17  01  2019

Ինչպե՞ս փչացնել հարևան-բարեկամի հետ հարաբերությունները

Ինչպե՞ս փչացնել հարևան-բարեկամի հետ հարաբերությունները

Հայաստանում աղմուկ է բարձրացնում Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերի՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն արած հայտարարությունը, թե՝ Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը․ ուժով ձեռք բերվող սահմանների փոփոխությունն անթույլատրելի է, և Իրանն այդ հարցով միշտ Ադրբեջանի կողքին է։

Մեր հարևան երկիրը, որի հետ մշտապես ունեցել ենք բարեկամական հարաբերություններ, կարծես շեղվում է ընդհանուր ուղուց և անում հայտարարություններ, որոնք Հայաստանի շահերին և բարիդրացիության ոգուն խստորեն հակասում են։

Իրանը երկրորդ անգամ է նման դիրքորոշմամբ հանդես գալիս։ Առաջին անգամը հոկտեմբերի 30-ին էր, Ստամբուլում։ Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները եռակողմ հանդիպման վերջում հանդես եկան հռչակագրով, որտեղ Մևլութ Չավուշօղլուն, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Էլմար Մամեդյարովը կոչ արեցին տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծել խաղաղ միջոցներով` տարածքային ամբողջականության սկզբունքի հիմքի վրա: «Նախարարներն ընդգծեցին այն պարտավորությունները, որ վերաբերում են պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ բոլոր հակամարտությունների խաղաղ լուծմանը և հատկապես այն աջակցությանն ու հարգանքին, որ պետք է ցուցաբերվի պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների նկատմամբ։ Այս համատեքստում մեկ անգամ ևս ընդգծում ենք հայ-ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը վերը թվարկված սկզբունքների հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իրանի երկու հայտարարություններում ուշագրավ է այն, որ դրանք կատարվել են ՀՀ նոր իշխանության օրոք և երկուսն էլ կատարվել են Հայաստանում բարձր մակարդակով հակաիրանական վերաբերմունքի դրսևորումից հետո։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ի հաղորդագրությունը հաջորդեց հոկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցին և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ Բոլթոնը հասկացրեց, որ Իրանի հարցում Հայաստանը պետք է կիրառի ամերիկյան պատժամիջոցները, այլ տարբերակ չկա։ Հասկացվեց, որ Հայասանի և հարևան երկրների հետ հարաբերություններում Հայաստանը սկսել է քիչ բան որոշել։ Պատժամիջոցներն Իրանի նկատմամբ նոր չեն, բայց Հայաստանը երբևէ չէր ներքաշվում դրա մեջ, ինչին ըմբռնումով էին մոտենում արևմտյան գործընկերներն ու ԱՄՆ ղեկավարությունը։

Իսկ որպես Բոլթոնին արձագանք, նոյեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով»։

Իսկ դրանից առաջ էլ՝ հոկտեմբերի 19-ին, մեկնաբանելով Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակումը, Նիկոլ Փաշինյան ասաց, թե պատճառն Իրանից Հայաստան մտնող խոշոր խմբաքանակի թմրամիջոցներն են, որոնց մի մասը Հայաստանով դուրս է գալիս՝ վնասելով երկրի հեղինակությունը, իսկ մյուս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով երիտասարդությանը: «Ինձ համար կարևորագույն խնդիր է՝ ջարդել այդ նարկոտրաֆիկի ողնաշարը»,- ասաց նա:

Այսինքն, երկու քաղաքական ոտնձգություն հարևան-բարեկամ երկրի հանդեպ՝ Հայաստանի ղեկավարի կողմից։

Սրան գումարվեց հունվարի 16-ի սկանդալը․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարեց․ «Եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, դա կարող է շատ լավ աշխատել: Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջական հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ»։

Հետո, երբ աղմուկ բարձրացավ, ելույթի հեղինակը հերքեց՝ ասելով, թե բանավոր խոսքի ընթացքում վրիպակ է եղել, իսկ նման սխալներ՝ արագ խոսելու հետևանքով, Նիկոլ Փաշինյանի թիմը հաճախ է անում։

Շփոթվե՞լ էր պատգամավորը, թե՝ սա իշխանության հատուկ մշակած քաղաքականության հերթական դրսևորումն է, չենք կարող ասել։ Սակայն հստակ է հակաիրանական ընդգծված գծի վարումը։

Սրան գումարենք այն, որ Հայաստանի վարչապետը համառորեն չի այցելում ԻԻՀ։

Ընդհանրապես, Հայաստանի նոր իշխանությունը որդեգրել է նախորդների ժամանակ ձեռք բերվածը ոչնչացնելու քաղաքականություն՝ դա փաթեթավորելով «ինքնիշխանության» լոզունգով։ Հայաստանի նոր իշխանության մեջ բազմաթիվ են մարդիկ, որոնք ոչ միայն չգիտեն հարաբերություն կառուցել, այլև չեն հասկանում դրա արժեքը, չեն հասկանում հարևան երկրների դերը, կշիռն ու միջազգային հեղինակությունը։

Արտաքին քաղաքական այս սխալների համար ինչպե՞ս և ո՞վ է հատուցելու, և ինչպիսի՞ն կլինի հատուցումը, վախենալու է անգամ մտածելը։

Հայաստանը նոր իշխանությունների համար արտագնա աշխատանք է կարծես այստեղ պաշտոնավարելը, երկիրը վերաբերում են որպես տնվորի և անխնա կերպով ավերում այն։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ