22  01  2020

Եկամուտների նվազում, մսամթերքի պակաս ու գնաճ․ ահա թե ինչի պետք է պատրաստվել

Եկամուտների նվազում, մսամթերքի պակաս ու գնաճ․ ահա թե ինչի պետք է պատրաստվել

Անասնապահների բողոքը թերեւս ամենազանգվածայինն էր այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունից հետո։ Այն թեև ունի կոնկրետ նպատակ եւ ուղղված է կոնկրետ որոշման իրականացման դեմ, բայց մեծ հաշվով արտացոլում է այն վիճակը, որ գոյություն ունի Հայաստանի գյուղատնտեսությունում։ Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսությունում 2018 թ-ին սկսված անկումը շարունակվել է նաեւ 2019 թ․-ին՝ մոտենալով 5 տոկոսի։ Դա նախեւառաջ սպառնում է երկրի անվտանգությանը։

Բնակչության պարենային ապահովությունն այս ճյուղն է տալիս։ Եթե հաշվի առնենք պատերազմական վիճակը, երկու թշնամի հարեւաններով շրջապատված լինելը եւ ամեն վայրկյան լիակատար շրջափակման մեջ հայտնվելու վտանգը, ապա ակհայտ է, որ այս ոլորտը պետք է լինի կառավարության առաջնահերթ ուշադրության կենտրոնում՝ պաշտպանության եւ ազգային անվտանգության հետ զուգահեռ։ Սակայն ակնկալել, որ նման գիտակցում կա երկրի ղեկավար դարձած մարդու եւ նրա շրջապատի մոտ, միամտություն է։

Գյուղատնտեսության երկրորդ կարեւորությունն այն է, որ այստեղ է ներգրավված ամենամեծ թվով աշխատուժը՝ 266 հազար մարդ 2018 թ․-ի պաշտոնական ցուցանիշներով։ Դա Հայաստանի մոտ 1 մլն մարդ կազմող աշխատանքային ռեսուրսների ավելի քան մեկ քառորդն է։ Այս ոլորտում անկումը նշանակում է այդքան մարդկանց եկամուտների նվազում, ինչպես նաեւ արտադրվող սննդամթերքի պակաս եւ դրա գնի թանկացում։ Այս ամենն էլ հազիվ թե հասկանան գյուղատնտեսության նախարարության գոյությունն ավելորդ համարող եւ այն փակող իշխանության ղեկավարն ու կառավարության մյուս անդամները։

Հիմա կոնկրետ խնդրի՝ սպանդանոցների վերաբերյալ։ Այն, որ սննդամթերքի եւ մասնավորապես մսի անվտանգության ապահովումը կարեւորագույն խնդիր է, ոչ ոք չի կասկածում։ Սակայն այդ հարցը լուծել այդ սննդամթերքը արտադրողին տնտեսական վնաս հասցնելու եւ եկամուտներից զրկելու միջոցով, եթե շատ մեղմ ասենք, հիմարություն է։ Ըստ կառավարության որոշման, բոլոր անասնապահները՝ սկսած մի քանի գլուխ անասուն ուենցողներից մինչեւ մի քանի հարյուր գլուխ ունեցողները, դրանց մորթը պետք է պարտադիր իրականացնեն  սպանդանոցներում եւ ստանանք մսի անվտանգության փաստաթուղթ։ 

Թե որքա՞ն կորուստ կունենան հատկապես փոքր գլխաքանակ ունեցող անասնապահները տեղափոխման, սպանդանոցներում վճարների պատճառով, ի՞նչ պայմաններ կթելադրեն սպանդանոցները նրանց, ընդհանրապես որքանո՞վ է բավարարում սպանդանոցների առկայությունը բոլորի անասունների մորթն իրականացնելու համար, անսանապահների կողմից այս օրերին բազմիցս ասվեց։ Սակայն կառավարության կողմից ոչ մի հակափաստարկ, հիմնավորում, խոստում՝ հաշվի առնելու նրանց մտահոգությունները, չեղան։ Հիշեցենենք, որ նախորդ «ռեժիմի» օրոք, վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի օրոք, կառավարության շենքի դիմաց ցույցեր անողների ներկյացուցիչներին գոնե ընդունում եւ լսում էին, իսկ նախապես ընդունած որոշումները այնքան հաճախ էին չեղյալ համարվում, որ արդեն այդ կառավարությունների մոտ քաղաքական կամքի բացակայության տպավորություն էր թողնում։ Այլ է հիմա՝ «ժողովրդի» վարչապետը խուսափում է անգամ ընդունել եւ լսել բողոքող գյուղացիների մոտեցումները, չնայած ժամանակին հայտարարում էր, որ իր որոշումներն ընդունվելու են հրապարակում ժողովրդի հավանությանն արժանանալուց հետո։ Նիկոլ Փաշինյանը հիմա ջանում է միայն մեկ ուղղությամբ՝ խեղդել իր դեմ ուղղված ցանկացած դժգոհություն՝ դժգոհողների դեմ դուրս բերելով նրանց թիվը մի քանի անգամ գերազանցող ոստիկանական ուժեր։ Սակայն վերադառնանք սպանդանոցների խնդրին։

Եթե Հայաստանի գյուղատնտեսությունը լիներ այնքան խոշորացված, որքան ասենք ԱՄՆ-ում, որտեղ այս ոլորտում ընդգրկված է բնակչության մոտ 4 տոկոսը եւ որոնք խոշոր ագարակատերեր են, ապա միանշանակ է, որ վերջիններիս անասունները պետք է մորթվեին միայն սպանդանոցներում։ Երկու խոշոր տնտեսվարողներ՝ ագարակատերն ու սպանդանոցի տերը միմյանց հետ փոխշահավետ գործարք կկնքեին մորթի իրականացման պայմաների, գնի եւ այլ հարցերի շուրջ։ Սակայն Հայաստանում այլ կացություն է։ Անհատ անասնապահն ու սպանդանոցի սեփականատերը անհավասար կարգավիճակում են բոլոր առումներով։  Վերջինս անպայման թելադրելու է առաջինին, եւ փոխշահավետ համագործակցություն չի լինելու անգամ եթե չհաշվենք անհատ անասնապահին պատճառվող հավելյալ ծախսերը։ Ո՞րն է ելքը։

Առաջին՝ հետաձգել մորթը սպանդանոցներում համատարած իրականացնելու որոշման իրականացումը։

Երկրորդ՝ ավելացնել սպանդանոցների թիվը եւ հասանելիությունը բոլոր անասնապահների համար։ Դրան զուգահեռ, անասնապահների համար առաջացող լրացուցիչ ծախսերը սուբսիդավորել պետական բյուջեից։ Այո, գյուղատնտեսության կարեւորությունը գիտակցող բոլոր երկրներում այն սուբսիդավորվում է։ Հայաստանում նույնպես դրա անհրաժեշտությունն առկա է եւ դրա տնտեսապես արդարացված չլինելու մասին ցանկացած խոոսակցություն պետք է դադարեցնել։ Ինչ-ինչ, տասնյակ միլիարդավոր դրամներ միայն պետական ապարատի բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւատրումների վրա վատնելու փոխարեն կարելի է այդ գումարներն ուղղել գյուղատնտեսությանը։ Ինչպես նշել էր բողոքող անասնապահներից մեկը, Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ իր կերած խորովածը այդ մարդկանց աշխատանքի արդյունքն է։

Երրորդ՝ պետք է գտնել մեխանիզմներ, որ սպանդանոցներում մորթը իրականացնելը ոչ թե վնաս պատճառի գյուղացիներին, այլ շահավետ լինի։ Դա կլինի նրանց բաժնետեր դարձնելով, պետություն-մասնավոր, համայնք-մասնավոր համագործակցությամբ, թե՞ մեկ այլ ձեւով, որոշելիք հարց է։ Սակայն հիմնականը, որ անսանապահը չտուժի, նրան չխաբեն, իսկ սպառողը ստանա անվտանգ սննդամթերք։

Չորրորդ՝ մինչ այս ամենն անելը, խստացնել մսի վաճառքի պետական հսկողությունը, ինչը վերջին մեկուկես տարում մի տեսակ երկրորդ պլան է մղվել։

Կցանկանայինք հուսալ, որ կառավարությունն ու մշտապես ամեն ինչից անտեղյակ հայտարարվող կամ իբր թե սխալ զեկուցվող «թավշյա» վարչապետը ակնաջալուր լինի մարդկանց դժգոհություններին եւ փաստարկներին։ Սակայն, անցած օրերին նրա եւ կառավարության ցուցաբերած՝ անասնապահների նկատմամբ անտարբերությունն ու արհամարհանքը ցույց են տալիս, որ նման հույսի հիմք առանձնապես չկա։

Արա Մարտիրոսյան        

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ