31 10 2023

Պատանդ են վերցրել եւ շանտաժի ենթարկել. դա իմանալով՝ նախկին նախագահները հանձնվել են․ «Հրապարակ»

Պատանդ են վերցրել եւ շանտաժի ենթարկել. դա իմանալով՝ նախկին նախագահները հանձնվել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 28-ին տված իր հարցազրույցում խոստովանեց, որ ադրբեջանական կողմն ընտրովի մոտեցում է ցուցաբերել: Իրեն հաջողվել է ուղղաթիռով հասնել Սիսիան, իսկ երեք նախկին նախագահներին ուղղաթիռով չեն տեղափոխել` նրանք առեւանգվել եւ գերի են տարվել Ստեփանակերտից:

Նա եթերում ասաց. «Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու Ադրբեջանի կողմից կայացվեց նման որոշում, բայց նաեւ կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել եւ տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»:

Շահրամանյանն Արցախի ՊԲ գործող հրամանատարի եւ իր անվտանգության երկու աշխատակցի հետ ուղղաթիռով է տեղափոխվել։ Շահրամանյանին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցրեց, որ նախկին նախագահների համար էլ են բանակցել` ուղղաթիռով Հայաստան տեղափոխելու հետ կապված, սակայն Ադրբեջանը չի համաձայնել:

Ավելին, անցակետը հատող ԱԱԾ եւ ՆԳ նախարարներին պատանդ են վերցրել եւ հայտարարել` մինչեւ նախկին նախագահները չհանձնվեն, նրանց չենք ազատի: Այդ մասին իմանալով՝ Ստեփանակերտում գտնվող նախկին նախագահները հանձնվել են ադրբեջանական կողմին, որից հետո ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին ու ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին թողել են, որ սահմանն անցնեն, իսկ Շահրամանյանը` ուղղաթիռ նստի:

Մեր աղբյուրը Շահրամանյանի հանդեպ նման «բարյացակամությունը» բացատրեց նրանով, որ Արցախի մի քանի օրվա նախագահն ադրբեջանցիների համար չուներ այն նշանակությունը` «սիմվոլիկան», որքան նախկին նախագահները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ