20 02 2024

ԵԱՏՄ-ից եկող բեռները մաքսազերծվելո՞ւ են․ «Հրապարակ»

ԵԱՏՄ-ից եկող բեռները մաքսազերծվելո՞ւ են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բեռնափոխադրումներով զբաղվող մի քանի կազմակերպությունների ղեկավարներ ու անհատներ մեզ ահազանգել են, որ իրենց բեռնատարները մի քանի շաբաթ է՝ կանգնած են «կարգոներում», եւ իրենք որեւէ կերպ թույլտվություն չեն կարողանում ստանալ, որ դրանք տանեն։

Մեզ ասացին, որ նախկինում ԵԱՏՄ տարածքից առանց մաքսատուրք վճարելու բեռնատարները մտնում էին Հայաստան, սակայն վերջին շրջանում ինչ-որ բան է փոխվել, իրենց հասկացնում են, որ պետք է բեռները մաքսազերծվեն։ Տնտեսվարողներից մեկն էլ ասաց, որ բեռները պետք է ժամանակին գային, որպեսզի իրենք կարողանային շահած տենդերի պայմաններն ապահովել, սակայն իրենց համար անհասկանալի պատճառներով ձգձգվում են ձեւակերպումները։

Խոսքը, ըստ մեր զրուցակիցների, մոտ 5 բեռնատարի մասին է, որոնցից մեկը կանգնած է Բագրատաշենի անցակետում, մյուսները՝ Երեւանի կարգոներում։ Պետական եկամուտների կոմիտեից փորձեցինք ճշտել, թե ինչ խնդիր կա, արդյոք օրենսդրության առումով բա՞ն է փոխվել։

ՊԵԿ-ից ի պատասխան մեր հարցմանն ասացին, որ խախտումներ են հայտնաբերվել․ «Հայտնաբերվել են մաքսային ձեւակերպման խախտումներ, անհամապատասխանություններ։ Դեպքերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ։ Բեռնատարներն ուղարկվել են մաքսային պահեստներ՝ հետագա ընթացքը որոշելու համար»։

ՊԵԿ-ից հիշեցնում են նաեւ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների կարգավիճակի վերաբերյալ փետրվարի 8-ին հրապարակված հայտարարությունը, որտեղ ներկայացվում են ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով իրականացվող վարչական վարույթների ընթացքում կիրառվող մոտեցումները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ