15 02 2024

Նիկոլ Փաշինյան․ պայմանական երկրի պայմանական վարչապետը. 168 ժամ

Նիկոլ Փաշինյան․ պայմանական երկրի պայմանական վարչապետը. 168 ժամ

168․am-ը գրում է․ «2020թ․ պատերազմից հետո Ադրբեջանը՝ ի թիվս բազմաթիվ  քարոզչական մանիպուլյացիաների, հայ-ադրբեջանական սահմանը սկսեց անվանել «ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահման»։

Դա մշտական բնույթ ստացավ հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը «կադաստրի վկայական չունի», այսինքն՝ ինքն էլ իր կողմից ընդունեց, որ մինչ 2020թ․ որևէ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից չվիճարկված հայ-ադրբեջանական սահմանը «պայմանական է»։ Եվ արդեն տևական ժամանակ Ադրբեջանը հենց այդպես է անվանում Հայաստանի հետ սահմանը։

Վերջին օրինակը՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում 4 հայ զինծառայողների սպանությունից հետո տարածված հայտարարությունն է, որում Ադրբեջանը Հայաստանի տարածքում գրաված բարձունքներից հայ զինվորների սպանության վայրը ներկայացրել է՝ որպես «ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահման»։

Թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը նման քարոզչությամբ, հասկանալի է։ Բայց խնդիրն այն է, որ ադրբեջանական քարոզչությանը զուգահեռ կամ գուցե դրան հետևելով՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է Հայաստանը վերածել պայմանական երկրի, ինչը դրսևորվում է պետական ու հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։

Հայաստանի զինված ուժերը բանակի, իրական բանակի գործառույթ են իրականացնում միայն ու խիստ պայմանականորեն։ Արտաքուստ նրանք կան, բայց ֆոնկցիոնալ առումով բանակի դերակատարությունը հասցվել է պայմանական զրոյականության։ Համենայնդեպս, երբ իշխանությունը սահմանին կանգնած զինվորին սպառնում է թշնամուն կրակելու դեպքում դատել և արգելում է կրակ բացել հակառակորդի ուղղությամբ, այդ համակարգը վերածվում է պայմանական բանակի։

Հայաստանի դատական համակարգը վերածվել է իշխանության ընդդիմադիրներին պատժելու գործիքի։ Իրար հետևից դատավորները կայացնում են խայտառակ վճիռներ, իսկ ԲԴԽ-ն դարձել է իշխանության քարոզչական բանակի զինվորներից մեկը։ Այսինքն՝ դատական համակարգն արդարադատություն է իրականացնում խիստ պայմանականորեն։ 

Խորհրդարանը, որը սահմանադրորեն պետք է լինի գործադիր իշխանության թիվ մեկ հակակշիռն ու փոխզսպողը, դարձել է կառավարության խամաճիկը։ Հայաստանի Ազգային ժողովն անգամ պայմանականորեն չի կատարում իր գործառույթները։ Նույնը վերաբերում է իրավապահ մարմիններին, արտաքին քաղաքականությանը, մնացած գրեթե բոլոր ոլորտներին։

Այսինքն՝ ընդհանրության մեջ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է պայմանական պետության, բայց դրա գլխավոր պայմանն այն է, որպեսզի ինքը շարունակի պահպանել իշխանությունը։ Այս իրավիճակում Հայաստանի հասարակությունը գործնականում վերածվել է պայմանական ժողովրդի, որովհետև իրական լինելու դեպքում չէր հանդուրժելու պետությունը պայմանական գոյացություն դարձնող իշխանությանը։

Ավելի լայն իմաստով, հիմա ընթանում է ոչ միայն պետության, այլ ընդհանրապես հայկականության, հայկական ինքնության պայմանականացման գործընթացի վերջին արարը, որն իշխանությունը ցանկանում է նշանավորել նոր՝ իրականում կրկին պայմանական Սահմանադրության ընդունմամբ։

Եվ հասարակությունն ունի վերջին հնարավորությունը՝ ապացուցելու, որ այս երկրի ոչ թե պայմանական, այլ իրական տերն է ու իրական քաղաքացին։ Հակառակ դեպքում զրկվելու է ոչ միայն պատմական, այլ անգամ պայմանական հայրենիքից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ