04 10 2023

Ո՞վ է Սամվել Բաբայանին մանդատ տվել, որ թշնամու հետ բանակցություններ վարի․ «Ժողովուրդ»

Ո՞վ է Սամվել Բաբայանին մանդատ տվել, որ թշնամու հետ բանակցություններ վարի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի նախկին ԱԽ Սամվել Բաբայանը Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո շտապել էր Հանրային հեռուստաընկերություն եւ մի շարք աղմկահարույց հայտարարություններ արել, որոնք կա՛մ վրիպել են մեր իրավապահների աչքից, կա՛մ էլ պարզապես ցանկություն չունեն իշխանությունների սիրելի Սամվել Բաբայանի հայտարարությունների մասով քրգործ հարուցել: Այսպիսով, Հանրայինին տված իր հարցազրույցում Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե ինքը քողարկված բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ, ավելին՝ ինչպես ինքը հայտարարեց, որոշ հարցերի շուրջ արդեն համաձայնության են եկել Ադրբեջանի հետ:

«Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք ավտոնոմ ռեսպուբլիկայի շուրջ, կետ առ կետ գրած էր (23 կետ)։ Ադրբեջանը համաձայնել էր»,-ասել էր Բաբայանը: Նա նաեւ ասել էր, որ Արցախի 3 նախագահներն էլ պետք է կալանավորվեն. այդպես էլ արեց Բաքուն: Հետաքրքիր է, որ այս ընթացքում Բաբայանը որեւէ պաշտոն չէր զբաղեցնում ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ Արցախում, ուստի որեւէ իրավասություն չուներ բանակցություններ վարելու, այն էլ՝ թշնամի երկրի հետ:

Հարց է առաջանում՝ ո՞վ է Սամվել Բաբայանին մանդատ տվել, որ թշնամու հետ բանակցություններ վարի, իր հարցազրույցում էլ նա չէր բացահայտել դա: Հաշվի առնելով, որ Արցախում Սամվել Բաբայանը ոչ ընդունելի եւ անհասկանալի կերպար է, դժվար թե ԱՀ իշխանությունները նրան այդ կարեւոր հարցը վստահեին, մյուս կողմից էլ՝ եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի հետ նրա մտերմությունը, թերեւս բացառվում է, որ առանց նրա գիտության Սամվել Բաբայանը բանակցություններ վարեր:

«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է միջնորդ հանդիսացել եւ Նիկոլ Փաշինյանից երաշխիքներ ստացել, որպեսզի Սամվել Բաբայանին մանդատ տրվի՝ Ադրբեջանի բանակցություններ վարելու: Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Անդրանիկ Քոչարյանի հետ, որը, ինչպես միշտ, խուսափեց մեր զանգերին պատասխանելուց:

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ, որը ե՛ւ Սամվել Բաբայանի, ե՛ւ Անդրանիկ Քոչարյանի մտերիմ ընկերն է, մեզ հետ զրույցում ասաց, որ չկա նման բան: «Անդրանիկ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունեն. Սամվել Բաբայանն Արցախում է եղել, ուստի Արցախի իշխանությունների՝ Արայիկ Հարությունյանի հետ պետք է համաձայնեցներ, Անդրանիկ Քոչարյանը չէր կարող միջնորդ լինել»,-ասաց Մելքոնյանը:

Փաստ է, որ Բաբայանից հետո բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք Հակարիի կամրջով անցան, կալանավորվեցին Բաքվի կողմից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ