15 11 2023

Իրավապահ մարմինները գործընթաց են սկսել գրեթե բոլոր վարչական շրջանների աշխատակազմերում. «Հրապարակ»

Իրավապահ մարմինները գործընթաց են սկսել գրեթե բոլոր վարչական շրջանների աշխատակազմերում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի տարբեր վարչական շրջանների թաղապետարանների նկատմամբ իրավապահների «հետաքրքրությունը», ըստ որոշ տեղեկությունների, նոր չէ։

Դեռեւս ամռանը՝ հունիս-հուլիս ամիսներին, իրավապահ մարմինները գործընթաց են սկսել գրեթե բոլոր վարչական շրջանների աշխատակազմերում, սակայն հայտնաբերված խախտումների մասին որոշել են լռել` հանրայնացնել ամիսներ անց, որպեսզի, ինչպես իշխանական աղբյուրներն են հայտնում, չվնասեն ՔՊ-ի վարկանիշին եւ չազդեն Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վրա: Դիցուք, նախօրեին հայտարարեցին, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Կենտրոն վարչական շրջանի պաշտոնյաների։

Մասնավորապես, Կենտրոն թաղապետարանի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանին, նույն բաժնի աշխատակից Արման Հ.-ին, ովքեր տարբեր անձանցից ստացել են շուրջ 1 մլն 700 հազար դրամ կաշառք: Նրանց ձերբակալել են տարբեր ընկերությունների կաշառքի դիմաց արտոնություններ տալու համար:

Հնարավոր է, որ այս գործի թելերը հասնեն նաեւ թաղապետին՝ Սամվել Ղուկասյանին, ով Ավինյանի մտերիմներից է։ Նոյեմբերի 2-ին բերման էին ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանը եւ մի քանի աշխատակիցներ` համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանը, կոմունալի աշխատակից Վան Հարությունյանը, որոնց հարցաքննելով՝ ազատ էին արձակել:

Նրանց մեղադրում են գնումների գործընթացի խախտումների համար: Ուշագրավ է, որ իրավապահները սեւեռվել են Տիգրան Ավինյանի ենթակայության ներքո գործող հիմնարկների վրա, իսկ իշխանության մասշտաբային «կոռուպցիոներները» նրանց տեսադաշտից դուրս են մնացել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ