26 03 2024

Լևոն Քոչարյանը Ժնևում ունեցած ելույթում մի շարք էական հանգամանքներ է շեշտադրել․ «Փաստ»

Լևոն Քոչարյանը Ժնևում ունեցած ելույթում մի շարք էական հանգամանքներ է շեշտադրել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի ժամանակ ունեցած ելույթում խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը բավականին տպավորիչ ելույթ է ունեցել՝ բարձրացնելով սեփական հայրենիքում ազատ ապրելու Արցախի հայության անկապտելի իրավունքներին վերաբերող խնդիրներ: Լևոն Քոչարյանը նախ՝ հիշեցրել է, որ վեց ամիս է անցել այն օրվանից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա և զավթել այն. 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ 10 ամիս տևած շրջափակումից հետո, որը հանգեցրեց զանգվածային սովի, զրկանքների, հիվանդությունների և մահվան, ավելի քան 120 000 հայ՝ գրեթե ողջ բնակչությունը, որը կանգնած էր ոչնչացման վտանգի առջև, ստիպված եղավ լքել իր հայրենիքն ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Լևոն Քոչարյանը Ժնևում ունեցած ելույթում շեշտադրել է մի շարք էական հանգամանքներ, մասնավորապես. «Չնայած դժվարություններին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու, իր քաղաքական ապագան որոշելու և սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հայերը բացարձակ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք: ՄԱԿ-ի Միջազգային դատարանը անցյալ տարվա նոյեմբերի 17-ին վճռել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի «անվտանգ, անարգել և առանց խոչընդոտների վերադարձը»:

Մարտի 12-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին «անկեղծորեն գնալ համապարփակ և թափանցիկ երկխոսության Ղարաբաղի հայերի հետ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ՝ իրենց տները վերադառնալու և այնտեղ ապրելու իրավունքը արժանապատիվ և անվտանգ պայմաններում»: Նա միանգամայն տեղին ընդգծել է, որ տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելը հնարավոր չէ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից, իսկ Հայաստանին հարկադրում են, այսպես ասած, «խաղաղություն»: Ըստ այդմ, միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալուն նպաստելը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության խթանման համար, և այդ հասկացությունը պետք է ներառվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեջ:

Ի լրումն նշված ընկալելի շեշտադրումների, այս ելույթը նաև զուգահեռ դիտարկումների որոշակի տեղիք է տալիս: Մասնավորապես, 2020-ի պատերազմից հետո, հատկապես ոչ իշխանական փորձագիտական և քաղաքական շրջանակները շարունակաբար շեշտում էին, որ Արցախի հարցը միջազգային հարթակներում, անկախ «երկակի ստանդարտներից» ու նման այլ հանգամանքներից, պետք է անընդհատ բարձրացնել, չհրաժարվել պահանջներից (Ադրբեջանի նկատմամբ) ու միջազգային իրավունքի վրա խարսխված հարցադրումներից: Մինչդեռ մենք տեսանք ու շարունակում ենք տեսնել, որ Հայաստանի անունից ներկայացող իշխանությունները սարսափում են Արցախի խնդրի մասին ծպտուն հանելուց անգամ: Թեպետ, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պահանջներ պիտի դնի մի իշխանություն, որը, իր ղեկավար Փաշինյանի գլխավորությամբ, բացեիբաց ու հրապարակավ հրաժարվել է հենց Արցախից:

Ավելին, այդ իշխանությունները պատրաստ են անգամ միջազգային դատարանից Ադրբեջանի դեմ ուղղված հայցերը «հետ կանչել», ինչի մասին ոչ մեկ անգամ գրվեց այս օրերին տարբեր լրատվամիջոցներում: Սա՝ այն պարագայում, որ նկատենք՝ «միջազգային հանրությունը» թե՛ անմիջականորեն պատերազմից հետո, թե՛ հաջորդած ժամանակահատվածում քանիցս որոշակի տեղ է ապահովել Հայաստանի համար, որպեսզի բարձրացվեն Արցախի խնդրին, Արցախի հայության իրավունքներին վերաբերող հարցերը: Հիշեցնենք, որ պատերազմից հետո անգամ Մինսկի խմբի հայտարարություն եղավ, որտեղ արծարծվում էր Արցախի կարգավիճակի քննարկման հնարավորությունը: Նմանապես, Ռուսաստանի ԱԳ նախարարն է մի քանի անգամ նշել, որ կարգավիճակի հարցը պետք է քննարկվեր հետագայում, իրավիճակի նորմալացումից հետո: Չհաշված արդեն, օրինակ՝ պատգամավորի ելույթում հիշատակված Միջազգային դատարանի որոշումը, Եվրախորհրդարանի բանաձևը:

Բայց ի՞նչ օգուտ, եթե Հայաստանը ներկայացնում է Արցախն ուրացած և ուրացող իշխանություն: Մի իշխանություն, որն իր «անելիքը» տեսնում է թշնամական սպառնալիքներով Հայաստանի քաղաքացիներին ահաբեկելու մեջ: Ինչևէ: Նման պայմաններում առավել ևս գնահատելի է, որ ընդդիմության ներկայացուցիչները միջազգային հարթակներում անհոգնել բարձրացնում են պահանջվող հարցադրումները, խոսում են ադրբեջանական իշխանությունների գործած ցեղասպանական ոճիրների մասին, Արցախի բնիկ ժողովրդի՝ հայության իրավունքների մասին: Հատկանշական է, որ ներքաղաքական կյանքում ընդդիմության ներկայացուցիչները բավականին հստակ գնահատականներ են տալիս Հայաստանում մոլեգնող հակաժողովրդավարական գործընթացներին, քաղաքական հետապնդումներին, իշխանության կողմից պարբերաբար ձեռնարկվող ռեպրեսիվ գործողություններին, թշնամու պահանջների առջև իշխանությունների զիջողականության պատրաստակամությանը և այլն:

Սակայն «դրսում» փորձում են անել այն գործը, որն առաջնահերթ պարտավոր էր անել հենց օրվա իշխանությունը: Այսինքն, եթե «օրվա իշխանությունը» սևեռված է գերազանցապես իր գործունեությունն ինքնանպատակ երկարաձգելու, իշխանությունը պահելու վրա, ապա ընդդիմությունն, ըստ հնարավորության, միջազգային հարթակներում բարձրացնում է պետության շահերից բխող ու ժողովրդի տրամադրություններն արտահայտող հարցադրումներ: Ընդ որում, խոսքը միայն մեջբերյալ օրինակի մասին չէ: Ասվածի վկայությունները շատ են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ