09 04 2022

«Տնտեսական հեղափոխության» փոխարեն՝ խոր ու համապարփակ ճգնաժամ. «Փաստ»

«Տնտեսական հեղափոխության» փոխարեն՝ խոր ու համապարփակ ճգնաժամ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ցանկացած երկրում, այդ թվում՝ Հայաստանում, քաղաքական ուժերը ժողովրդի վստահությանն արժանանալու համար իրենց նախընտրական ծրագրերի շրջանակներում առաջնային նշանակություն են հատկացնում սոցիալական և տնտեսական ծրագրերին ու դրանց վերաբերյալ խոստումներին։ Մեր երկրում դա միշտ ավելի առաջնային ու ավելի ցավոտ թեմա է եղել: Օրինակ՝ որոշակի քաղաքական շրջանակներ, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը թե՛ ընդդիմություն եղած ժամանակ, թե՛ իշխանության հասնելուց հետո երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը հիմնականում կապում էին նրա հետ, թե նախկին իշխանությունները «փոշիացրել են պետբյուջեի միջոցները», «թալանել են ժողովրդին», «բիզնեսների մեջ փայ են մտել» և այլն, և այլն։

Ավելի պատկերավոր լինելու համար Նիկոլ Փաշինյանը բոցաշունչ ելույթներ էր ունենում ԱԺ ամբիոնից, ի մասնավորի, հիշարժան է, որ նա քաղաքացիների սոցիալական վիճակի բարդությունը և գնաճի անելանելիությունը նկարագրելու կոնտեքստում հռետորական հարց էր բարձրացնում, թե աղքատներն ի՞նչ ուտեն, խառը կանաչի՞։ Իհարկե, երկրի տնտեսական առաջընթացը խոչընդոտող բազմաթիվ արատավոր երևույթներ կամ սխալներ եղել են, և հասարակությունը մեծամասամբ շատ մեծ դժգոհություններ է ունեցել։ Սա նույնիսկ քննարկման թեմա չէ: Թերևս նաև դրանով է պայմանավորված, որ հանրության մի զգալի մասը գնաց փորձանքի ճանապարհով, այսինքն՝ Փաշինյանի հետևից՝ հույս ունենալով, թե իշխանության գալուց հետո նրան կհաջողվի արմատախիլ անել այդ բացասական երևույթները և զարգացնել տնտեսությունը։ Իսկ Փաշինյանը հետևողականորեն շարունակում էր սոցիալական և տնտեսական թեմաները հմուտ կերպով ծառայեցնել իր քաղաքական շահերին։

Պատահական չէ, որ նա 2018 թվականի աշնանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը հիմնավորելու համար նշում էր, թե կառավարության առաջ ներդրողները հերթ են կանգնել, ուստի նրանց ակնկալիքները պետք է բավարարել իրենց քաղաքական ուժին ընտրելու միջոցով, իսկ երբ ընտրվեցին ու ինքը նորից դարձավ վարչապետ, արդեն խոստանում էր, թե կոպեկ առ կոպեկ հետ է բերելու ժողովրդից թալանված փողերը, թե շուտով ներդրումների բում է լինելու, թե «տնտեսական հեղափոխություն» է լինելու։ Մի խոսքով, պոպուլիզմի մաքսիմալ դոզա: Ժամանակն անցնում էր, մարդկանց աչքը ջուր էր կտրում սպասելուց, սակայն ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն այդպես էլ չէր բարելավվում։ Լրիվ ընդհակառակը:

Ընթացքում իշխանությունները մի կողմից մարդկանց կա՛մ փորձում էին հույսեր ներշնչել, թե իրականում սոցիալական վիճակը բարելավվել է, ուղղակի իրենք դրանից տեղյակ չեն, կա՛մ մեղադրում էին, թե մարդիկ չեն ցանկանում նկատել դրականը, հավել յալ մատ թափ տալով, թե «հպարտ քաղաքացիները» ծույլ են, աշխատել չեն սիրում, աղքատությունը գլխներում է, դրա համար էլ չեն կարողանում հաղթահարել ծանր սոցիալական վիճակը։ Դրան զուգահեռ, որպեսզի ցույց տան, թե տնտեսության մեջ դրական տեղաշարժեր կան, իշխանությունները ողջ ուժով լծվեցին թվեր և ցուցանիշներ նկարելու գործին, բայց շատ դեպքերում այս գործելակերպն էլ հաջողություն չէր բերում, քանի որ նույնիսկ նկարած թվերը ոչ մի լավ բանի մասին չէին խոսում։ Սակայն Փաշինյանը պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում «տնտեսական աճն» արտացոլող ցուցանիշներ էր հրապարակում, իսկ շատ դեպքերում, երբ տնտեսության մեջ վիճակն այնքան խայտառակ էր լինում, որ նույնիսկ նկարած թվեր չէր կարողանում ցույց տալ, ստիպված էր լինում հանրությանը որպես առաջընթաց արձանագրող տվյալ հրամցնել այնպիսի ցուցանիշներ, որ անգամ ծիծաղ են հարուցում։

Ցցուն օրինակ՝ թանգարաններ այցելությունների կտրուկ աճը։ Ինչևէ, Փաշինյանն արդեն 4 տարի պաշտոնավարում է, ինչը հսկայական ժամանակ է որոշակի հաջողություններ արձանագրելու համար, խոստումների գոնե մի մասը կատարելու, մարդկանց կյանքի որակը փոքրինչ բարելավելու համար, սակայն նրա խոստացած ներդրումներն այդպես էլ գրվեցին սառույցին, իսկ «փայ մտնելուց» ազատված բիզնեսն այդպես էլ չծաղկեց։ Արդյունքում, իշխանությունների կողմից հռչակված «տնտեսական հեղափոխության» փոխարեն տնտեսական խոր ճգնաժամի մեջ ենք հայտնվել։ Նախկինի համեմատությամբ մարդկանց սոցիալական դրությունը ոչ միայն չի լավացել, այլ ընդհակառակը, անհամեմատ ավելի ծանր ու անտանելի է դարձել։ Անասելի գնաճի ու եկամուտների չավելացման պարագայում շատ քաղաքացիներ նույնիսկ ի վիճակի չեն իրենց տարրական պահանջները բավարարել։

Ի՞նչ կարելի է եզրակացնել այս ամենից։ Կա երկու տարբերակ. կա՛մ այն բոլոր մեղադրանքները, որոնք Փաշինյանը տարիներ շարունակ հնչեցնում էր նախկինների հասցեին, իրապես չափազանցված էին, կա՛մ էլ նախկիններին քննադատող իշխանությունները շարունակել են արատավոր երևույթների ավանդույթները, այն էլ՝ նոր թափով ու կատարելագործված տեմպերով։ Դե, գումարած ակնհայտ ապիկարությունը: Ի դեպ, այստեղ արդեն չի աշխատում «կառավարման բարդ ժամանակաշրջանի» լոզունգները։ Այսպիսի արդարացումներն ընդամենը անգործությունը քողարկելու պատրվակներ են։

Նույն հաջողությամբ նախկին իշխանությունների օրոք ևս բազմաթիվ խանգարող գործոններ են եղել: Ի դեպ, դրանք չեն խանգարել, որ եղած անարդարությունների, սխալների ու արատավոր այլ երևույթների համար ժողովուրդը նրանց «տուն ճամփի»: Ով ով, բայց Նիկոլը դա լավ գիտի... Ի դեպ, հետաքրքիր է, թե նույն Նիկոլը հիմա ինչ է «հպարտ քաղաքացիներին» առաջարկում ուտել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ