկ են աշխատանքի ընդունվում ՊԵԿ։

Այսինքն, որոշել են այս համակարգում ևս «սերնդափոխություն» անել, թեև հարկային-մաքսային ոլորտն այն համակարգն է, որտեղ փորձառու աշխատողներին պետք է խրախուսեին և փայփայեին։ Բայց սա էլ դեռ ոչինչ։ ՊԵԿ ստուգումների և քննությունների արդյունքներն են կասկածի տակ դրվում։ Երեկ, օրինակ, տեղեկացանք, որ մի քանի կազմակերպություն դիմել են դատարան՝ վիճարկելով իրենց նկատմամբ կիրառված ՊԵԿ սանկցիաները։ Հայցվորներից մեկը «Արարատցեմենտ» գործարանն է, որը հայց է ներկայացրել ՊԵԿ խոշոր հարկ վճարողների վարչության պետի դեմ, քանի որ համաձայն չէ ստուգումների արդյունքում կազմված ակտի հետ։

Առավել ուշագրավ է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության պարագան։ Առավոտյան ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «ՊԵԿ քննչական վարչության և ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ի ջանքերով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք՝ «Նաիրի ինշուրանս» ՍՊԸ-ն, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս»։ Շատ չանցած՝ ՍՊԸ-ն մի տարօրինակ հայտարարություն տարածեց․ «Պաշտոնապես հայտնում ենք, որ ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում որևէ անգամ չեն այցելել «Նաիրի ինշուրանս»՝ ստուգումներ իրականացնելու, և անհասկանալի է, թե ինչ չարաշահումների մասին է խոսվում, և ինչ փաստերի վրա է հիմնված ՊԵԿ հայտարարությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ