16  01  2019

Ինչո՞ւ և ինչից է անհանգստացած Փաշինյանը․ «7օր»

Ինչո՞ւ և ինչից է անհանգստացած Փաշինյանը․ «7օր»

7or.am-ը գրում է․  «Այս տարի առաջին անգամ վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան «լայվ» էր մտել: Նրա խոսքից պարզ դարձավ, որ անհանգիստ է:

Փաշինյանին մտահոգում են՝

1. իր և Սերժ Սարգսյանի, «Քաղաքացիական պայմանագրի» ու ՀՀԿ-ի նույնացումները,

2. առանց իր հրահանգի փողոց փակողները,

3. տնտեսության վատ վիճակը,

4. տեղեկատվական դաշտի ոչ վերահսկելի վիճակը,

5. հեղափոխական էյֆորիայի մարումը:

Փաշինյանը նյարդայնանում է, որ իր իշխանության դեմ և՛ փողոցում, և՛ տեղեկատվական դաշտում հիմա կիրառվում է այն նույն տեխնոլոգիան, որը նա կիրառել էր թերթի խմբագիր կամ ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ: Հիմա նա ամենահակահեղափոխական գործիչն է դարձել:

Վարչապետը զրահապատ մեքենայից արված իր «լայվի» օգնությամբ փորձում էր փաստարկներ բերել,

- որ ինքը նախկիններից տարբերվում է,

- որ իրենց կերած խաշը տարբերվում է ՀՀԿ-ականների կերած խաշից, քանզի իրենց կերածը ժողովրդական է, թավշյա ու ոչ բռնի,

- որ փողոց փակելն այժմ հակահեղափոխականություն ու առանց լիազորագրի գործունեություն է նշանակում,

- որ տնտեսության վիճակի շտկումն իր անելիքը չէ, այլ 800.000 թամբալներինը, որոնք պետք է աշխատեն ու իրենից բան չպահանջեն,

- որ իր վերահսկողությունից դուրս մամուլ չպետք է լինի,

- որ էյֆորիան չի մարել ու չպետք է մարի:

Թե որքանով այդ փաստարկները համոզիչ կլինեն հետզհետե նոսրացող հպարտ քաղաքացիների մոտ, առաջիկա ժամանակահատվածը ցույց կտա:

Ի դեպ, Փաշինյանը նախորդ իշխանություններից տարբերվելու մի ուշագրավ փաստարկ բերեց: Ասում է՝ նախկինները բյուջեն թալանում էին, իսկ հիմա այն չի թալանվում, ու հարկատուները պետք է պարտաճանաչ վճարեն:

Այո՛, նախկինում կասկած կար, որ բյուջեն թալանվում է, և կար համոզմունք, որ իշխանափոխությունից հետո թալանի դեպքերը կբացահայտվեն: Թալանի մասին ամենաբարձրը գոռում էր ընդդիմադիր Փաշինյանը, սակայն նրա՝ վարչապետ դառնալուց հետո որևէ քրեական գործ չկա հարուցված բյուջետային միջոցների թալանի մասով: Դա նշանակում է, որ նախկինում թալան չի եղել, ու, հետևաբար, Փաշինյանը պետք է ներողություն խնդրի ժողովրդից ու նախորդ իշխանություններից, որ սուտ բաներ է ասել: Կամ էլ՝ թալանը նախկինում, իրոք, եղել է, բայց հիմա ձայն չեն հանում այդ թեմայով, որովհետև փայ են մտել ու հիմա սկսել են իրենք թալանել: Կարճ ասած՝ թալանի մասով հստակություն է պետք՝ կա՛մ քրեական գործ, կա՛մ ներողություն: Երրորդ տարբերակով հաջորդ իշխանությունները կզբաղվեն»:

 

Կորյուն Մանուկյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ