28 08 2019

Կործանարար «անորոշություն»

Կործանարար «անորոշություն»

Առաջիկա երկուշաբթի` սեպտեմբերի 2-ին Արցախը և համայն հայությունը   հանդիսավորությամբ կնշեն ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հռչակելու 28-րդ տարեդարձը։ Հայոց երկրորդ հանրապետության ծնունդը ուղեկցվեց պարտադրված ազատագրական պատերազմով, 3 տարի անց` 1994-ի մայիսի 11-ին նշանավորվեց Արցախի և Ադրբեջանի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրով, նաև համայն հայության միասնությամբ, զինված քաջարի պայքարով, կամքով, քրտինքով ու արյամբ ազատագրված հայրենիքով։

Ազատագրված ԼՂԻՄ բուն տարածքում և 7 շրջաններում արցախցին կերտում է իր անկախ ու ինքնիշխան պետականությունը։ Նաև չի մոռանում, որ դեռ գերված է Շահումյանի շրջանը` Էրքեջը, Կարաչինարը, Մանաշիդը, Բոզլուխը, Գետաշենը, Մռավ լեռը։ Չի մոռանում իր ազատատենչ նահատակներին, իր անվտանգությունն ապահոված և պետություն կառուցած հերոսներին։

Բայց նաև Արցախցին այսօ՛ր արդեն ուզում է իմանալ, թե ինչո՞ւ է Հայաստանում թավշյա իշխանափոխությամբ վարչապետ դարձածը, ով ոչ մի կաթիլ արյուն ու քրտինք չունի Արցախի 28-ամյա անկախության մեջ, փորձում է խառնել Արցախի պատմությունը` ապօրինի կալանքի ու անհիմն մեղադրանքի միջոցով քաղաքական հաշվեհարդար տեսնելով Արցախի ազատագրական պայքարի ղեկավար, Արցախի անկախության հռչակագրի համահեղինակ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Ուզում է իմանալ, թե ինչ իրավունքով է ՀՀ վարչապետը պաշտոնանկություն պարտադրում իր անկախությունը պահպանող մարտական գեներալներին, ինչ՞ իրավունքով է միջամտում անկախ Արցախի ներքին գործերին՝ նպատակը ո՞րն է։

Արցախցին մտահոգված է երեքշաբթի` օգոստոսի 27-ի իր դեսպանների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի հնչեցրած ուղղակի հայտարարությունից, թե «ՀՀ կառավարության գլխավոր նպատակը` Սփյուռքի, Հայաստանի և Արցախի միջև սահմանները ջնջելը, վերացնելն է»։ Արցախցուն խիստ անհանգստացնում է, որ աշխարհում միայն Ադրբեջանի նախագահի հետ ուղիղ հեռախոսակապ և միայն նրա հետ փոխվստահության հարաբերություններ ունեցող ՀՀ վարչապետը հենց Արցախի անկախության 28-ամյակի նախօրեին է իր դեսպանների հետ հանդիպում ու բացահայտ պարտադրում, պաշտոնապես հանձնարարում` նենգափոխել Արցախի հիմնախնդրի ծագման, ազատամարտի, լուծման, բանակցային ընթացքի պատմությունը։

Արցախցին, նաև ողջախոհ, անկողմնակալ, արդարամիտ, իրողությունները համարժեք գիտակցող ու գնահատող համայն հայությունը համոզված է, որ Արցախի հերոս, Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր 65-ամյակը բանտում է դիմավորում այն պատճառով, որ 1998-ին թույլ չտվեց` ԼՏՊ-ն Արցախի ազատությունը զոհաբերի Ադրբեջանին, խափանեց նրա ազգադավ «ազատագրված տարածքներ` լավ ապրելու դիմաց» ծրագիրը ու իշխանազրկեց։ Այս թավշյա ազգային խայտառակությունը Փաշինյանը ձեռնարկել է, քանի որ 2008-ի մարտին նախագահ Քոչարյանը` սահմանադրական իր լիազորությունների հստակ գործադրմամբ կանխեց ԼՏՊ-ի ղեկավարած ու Փաշինյանի որոշիչ մասնակցությամբ կազմակերպված և 10 զոհերի պատճառ դարձած զինված ապստամբությունը, որի նպատակը` իշխանության վերադառնալու ԼՏՊ-ի ռևանշիզմն էր։

Այսօր նախագահ Քոչարյանը բոլոր օրենքների ու սահմանադրության կոպիտ խախտմամբ քաղբանտարկյալ չէր լինի, եթե Տեր-Պետրոսյանը, Փաշինյանը, նրանց կաստան հավատացած չլինեին, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք իրենց թույլ չի տա` հայոց պատմությունը հետ տանել մինչև 1996 թվական ու իրագործել ի սկզբանե իրենց հանձնարարված պետականակործան օտարածին ծրագիրը։

Գուցե բնավ էլ պատահական չէ, որ ժողովրդի թիկունքում բանակցություններ վարող ԱԳՆ աշխատակիցներին և իր դեսպաններին վարչապետը հենց սեպտեմբերի 2-ի նախօրեին հայտարարեց, թե որոշել է «հստակ դիրքորոշում» ունենալ Արցախի հիմնախնդրի ու բանակցային լուծման վերաբերյալ, բայց նաև հաստատեց, որ դեռ չգիտի, թե իրեն ինչ «հասկանալի, հստակ, սեփական երկրի ռազմավարական շահերից բխող» դիրքորոշումներ են թելադրելու։

Հաստատապես պատահական չէր, որ վերջին կալանքից առաջ նախագահ Քոչարյանն իր հարցազրույցում ընդգծեց. «չեմ կարծում, թե կա մեկը, ով հասկանում է` այս իշխանությունն ինչ է ուզում: Բավական լուրջ վտանգներ եմ տեսնում. ո՞նց է կարելի` բանակցել առանց բանակցությունների ռազմավարության, առանց սկզբունքների, առանց տեսլականի։ Այն ինչ արել է օրվա իշխանությունը Արցախի նկատմամբ` ուղղակի ամեն քայլափոխի կասկած է դնում Արցախի անկախությանը, ինքնությանը. խոսքը Արցախում հեղափոխություն անելու, Արցախում դավադիր ուժերի մասին է: Իրենց համար հասկանալի չէ պատերազմը հաղթած մարդկանց տեսակը։ Դա դասական դասալիքի, բարդույթի արտահայտությունն է։ Նաև տեսակի խնդիր է. այլ ուժերը փորձում են այդ տեսակից ազատվել։ Ես էլ եմ այդ տեսակից»։

 Հզոր շարժում դառնալու «Կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափը արդեն հաստատում է` թե որ տեսակն է հաղթում։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ