12  07  2019

Վարչապետը նախորդ իշխանության հերթական աշխատանքը «սեփականաշնորհեց»

Վարչապետը նախորդ իշխանության հերթական աշխատանքը «սեփականաշնորհեց»

2019 թ․-ի հուլիսի 12-ին հայկական լրատվական հոսքում հետևյալ հաղորդագրությունը տարածվեց, համապատասխան տեսանյութերով․ «Երևանում մեկնարկում է նոր 250 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) կառուցման շինարարական փուլը: Մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»: Այժմ, թե ինչի՞ մասին է խոսքը և ի՞նչ կապ ունի այս կարևոր կառույցի և ներդրումային ծրագրի հետ Նիկոլ Փաշինյանը։ Եթե համառոտ, ապա ոչ մի կապ։ Սա նախկին իշխանության կողմից կատարված աշխատանքի յուրացման նրա հերթական քայլն է։ Ավելին, հենց Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով ավելի քան 2 տարի առաջ արդեն մեկնարկած այս ներդրումային ծրագիրը կասեցվել էր։ Հիմա այն «մեկնարկում է» նոր «բրենդով»՝ որպես Նիկոլ Փաշինյանի ձեռքբերում, իսկ կատարվելիք ներդրումներն էլ հետագայում նա կներկայացնի որպես իր նվաճում։ Նիկոլ Փաշինյանին հավանաբար երբևէ չեն սովորեցրել, որ ուրիշի արածը չի կարելի յուրացնել կամ գողանալ, և երկրի ղեկին հայտնվելուց հետո դա դարձավ նրա հիմնական գործելաոճը։

Այժմ կոնկրետ փաստեր Երևանում նոր ՋԷԿ-ի կիառուցման ներդրումային ծրագրի մասին։ Այն մեկնարկել է 2017 թ․-ի մարտի 17-ին։ Առավել ամփոփ այդ օրը տեղի ունեցած իրադարձության մասին գրված է ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության պատոնական կայք էջում «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել նոր ջերմային կայանի կառուցման հիմնարկեքի արարողությունը, որի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին ստորագրել են համատեղ հուշաթերթ։ Այն պարկուճի մեջ դրվել է կառուցվող ՋԷԿ-ի հիմքում: 

Երևանի նոր ՋԷԿ-ի ծրագիրն իրականացնում է «Ռենկո» ընկերությունը։ Նախատեսում է մոտ 234ՄՎտ հզորությամբ և մինչև 53 տոկոս ընդհանուր ՕԳԳ-ով համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի կառուցում։

Ֆինանսավորումը կիրականացվի մասնավոր ներդրումների հաշվին։ Ծրագրի արժեքը կկազմի շուրջ 285 մլն ԱՄՆ դոլար: Շինարարական աշխատանքները կտևեն 26 ամիս և կավարտվեն 2019 թվականի երկրորդ կեսին:

Միայն շինարարության ընթացքում կստեղծվի շուրջ 900 ժամանակավոր, իսկ շահագործման հանձնելուց հետո` 200 մշտական և բարձր վարձատրվող աշխատատեղ:

«Ռենկո» ընկերության կողմից Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը նախագծվել է ժամանակակից և որակյալ սարքավորումների ու գիտական փորձի ներդրմամբ, որը երաշխավորում է կայանի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը»:

Այսինքն, նոր ՋԷԿ-ի կառուցումը ոչ թե պետք է նոր սկսվել, այլ արդեն ավարտված լիներ։ 285 մլն դոլար արժողությամբ նոր ՋԷԿ-ի կառուցման մեկնարկի մասին այլ մանրամասներ ներկայացված են նաև լրատվական կայքերում։

Օրինակ՝ այն ժամանակվա փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտնել էր, որ նոր ՋԷԿ-ի «ֆինանսավորումն ամբողջովին իրականացվում է օտարերկրյա ներդրումների հաշվին՝ առանց պետական պարտքի կամ երաշխիքների։ Պետության միակ պարտավորությունը որոշակի քանակով էլեկտրաէներգիայի գնումն է, այն էլ՝ այնպիսի գներով, որը հնարավորություն է տալիս էական բարելավումներ ակնկալել սակագնային սանդղակում»:

Առավել ուշագրավ է նոր ՋԷԿ-ը կառուցող ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի խոսքը««Հայաստանում սա մեր ամենամեծ և ռազմավարական նախագիծն է, ինչպես նաև ամենամեծ ներդրումն այս երկրում», նոր էլեկտրակայանի շինարարության մեկնարկի արարողության ժամանակ այս մասին հայտնեց «Ռենկո» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիմոնե Ջիովանինին։ Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման նախագծի իրականացման ուղղությամբ առաջին աշխատանքները Սիմոնե Ջիովանինիի հաղորդմամբ սկսվել են 2016թ.-ից»։ Նրա խոսքերը փաստում են, որ Հայաստանում նոր ՋԷԿ կառուցելու վերաբերյալ աշխատանքները սկսվել են ավելի քան երեք տարի առաջ և այդ ծրագիրը իրականցման փուլին են հասցրել նախորդ կառավարության օրոք։

ՀՀ նախագահի պաշտոնական վեբ կայքում այս առթիվ տրված հաղորդագրության մեջ մեկ այլ, ևս չափազանց ուշագրավ տեղեկատվություն կա, որ բացահայտում է Նիկոլ Փաշինյանի հերթական խաբեությունը․ «Ոլորտի պատասխանատուները նշել են, որ 2019 թվականին կավարտվեն Հայաստան-Իրան 400 կՎ երկշղթա երրորդ և Հայաստան-Վրաստան 400 կՎ նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի շինարարական աշխատանքները, և նկատի առնելով, որ 2019 թվականին ծրագրվում է ավարտել նաև այս նոր էներգաբլոկի շինարարությունը՝ այն հնարավորություն կտա Հայաստանին ապահովել հարևան երկրներ էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունն ու անխափանությունը և դառնալ տարածաշրջանի էլեկտրաէներգետիկական շուկայի կարևոր մասնակից»:

Հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, «100 փաստի» հետևյալ կետը․ «Մեծ թափ է հաղորդվել դեռևս 2006թ. մեկնարկած Հայաստան-Իրան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին, ինչի շնորհիվ 2018թ. վեց ամսվա արդյունքներով կատարվել են մոտավորապես նույն քանակի աշխատանքներ, ինչ նախորդ 12 տարվա ընթացքում»։ Այսինքն, աշխատանքների այդ ծավալը նախատեսված է եղել երկու երկրների միջև վաղուց, իսկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ այն ներկայացրել է որպես իր ձեռքբերում։

Վերադառնալով Երևանի նոր ՋԷԿ-ին ներդրումային ծրագրին, նշենք, որ դրան կառավարական մակարդակով հերթական անդրադարձը եղել է 2017 թ․-ի սեպտեմբերին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովվանի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը, որի ժամանակ նշվել էր, որ «Կողմերն անդրադարձել են ս.թ. մարտի 23-ին Երևանում ՀՀ կառավարության և «Ռենկո» ընկերության միջև կնքված շրջանակային համաձայնագրի դրույթների կատարման ընթացքին, որոնք վերաբերում են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցմանը:  Ջովաննի Ռուբինին գոհունակությամբ ընդգծել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի»։

Թե ինչպե՞ս եղավ, որ «ըստ ժամանակացույցի» ընթացող ծրագիրը կասեցվեց նոր կառավարության կողմից, թող պարզաբանի Նիկոլ Փաշինյանը։ Համենայնդեպս, փաստ է, որ այն կասեցվել է և որ ներկայումս այս ծրագրի վերսկումը ներկայացվում է որպես մեկնարկ, որի կառուցման համար ևս 26 ամիս պետք է սպասենք, իսկ ներդրումների չափն էլ 285 մլն դոլարի փոխարեն դարձել է 250 մլն դոլար։ Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ կառավարման հետևանքը, որի պատճառով, ցավոք, ինչպես միշտ տուժում են երկիրն ու ողջ ժողովորդը, այլ ոչ թե միայն դրան արժանի «հպարտները»։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ