12  11  2019

4 միլիարդանոց անապացույց ստի մասին

4 միլիարդանոց անապացույց ստի մասին

Ժամանակակից Հայաստանի ամենից արմատակալած ստերից մեկը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ահռելի կարողության, այսպես ասած՝ «4 միլիարդ դոլարի» լեգենդն է, ըստ էության՝ հորինվածքը:

Սա շարքային փչոց չէ, ոչ էլ պարզապես սուտ, որի առաջին բարձրաձայնողներից մեկը Նիկոլ Փաշինյանն է եղել, իսկ հետո «փչան Թոդորոսների» համակարգված խումբը փոխանցումներով շրջանառել ու շրջանառել է՝ տարիներ շարունակ:

Մի օր դա պետք է տեղի ունենար, և «5-րդ» հեռուստաալիքը, հետաքննության տարբերակով  փորձել է ի մի բերել, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանի 4 միլիարդի մասին առասպելական այդ սուտն ինչպես է ձևավորվել, հղկվել, ինչ սխեմաներով է տարածվել, սցենարիստներն ինչ շահեր ու նպատակներ են հետապնդել:

Տպավորիչ աշխատանք են կատարել մեր գործընկերները, ներգրավված փորձագետներն էլ բավականին հիմնավորված ու փաստարկված են գնահատում իրողությունները, կիրառված տեխնոլոգիաները:

 Կա ասացվածք. «Ստի ոտքը կարճ է»: Այսինքն՝ սուտը երկար կյանք չունի, ի վերջո, բացահայտվում է, ըստ ասացվածքի՝ արագ է դա կատարվում, իսկ ստով (կաղալով) հեռու չես գնա: Լինում են դեպքեր, որ ստով այնքան հեռու են գնում, որ հասնում են մինչև իշխանական բուրգի գագաթը: Հասնող եղել է:

 Ֆիլմի բովանդակությունը, ասելիքը մտածող, դեպքերն ու իրադարձությունները քննական ընկալող մարդկանց համար է նախատեսված: Չնայած դատողունակ մարդիկ առանց դրա էլ հասկանում են, որ «4 միլիարդ դոլարի» առասպելը սուտ էր և սուտ է:

Բայց դա հասարակ ստախոսություն չէ, որ մեկն ասաց, ինչ-որ պահ ուշադրություն գրավեց, վերջացավ-գնաց:

 Անապացույց, ոչ մի ռեալ փաստով չհիմնավորված հորինվածքը, որ մի 10 տարի առաջ դատարանի դահլիճում հուզախռիվ հնչեցնում էր ամբաստանյալի աթոռին հայտնված Փաշինյանը, նույն տեր-պետրոսյանական «կոմանդայից» ռուսաստանաբնակ Կարախանյանը պտտում է ռուսագիր ինչ-ինչ թերթերում (կայքերում): Հետո էստաֆետը վերցնում են Հայաստանում գործող արևմտամետ կամ ուղղակիորեն ամերիկյան ֆինանսավորում ունեցող քարոզչամիջոցները, պարբերաբար շրջանառում, ու ամեն նոր անդրադարձում հղում է արվում նախորդներին կամ՝ ռուսագիր կայքերին, իբր՝ որպես մի անհերքելի չգիտես, թե ինչ: Այդ հնարքը կարելի է բնորոշել որպես՝ «աղվեսն իր պոչն է վկա բերում»:

 Սա հետաքրքիր պատմություն է նաև այն իմաստով, որ երբ տարիներ շարունակ ոչինչ չես անում այդ ստերին հակադարձելու համար, այն սկսում է արմատավորվել հանրային ընկալման մեջ ու ընդունվում է արդեն համարյա որպես անհերքելի իրողություն:

Թե ինչպես են ԱՄՆ դեսպանատունն ու Տեր-Պետրոսյանը համագործակցաբար օգտագործել այդ սուտը, «5-րդ ալիքի» ֆիլմում բավականին հետաքրքիր ներկայացված է:

 Մեխանիզմն էլ է ուշադրության արժանի, որքան էլ որ այն նորություն չէ. հորինվում է սուտ, տպագրվում է արտերկրում, «ներկրվում» է գործողության տարածք, տվյալ դեպքում՝ Հայաստան, մի քանի անգամ բարձրաձայնվում է հրապարակային դեմքերի միջոցով, ու՝ տարածվում է, պարբերաբար շրջանառվում, «թարմացվում»: Դրանից հետո, մնացածն ընդամենը առիթ է՝ տվյալ սուտը տարբեր վերաշարադրումներով կրկնելու համար: Այնքան կրկնելու, մինչև հանրային գիտակցության մեջ մեխվի:

 Սա նոր տեխնոլոգիա չէ, ուղղակի նոր գործիքներով ու արդյունավետ է աշխատել, նախ՝ գործնականում դիմադրության չհանդիպելով, երկրորդ՝ հանրության մի զգալի մասը ուզում էր հավատալ և հավատաց: Մինչև հիմա էլ հավատում են և նույնքան հաճույքով կտցում արդեն ոչ թե ամբաստանյալ, այլ վարչապետ դարձած անձնավորույթան «կտերը»: Ինչպե՞ս են կտցում: Շատ պարզ՝ «պողոսաբար»:

 Բայց որն է ճակատագրի հեգնանքը. Նիկոլ Փաշինյանը ավելի քան մեկուկես տարի իշխանության ղեկին է, գործնականում՝ Հայաստանի միահեծան դիկտատորը, քննչական մարմիններն էլ են իր կրնկի տակ, երբեմնի հատուկ ծառայույթունն էլ, դատախազությունն ու ոստիկանությունն էլ: Ոչ մի խոչընդոտ չունի, որպեսզի վերջապես իր ասած 4 միլիարդից գոնե 1 միլիարդը վերջապես գտնի ու ցույց տա գոնե իր ընտրողներին: Մանավանդ, որ Ռոբերտ Քոչարյանն էլ կալանավորված է: Ի՞նչն է խանգարում: Մեկ բան է խանգարում, դա ի սկզբանե սուտ է եղել, և նա, ով դա առաջիններից մեկն է հնչեցրել, ինքը բոլորից լավ գիտի դրա մասին: Դրա համար էլ «հին սուտը» ճշտի տեղ անցկացնելու խնդիր նա չունի, փոխարենը խնդիր ունի հորինել նորանոր ստեր, որոնք էլ լապշայի նման կախում է իր հլու-հնազանդ պողոսների և պողոսուհիների ականջներից: Նրանց դա շատ է դուր գալիս:

 Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ