28  05  2019

Քանի՞ գործ են ԱԱԾ-ն ու Դատախազությունը հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցումով

Քանի՞ գործ են ԱԱԾ-ն ու Դատախազությունը հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցումով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ի երեկոյան հանդես եկավ ֆեյսբուքյան հետևյալ գրառմամբ․  

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»։

Այս գրառման հետ կապված Yerevan.Today-ը հարցումներ էր ուղարկել Գլխավոր դատախազություն և Ազգային Անվտանգության ծառայություն՝ պարզելու, թե ինչ քրեական գործեր են հարուցվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով իր նշանակման՝ 2018թ․ մայիսի 8-ից, մինչև 2019 թվականի ապրիլի 4-ը ներառյալ, դրանք քանի՞սն են և որո՞նք են։ ՀՀ ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է ՀՀ վարչապետին լիազորում քրեական գործ հարուցելու ցուցում տալ։ Եթե ՀՀ օրենսդրությունը վարչապետին չի լիազորում հանդես գալ նման ցուցումով, այդ դեպքում դիտարկվո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 4-ին ֆեյսբուքյան էջում գրառման հիման վրա նրա նկատմամբ քրեական գործի հարուցումը։

Ստորև ներկայացնում ենք մեր հարցումների պատասխանները.

Ազգային անվտանգության ծառայություն

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրված Ձեր՝ 05.04.2019 տեղեկատվություն ստանալու հարցամն կապակցությամբ հայտնում եմ.

  1. 2018 թվականի մայիսի 8-ից մինչև 2019 թվականի ապրիլի 4-ը ներառյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում վարչապետի ցուցումուվ որևէ քրեական գործ չի հարուցվել:
  2. Քերական գործ հարուցելու առիթները, հիմքերը և կարգը սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-184-րդ հոդվածներով: Մասնավորապես 176-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործ հարուցելու առիթներն են՝
  • հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները՝ ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին,
  • հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները,
  • հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը՝ իրենց լիազորություններն իրականացնելիս»:

ՀՀ գլխավոր դատախազություն

«ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր 05.04.2019 թվականի հարցման կապակցությամբ հայտնում ենք հետևյալը:

  1. Քրեական գործ հարուցվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում՝ դատախազի, քննիչի հետաքննության մարմինների կողմից: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված լիազորությունների շրջանակում դատախազին վերապահված է նաև քրեական գործերի հարուցման հիմքերի և առիթների օրինականության ստուգումը՝ անկախ նրանից, թե քրեական գործը համապատասխան իրավասությամբ օժտված պետական որ մարմնի կողմից է հարուցվել:
  2. ՀՀ քրեական դատավարության օրենսգիքը սահմանում է քրեական դատավարության մասնակիցների շրջանակը, հստակեցնում քրեական վարույթի շրջանակում դատավարական ցուցում տալու իրավասությամբ օժտված սուբյեկտներին, որոնց թվում օրենսդիր և գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձինք չեն մտնում:
  3. Դատխազի կողմից սահմանված կարգով ստուգվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և քննչական ենթակայության կարգով ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված համապատասխան քրեական գործի հարուցման օրինականությունն ու հիմնավորվածությունը: Որոշումն օրինական է, այն վերացնելու հիմքեր չկան, իսկ ՀՀ վարչապետի համապատասխան գրառումը քրեական գործ հարուցելու հիմքեր չի պարունակում: ՀՀ վարչապետը իրավասու է տիրապետել ՀՀ վարչապետին ենթական մարմնի՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված՝ առերևույթ հանցագործության մասին վկայող տվյալներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ