19 09 2023

Ընդգծված պասիվության «մեսիջները»․ «Փաստ»

Ընդգծված պասիվության «մեսիջները»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունները, որոնց մասին առնվազն 1 ամիս ակտիվորեն խոսում էին այդ գործընթացում ներգրավված գործիչներն ու «կողքից հետևողները», տեղի ունեցան: Հրապարակված պաշտոնական նախնական արդյունքները, վստահ ենք, արդեն հայտնի են, բայց թեթևակի հիշեցնենք 14 մասնակիցներից «անցողիկ շեմը» հաղթահարած ուժերի արձանագրած արդյունքները. Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»՝ 75 463 ձայն կամ քվեարկության մասնակիցների ձայների 32,57%-ը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց»՝ 43 765 ձայն (18,89 %), Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինք՝ 35 739 ձայն (15,43 %), Արտակ Զեյնալ յանի գլխավորած «Հանրապետություն»՝ 26236 ձայն (11,32%) և Արտակ Գալստյանի գլխավորած «Հանրային ձայն» կուսակցություն՝ 22431 ձայն (9,68%):

Բայց Երևանի ավագանու այս ընտրություններում արձանագրվեց մի ցուցանիշ, որի դեպքում խամրում են բոլոր ուժերի ստացած ձայները, տոկոսները, մանդատները... Խոսքը, թերևս կռահեցիք, ընտրողների ընդգծված պասիվության մասին է. ավելի քան 800 հազար գրանցված ընտրողից քվեարկության գնացել է ընդամենը 234 436 մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի հազիվ 28,44 տոկոսը: Սա, հիրավի, մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշ է: Դժվար է մտաբերել նման ընդգրկման մեկ այլ ընտրություն, որին այդքան քիչ մարդ մասնակցի: Եթե նույնիսկ ենթադրենք, որ գրանցված ավելի քան 800 հազար ընտրողի մոտ 10 տոկոսը (մոտ 100 հազար մարդ) այս կամ այն պատճառով բացակայում է Երևանից, միևնույնն է, մասնակցության ցուցանիշը խիստ ցածր է: Մարդիկ չեն ցանկացել, ավելի ճիշտ՝ չցանկացան գնալ ընտրատեղամասեր ու քվեարկել որևէ ուժի օգտին կամ թեկուզ՝ «օգտագործել իրենց քվեաթերթիկը»: Տարբեր պատճառներով: Ընտրողների պասիվությունն, առհասարակ, ձեռնտու է օրվա իշխանությանը, քանի որ այն, ունենալով «վարչական ռեսուրսով» ներգրավվող իր «կայուն ընտրազանգվածը», այդ դեպքում դյուրությամբ է լուծում վերարտադրվելու խնդիրը: Բայց այս հանգամանքին դեռ կվերադառնանք:

Ընտրողների 28,4 տոկոս մասնակցության կամ, եթե կուզեք՝ 72,6 տոկոսի չմասնակցության ցուցանիշը առաջին հերթին շատ կոնկրետ մեսիջ է քաղաքական դաշտին, քաղաքական ուժերին՝ ընդհանուր առմամբ: Առաջին հերթին սա թերևս խոսում է այն մասին, որ մարդկանց մի ահռելի զանգված խորապես հիասթափված է բոլորից, քաղաքական պրոցեսներից, ընտրություններից, առնվազն չի հավատում ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխելու հնարավորությանը, չի վստահում իշխանությանը, չի վստահում ոչ մեկին: Սա, կարծում ենք, պետք է նկատի ունենան և սրանից պետք է որոշակի հետևություններ անեն առաջին հերթին առողջ քաղաքական ուժերը, ընդդիմադիր գործիչները: Իսկ հիմա ՔՊ-ի ու իր իշխանության մասին: Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրության արդյունքները եկան հաստատելու Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի բացարձակ տապալումը: Ոչ թե սոսկ պարտությունը, այլ հենց տապալումը: Այո, հրապարակված թվերով ՔՊ-ն, այսպես ասենք՝ «առաջին տեղում» է, կարող է նույնիսկ ինչ-ինչ մանդատային մանիպուլ յացիաներով ավագանու միջոցով քաղաքապետ ունենալ, բայց, միևնույնն է, սա իրոք պարտություն ու տապալում է: Ընդ որում՝ օբյեկտիվ, սպասելի տապալում:

ՔՊ-ի օգտին տրվել է 75463 ձայն: Երևանում: Ավելի քան 1 միլիոնանոց մայրաքաղաքում: Դա ընտրողների ընդհանուր թվի հազիվ 9 տոկոսն է կազմում: Եթե դա տապալում չէ, ապա էլ ի՞նչ է: Առավել ևս, եթե նկատի ունենանք այն, թե ինչ թափով ու ծավալով էր ՔՊ-ն չարաշահում վարչական ռեսուրս ասվածը: Ավելին, նկատի ունենանք, թե այդ 75 հազար ձայնի մեջ որքանն են անմիջականորեն քպականների, նրանց «տնեցիների», մտերիմների, պետական հիմնարկների պաշտոնյաների ու աշխատողների ձայները: Այսինքն, ձայներ, որոնց մեծ մասը կա զուտ այն պատճառով, որ ՔՊ-ն է այս պահին իշխանության ղեկին: Կարելի է ասել, ՔՊ-ն՝ որպես քաղաքական ուժ, Երևանում այս պահին ունի առավելագույնը 20 հազար քվե: Սեպտեմբերի լույս 18-ի գիշերվանից, երբ արդեն հասկանալի էր քվեարկության պատկերը, ՔՊ-ի տարբեր ներկայացուցիչներ սկսեցին հրապարակային հարթակներում «երգել» այն մասին, թե՝ տեսեք, սա ժողովրդավարության, ազատ ընտրությունների ցուցանիշ է, այս, այն: Իրականությունն այն է, որ նախ՝ ինչպես նշվեց ու դա աչք ծակելու աստիճան բացահայտ էր, վարչական ռեսուրսի ահռելի չարաշահում է եղել:

Մանրամասները հայտնի են, անիմաստ չկրկնենք: Բայց, այդ ամենով հանդերձ... 75 հազարից քիչ ավելի ձայն, ընդհանուր թվի հազիվ 9 տոկոսը: Անկախ այն բանից, թե հետագայում որ ուժը կամ ով ում կմիանա կամ չի միանա, ով ում հետ կոալիցիա կկազմի կամ չի կազմի, ՔՊ-ն որ ուժից «մարդ կփախցնի» կամ չի փախցնի, որպեսզի իր ուզած քաղաքապետի թեկնածուին անցկացնի, քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանը Երևանում պարտված է: Ու այդ պարտությունն, ի դեպ, բացահայտ զգացվեց նրա գլխավորած նախընտրական երթից, որի մասնակիցների շարքերում գերազանցապես մարզերից ու մոտակա գյուղական բնակավայրերից բերված մարդիկ էին, ամեն դեպքում՝ ո՛չ Երևանի ընտրողներ: Այդ պարտությունն զգացվեց նաև հենց Նիկոլ Փաշինյանի նյարդային ու ցածրակարգ բառապաշարով հագեցած ելույթից: Ու այն երևանցիների մեծամասնությունը, որ սեպտեմբերի 17-ին գնաց ընտրատեղամասեր, քվեարկությամբ հակադարձեց նրան, պատկերավոր ասած՝ «դե բորդյուր լիզելը հիմի դու տես» տարբերակով:

Հաջորդ կարևոր դասը այս ընտրությունների այն էր, որ հույս արթնացավ, թե մեր ընտրողները վերջապես առարկայական կգիտակցեն, որ յուրաքանչյուրի մասնակցությունը ընտրությանը, յուրաքանչյուրի քվեն, ընդ որում՝ ճիշտ գնահատված, «չփոշիացող» քվեն կարող է էական դերակատարում ունենալ, որ «մեկ ա, բան չի փոխվելու» թեզը սնանկ է: Խնդրեմ, քաղաքապետի պաշտոնի ընտրությունը կախված է ավագանու 1 անդամի քվեից: Եվ վերջապես՝ ամենից կարևորն է, որ այս ընտրությունները որոշակի մարմին հաղորդեցին փոփոխությունների հետ կապված հույսերին: Մնում է, որ քաղաքական ուժերը անեն ճիշտ հետևություններ և այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեն համակրանք չվայելող (մեղմ ասած) իշխանության փոփոխությանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ