15  05  2019

Ծանր ու դժվարին է դատավորի ընտրությունը

Ծանր ու դժվարին է դատավորի ընտրությունը

Երեքշաբթի` մայիսի 14-ին, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց նախնական նիստը, որը պետք է քննի միայն մեկ` կալանավորված ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, Արցախի հերոս, Արցախի և ՀՀ նախկին վարչապետ, Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Հանիրավի կալանված նախագահ Քոչարյանին սատարողները նիստի վերսկսումից դեռ 2 ժամ առաջ ավտոերթ իրականացրեցին, ապա «ազատություն նախագահին» պահանջով հերթական բողոքի ակցիան շարունակեցին դատարանի բակում։

Դարձյալ հախուռն ու տարերայնորեն դատարանի մուտքի առջև հավաքվեցին նաև թավշյա իշխանության «պահապանները»։ Նախագահ Քոչարյանի աջակիցների գործողություններին ինչ-որ ձևով հակակշռելու համար` անտրամաբանական ինչ-որ իներցիայով, նրանք սկսեցին բղավել «Նիկոլ վարչապետ» վանկարկումը։ Տարածքը գոտիավորող արգելապատնեշներ տեղադրելուն զուգահեռ` ստվարացած խմբերով ոստիկանները ևս ուզում էին գուշակել. նիկոլականները չգիտե՞ն, որ Փաշինյանն արդեն մեկ տարի է վարչապետ է, թե՞ անհույս գոռում էին, որ Փաշինյանն էլ գա ու միանա իրեն ինքնամոռաց պաշտպանողնողներն ու իներցիայով պաշտողներին։

Նիստը վերսկսվեց դատարանի դահլիճ նախագահ Քոչարյանի մուտքը ողջունող ծափերով։ Ապա դատավարությունը նախագահող դատավոր Գրիգորյանը ներկայացրեց նախօրեին պաշտպանական խմբի ներկայացրած ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը։ Ինչպես և կանխատեսվում էր, դատավորը մերժեց միջնորդությունը` չընդունելով պաշտպանական խմբի հիմնավորված ու ողջամիտ կասկածը, որ ինքն այս քրեական գործի դատաքննական վարույթում անկողմնակալ ու անկախ դատավոր չէ։ Իր անաչառությունն այս կերպ հավաստած դատավորն այդուհետ անցավ նախագահ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանքի հիմնավորության վիճարկվող հարցի քննարկմանը։

Ինքնաբացարկի միջնորդությունը մերժելով` դատավոր Գրիգորյանն ակամա հայտնվեց դժվարին ընտրության առաջ։ Փաշինյանն այլևս սխալ քայլ կատարած, սխալ ճանապարհի կանգնած վարչապետ է։ Փաշինյանի գործած ու գործելիք բոլոր հանցավոր սխալների պատասխանատու սրբագրիչը հիմա ակամա դառնում է դատավոր Գրիգոյանը։ Նա սակայն, դատավորի իր կոչումը սրբորեն պաշտպանելու ռեալ շանս ունի դեռ. եթե հավատարիմ մնա օրենքին, հաստատի նախագահ Քոչարյանին սահմանադրական անձեռնմխելիությունն ու նրան կալանելու անօրենությունը, նոր միայն հանգիստ խղճով ինքնաբացարկ հայտնի։

Դատավոր Գրիգորյանը պետք է գիտակցի, որ Փաշինյանը շարունակելու է գործել բոլոր այն արարքները, որոնք մինչև վարչապետ դառնալը (հիմնավոր կամ անհիմն, ազնվորեն կամ շահադիտորեն) սխալ էր համարում, և ինքը դառնալու է հանցավոր վարչապետի հանցակիցը։ Արդեն իսկ դա է ապացուցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի` դատարանին հասցեգրած երաշխավորական նամակը, որով երկու ծանրակշիռ ու վաստակաշատ քաղաքական ու պետական գործիչները խնդրել են` նախագահ Քոչարյանի «կալանավորումը փոխարինել ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցով», նաև արդեն հայտնել են, որ կներկայանան դատարան ու կվերահաստատեն իրենց երաշխավորությունը։

Դատավոր Գրիգորյանին որոշ իրողություններ պետք է հուշեն դատարանի շուրջ այս օրերին տեղի ունեցող զարգացումները ևս։ Դատարանի մուտքի առջև, օրինակ, «պարտաճանաչորեն» դարձյալ իրենց դիրքերն էին գրավել բեմադրված «ինքնաբուխ» պերֆորմանսների ու հրահանգված բախումների պատրաստ սադրիչները։ Օդում կախված լուրերի համաձայն` սադրիչի գործի մեկ օրը գնահատվում է 10 հազար դրամ։ Սրանք համարվում են և՛ միկրոբիզնեսի առաջին հպարտ ներկայացուցիչներ ու չեն հարկվում, և՛ միաժամանակ ներառված են չգրանցված-չերևացող 50 հազար նոր աշխատատեղերը ստացածների ցանկում։

Ծայրահեղորեն ցավալի է, որ այս սադրիչներին քաղաքակիրթ տեսք ու իմաստ հաղորդելու համար տարբեր հնարքներով դատարան են բերում մարտի 1-ի զոհերի ծնողներին ու հարազատներին։ Նրանց թավշյա իշխանությունը նախ փորձեց խաբել փոխհատուցումներ տալու օրենսդրական նախաձեռնությամբ։ Հիմա էլ խաղում են այս մարդկանց սրբազան ու անաղարտ զգացմունքների վրա։

Մինչդեռ իրողությունն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ դատավարության տեսքով իրագործվող այս քաղաքական հաշվեհարդարը ոչ մի կերպ մարտիմեկյան զոհերի հանգամանքներին չի անդրադառնալու։ Վարչապետ Փաշինյանը հենց սեփական ու իր հոգևոր հայր ԼՏՊ-ի մարդակործան քաղաքական նկրտումներն ու 11 տարի առաջ գործած ծանրագույն հանցանքները պարտակելու նպատավ է արգելել` որևէ կերպ հետաքննել մարտիմեկյան դեպքերը։ Նա հստակ գիտի, որ հենց իր սադրիչ կոչերով է իրեն վստահած մարդկանց ուղարկել զոհվելու` հանուն ԼՏՊ-ի ու իր քաղաքական ռեևանշի, իսկ հիմա նենգորեն շահարկում է զոհերի ծնողների ու հարազատների հավատն ու խիղճը։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ