12  03  2020

Ռոբերտ Քոչարյանն արդեն հաղթել է

Ռոբերտ Քոչարյանն արդեն հաղթել է

Նիկոլ Փաշինյանը վախենում է, վախենում է շատ. բազմաթիվ վախեր ունենալով, սակայն, հիմնականում վախենում է մեկ մարդուց՝ Ռոբերտ Քոչարյանից։ Վախենալ ասելը քիչ է՝ սարսափում է։ Ու նաև քիչ է ասելը, թե միայն Նիկոլ Փաշինյանն է սարսափի մեջ։ Նիկոլ Փաշինյանն ատում է ուժեղ մարդկանց, նրան մագնիսի պես ձգում են միայն էությամբ տուզիկները։ Իսկ վախենում է որովհետև, ուժեղ մարդկանց ֆոնին միշտ թույլ են երևալու, երևի դրա համար։

Ռոբերտ Քոչարյանն այսօր Հայաստանի ամենահզոր մարդն է․ ինչո՞ւ․ ցույց տվեք ևս մեկ հոգու, որի դեմ այսչափ ուժգին, տևական ու անդադար հարձակում կա և ցույց տվեք մեկ մարդու, որ այդ բոլորի դեմ պայքար կմղեր ու կմնար այդքան անսասան։ Չեք կարող։ Չկա այդպիսին։

Ռոբերտ Քոչարյանի դեմ հարձակում է գործում ողջ իշխանական թիմը, ավելին՝ ՀՀ իշխանության երեք ճյուղերը՝ միասին վերցրած:

ԱԺ պատգամավորները, ընդ որում՝ ոչ միայն իշխանական, այլև՝ ընդդիմադիր։ Պատգամավորները, որոնք մեկնում են «այո»-ի քարոզարշավ անելու, կողմ քվե մուրալու, տալիս են նրա անունը, իբրև թե ՍԴ-ն ծառայել է Ռոբերտ Քոչարյանին, նա նշանակել է դատավորներին, որոնք էլ ենթարկվում են իրեն։ Այնինչ, ՍԴ-ի հետ Քոչարյանը կապ չունի, ավելին՝ իր օգտին որոշում չի կայացրել, վերջապես որևէ դատավորի չի էլ նշանակել։ Դատավորներից երկուսը նշանակվել են Նիկոլ Փաշինյանի օրոք, երկուսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, հինգը՝ Սերժ Սարգսյանի։ Բայց տալիս են Ռոբերտ Քոչարյանի անունը։

Գործադիր համակարգն ամբողջությամբ լծվել է Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարի՝ ղեկավարի հետ մեկտեղ։ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարում են քաղաքական զանազան գործիչներ՝ իշխանամերձ շրջանակներից։ Ավելին, նրանք շարունակ լուրեր են տարածում, թե սրանից-նրանից բիզնես են խլել, նեղել են, որ ապրանք չկարողանան ներկրել։ Բայց երբ գալիս է դատարանով պատասխան տալու ժամանակը, սկսում են անհույս վկաներ փնտրել։ Մենք ունենք Արա Պապյանի օրինակը, որը այդտեսակ հայտարարություններ էր անում, հետո երբ դատի էին տալիս՝ ֆեյսբուքով վկա էր մուրում։ Մենք տեսել ենք Փաշինյանի օրինակը, որ զրպարտեց երկրորդ նախագահին, իսկ դատարանում «թռավ» խոսքից, թե՝ նրան նկատի չուներ։ Մենք ունենք օրինակ, թե ինչպես ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե Քոչարյանը բիզնեսի է տիրացել կոռուպցիոն ճանապարհով և հետո նույնպես «թռավ» խոսքից, թե՝ չի հասկացել ինչ է ասում, այլ բան նկատի ուներ։

Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարում են ՏԻՄ-երը՝ ճղճիմ ճանապարհով` փորձելով զրկել կոչումներից, ինչպես օրինակ՝ Գյումրիում՝ ի շնորհակալություն հիմնահատակ ավերված քաղաքը վերականգնելու։

Ռոբերտ Քոչարյանի դեմ, բնականաբար` ԱԳՆ հրահանգով, պայքարում են դիվանագետները՝ Նիկոլ Փաշինյանի արտասահման այցերի ժամանակ որոշ սփյուռքահայերի հարցեր պատվիրելով առ Փաշինյան։ Բայց այս դեպքում առավել ևս դժվարանում է նրանց գործը, որովհետև հատկապես մեր սփյուռքյան հայրենակիցները լավ են գիտակցում կշիռների տարբերությունը։ Վերջերս հաճախ նրանք դժգոհում են, ասում են, որ ամաչում են՝ տեսնելով, թե միջազգային հարթակներում ով և ինչպես է հիմա Հայաստանը ներկայացնում։

Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարում են մի շարք քաղաքական թևեր ու ուժեր։ Եթե, իհարկե, թևեր կամ ուժ կարելի է համարել օրինակ՝ Ստյոպա և Սեդա Սաֆարյաններին, Արամ Զավենի Սարգսյանին, Անդրանիկ Քոչարյանին, դասալիք-պատգամավոր Արման Բաբաջանյանին, ՀՀՇ-լևոնականականներին կամ սորոսականներին։

Ընդ որում, ուշագրավն այն է, որ այդ բոլորի պայքարը կառուցված է ստի կամ մանիպուլյացիայի վրա․ նրանք Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքար մղելիս չեն խոսում նրա կառավարման տարիներին երկրի սոցիալական վիճակից, տնտեսական վիճակից, սահմանների անխախտելիությունից, ժողովրդագրությունից, միջազգային հարթակներում Հայաստանի հեղինակությունից,  ներդրումներից, Ցեղասպանության ճանաչումից ու Արցախի որպես անկախ երկիր կայացումից։ Որովհետև այդ դեպքում քննադատելը դժվար կլինի կամ ոչ ընկալելի։ Խոսում են երեք բանից, որոնք երեքն էլ սուտ են՝

1․ Պետբյուջեի հաշվին հարստացավ․

2․ Հոկտեմբերի 27 և Մարտի 1 են եղել իր ժամանակ։

Արդեն բացահայտված հայտնի փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի՝ մի քանի տասնյակ ընկերությունների սեփականատեր կամ համասեփականատեր լինելու կեղծ լուրը Տեր-Պետրոսյանական պատվերով գրված նյութ էր։ Այդ նյութը հերքվել է բազմաթիվ անգամներ, ավելին, այդ նյութը հատ առ հատ հերքել են հենց այդ կազմակերպությունները, բայց միևնույն է՝ շարունակում են շրջանառել։ Իրենք էլ գիտեն, որ սուտ է, բայց քանի դեռ մեր երկրում դեռ կան մի քանի հոգի, որոնց ուղեղը հնարավոր է լվանալ, կլվանան և կքարոզեն սուտը։

Երկրորդն առավել աբսուրդ է, քան առաջինը։ Հոկտեմբերի 27-ից անգամ արժեր չխոսել, քանի որ երկրի նախագահը վերջին մարդն է երկրում, ում կարող էր ձեռք տալ նման բան իր պաշտոնավարման ժամանակ։ Փաստ է, որ Քոչարյանն ինքը չի թողել, որ ԱԺ շենք մտած ահաբեկիչներին ուժայինները վերացնեն, որպեսզի հետո փաստեր լինեն, նախաքննության ընթացքում բացահայտեն հնարավորը։ Ավելին, Ռոբերտ Քոչարյանը ողբերգությունից հետո կարևոր պաշտոններում նշանակեց Վազգեն Սարգսյանի ընտանիքի մտերիմներին, որ շահագրգիռ լինեն դետալ առ դետալ բացահայտել։ Եվ նրանք ջանք ու եռանդ չէին խնայում, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունքներ կորզեն։ Պարզվեց՝ չկան, և բացահայտվեց այն, ինչ բացահայտվեց։ Ցավոք չբացահայտվեց մի կարևոր բան՝ հոկտեմբերի 27-ի տեռորիստական ակտի ժամանակ և հետո Հայաստանում որոշ պաշտոնյաներ ինքնագործունեությամբ են զբաղվել և իրականացրել քայլեր, որոնք պետական հեղաշրջման փորձի նմանություն ունեն։

Մարտի 1-ի մեջ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են գլխավորապես մարդիկ, որոնք հենց իրենք  ցուցարարներին դարձրել էին ամբոխ, զինել ու ոստիկանների դեմ հանել՝ սադրելով բախումներ։ Համացանցը ողողված է ապացույցներով, թե ինչպես էին «խաղաղ» ցուցարարները զինված, թալանում էին խանութները, ոստիկաններին գազանաբար ծեծում, նրանց վրա մոլոտովյան կոկտեյլներ, քարեր նետում և այդ ամենը՝ Նիկոլ Փաշինյանի ոգևորիչ բացականչությունների տակ։ Իսկ Քոչարյանի վրա գործ է հարուցվում նույն քրեական հոդվածով, որը գործադրվել էր իրենց իսկ նկատմամբ, սակայն կարճվել, քանի որ չեր կարող գործադրվել՝ հակասահմանադրական էր և հետադարձ ուժ չուներ։ Քոչարյանի դեպքում, սակայն, դարձավ «սահմանադրությանն համապատասխան» և հետադաձ ուժ ունեցող։ Ցինիզմի դասագրքային օրինակ։

Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարում իշխանությունը չխնայեց անգամ դատական համակարգը․ մարդիկ, որոնք կոչված են մեր երկրում արդարադատություն իրականացնել, Քոչարյանի դեմ են պայքարում պատվերով, զանգով։

Ու այս ամբողջ ստի, կեղծիքի, իշխանական բիրտ, անօրինական օպերացիայի դեմ պայքարը Ռոբերտ Քոչարյանը մղում է մեծ պատվով, հպարտությամբ, առանց մեջքը կորացնելու ու պատկերացրեք՝ միայն հաղթում է։ Նա հաղթում է, որովհետև այս ողջ պայքարը մյուսները մղում են ուժերի գերագույն լարումով, իսկ Քոչարյանը հանգիստ է։

Այս վիճակն իհարկե՝ կանցնի, թվարկած բոլորը կընդունեն պարտությունը, բայց Քոչարյանը չի հայտարարի հաղթանակի մասին, որովհետև նա արդեն հաղթել է։ Նա հաղթեց այն ժամանակ, երբ հեղափոխական էյֆորիայից կուրացած ժամանակահատվածում արտերկրից վերադարձավ ՀՔԾ-ի հարցերին պատասխանելու՝ իմանալով, որ անմեղ է, բայց կալանավորվելու է, որովհետև ժամանակներն էին այդպիսին։ Նա հետագայում էլ հաղթած մնաց՝ չգնալով որևէ գործարքի իշխանության հետ, շանտաժներին չտրվելով։ Ըստ ամենայնի, որովհետև նա իրոք ի սկզբանե էր հաղթած։ Նրա անունը գրված է մեր հաղթանակների մատյանի մեջ՝ տնտեսական հաղթանակների, արտաքին քաղաքական հաղթանակների, ռազմական ու դիվանագիտական հաղթանակների պատմության մեջ։ Իսկ ո՞վ եք դուք, որտե՞ղ են գրելու ձեր անունները։

Այնպես որ, շարունակեք ժայռը ճանկռել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ