11 01 2024

4 դատավորների լիազորությունները կդադարեցնի՞ ԲԴԽ-ն. ՄԻԵԴ-ի որոշում կա, որը նրանց դեմ է. «Ժողովուրդ»

4 դատավորների լիազորությունները կդադարեցնի՞ ԲԴԽ-ն. ՄԻԵԴ-ի որոշում կա, որը նրանց դեմ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Ռուզաննա Հակոբյանի, Հովսեփ Բեդեւյանի եւ Քրիստինե Մկոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Պատճառն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի որոշում կա, որը փաստացի նրանց դեմ է:

ՀՀ բարձրագույն դատական խորհրդից հաստատեցին «Ժողովուրդ» օրաթերթի այս տեղեկությունը: «Այո՛, հաստատում եմ, որ ԲԴԽ ստացել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդությունը, որի հիմնավորումների համաձայն՝ Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանի, Քրիստինե Մկոյանի, Ռուզաննա Հակոբյանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի», իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների խախտումներ»,- հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Դատական համակարգում արդեն աղմուկ է բարձրացել, և շատ դատավորներ անհամբեր սպասում են՝ արդյոք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն այս դատավորների լիազորություները կդադարեցնի, ինչպես դա փաստացի արեց այլ դատավորների մասով: Այս եռյակում նրա սանիկն է, ընկերն ու «ենթական»:

Հիշեցնենք, որ անցած տարի Բարձրագույն դատական խորհուրդը Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին, Տիգրան Պետրոսյանին եւ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացրեց:
Ենթադրվում է, որ այս դատավորները եւս պետք է արժանանան ազատված պաշտոնյաների ճակատագրին:

Եթե նոր քառյակը ներվեց, կնշանակի, որ Կարեն Անդրեասյանն ու իր ճաշակով ձևավորված ԲԴԽ-ն ընտրովի արդարադատություն են իրականացնում, ինչը բազմիցս մերժել է հենց ինքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ