07 03 2024

Կփոխվի հայկական զինված ուժերի համազգեստը. «Ժողովուրդ»

Կփոխվի հայկական զինված ուժերի համազգեստը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բոլոր փորձագետների կանխատեսմամբ՝ Հայաստանի գլխին կախված է պատերազմի վտանգը, եւ իշխանությունները, պատերազմին պատրաստվելու փոխարեն, առավել լուրջ գործով են զբաղված. պատրաստվում են փոխել ՀՀ զինված ուժերի ծառայողների համազգեստի ձեւը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը Եվրոպայի, ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայի հետ ծավալվող եւ նոր զարգացող հարաբերությունների շրջանակում փորձում է, որպես ռազմական աջակցություն, փոխել հայոց բանակի զինծառայողների համազգեստը։

Պատճառն այն է, որ երկար ժամանակ է, ինչ ՊԲ համազգեստները չեն փոխվել, եւ դրանք դարձել են հեշտ հասանելի յուրաքանչյուրի համար։

Պաշտպանության բանակի համազգեստի փոփոխման համար ներդրվելու է ֆրանսիական մոդելը, որը, ըստ որոշ լուրերի, նման չի լինելու նախկին համազգեստին եւ՛ արտաքնապես, եւ՛ որակապես։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց Պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե ինչ է քննարկվում ՊՆ համազգեստների փոփոխման վերաբերյալ ֆրանսիական կողմի հետ, եւ ինչ գործընթացներ են իրականացվել։
Պաշտպանության նախարարությունից մեզ պատասխանել են. «Դեռեւս շարունակվում են գործընկեր երկրների դաշտային համազգեստների ուսումնասիրման աշխատանքները։ Ուսումնասիրման արդյունքում ընտրված նմուշի ձեռք բերման նպատակով օրենքով սահմանված ընթացակարգով կհայտարարվի մրցույթ։ Մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերին կից ժամանակացույցով մատակարարվելիք խմբաքանակներից հնարավոր կլինի հատկացնել ՀՀ ԶՈՒ անձնակազմին»։

Ստացվում է, որ նպատակը կա, սակայն վերջնարդյունքը հեռու ապագայում դեռ հորիզոնում չի երեւում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ