20 10 2023

Արվեստի քննադատից՝ փոխնախարար. «Ժողովուրդ»

Արվեստի քննադատից՝ փոխնախարար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի հուլիսի 2-ին։ Աննա Ժամակոչյանը եւս այն փոխնախարարներից է, որն, ըստ երեւույթին, քաղաքական ոլորտ եկել է՝ ճանապարհ փակելով եւ նոր իշխանությունների վստահությունը շահելով։ Անհայտ է, թե ինչպես է արվեստի քննադատը միանգամից դարձել աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար այն դեպքում, երբ այս ոլորտը քննադատության հետ ընդհանրապես կապ չունի։

Փոխնախարարի կենսագրությունից հասկանում ենք, որ նա այդքան էլ կայուն չէ մասնագիտության ընտրության հարցում, քանի որ 2012-2014 թվականներին սովորել է Ժամանակակից արվեստի ինստիտուտում, ապա՝ 2012-2016 թվականներին, եղել է Երեւանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հայցորդ: 2019 թվականից սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության հավաստագրման բաժնում:

Անհասկանալին այն է, թե ինչու է Ժամակոչյանի կենսագրությունում ամեն ինչ այսքան խառը. նա հոգեբանության եւ փիլիսոփայության ոլորտից կտրուկ անցում է կատարել դեպի արվեստ, ապա՝ սոցիոլոգիա։ Աննա Ժամակոչյանը հայտարարագրել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը գտնվում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում եւ ձեռք է բերվել 2011 թվականին։ Փոխնախարար ժամակոչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել է 28 դոլար, 821 հազար դրամ եւ 1 222 եվրո։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 567 հազար դրամ, որից 14 մլն 498 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Հիշեցնենք նաեւ, որ Աննա Ժամակոչյանին շատ տեսնել չի հաջողվում. նա հայտնվում է միայն ինչ-որ հայտարարություններ անելու համար։ Հավելենք նաեւ, որ Ժամակոչյանի աշխատանքային փորձը սահմանափակվում է՝ «Սոցիոսկոպ» ՀԿ-ի համահիմնադիր լինելով, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում դասավանդելով եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի հետազոտող, ղեկավար լինելով։ Այսինքն՝ ինչպես իշխանականների մեծ մասը, այնպես էլ փոխնախարար Ժամակոչյանը Հայաստանի կառավարական համակարգ է եկել առանց որեւէ լուրջ աշխատանքային փորձի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ