26 11 2018

Նահանջ քայլերթով

Նահանջ քայլերթով

Վարչապետի ժպ-ի երևանյան քարոզչական քայլերթն անցավ նույնքան աննկատ ու անհետք, ինչպես օրը, կաթկթացող անձրևն ու աշնանային մեղմացուրտ քամին։ Չնայած ողջ ադմինիստրատիվ ռեսուրսի գերմոբիլիզացիային ու հարկադիր կամավոր մասնակցության պարտադրանքին` Փաշինյանի հետևից քայլողները տեսանելիորեն սակավ էին, բացահայտորեն «դուխները» սպառած, բայց նաև` ակնհայտորեն շահագրգիռ։ Ըստ էության` քայլերթի էին դուրս մեծավ մասամբ նրանք ու նրանց խմբերը, ովքեր խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո մանդատներ, պաշտոններ ու արտոնություններ պետք է ստանան։ 

Քայլերթն, այնուամենայնիվ, ուշացած էր։

Թեև Փաշինյանը սեպտեմբերից արդեն անթաքույց շտապում էր, բայց` ուշացավ։ Նրան հաջողվեց հնարավորին արագ լուծարել ԱԺ-ն ու հնարավոր ամենամոտ ժամկետում նշանակել արտահերթ ընտրություններ։ Հիմա, սակայն, արդեն բացահայտ է, որ դեռ նախընտրական քարոզչական փուլին չհասած` նրա ժողովրդական համարումից ծվեններ են մնացել, իսկ փողոցի վստահությունը փոխվել է թերահավատության ու հուսախաբության։ Ժողովուրդն իրեն անտեսված ու խաղից դուրս է զգում։

Ժողովուրդն, իրոք, նախորդ ամիսներին հմայված քայլում էր Փաշինյանի հետևից, նրա ամեն խոսքից ու խոստումից էյֆորիա էր ապրում։ Հմայքն ու էյֆորիան, սակայն, շատ արագ փչացող ու չքացող գործոններ են, երբ անընդհատ չեն բորբոքվում ու չեն սնում միտքը, ոգին, մարմինը։ Բոլոր դեպքերում` ամենուր հեղափոխություններն արվում են ստամոքսով։ Իսկ անցած ամիսներին, և չնայած բարենպաստ տաք եղանակին, ժողովուրդը գիտակցեց, որ հեղափոխական «սնունդը» միայն նոր էլիտայի համար է, իսկ անփորձ ու հավակնոտ երիտասարդ էլիտան նույնպիսի շտապողականությամբ միայն անձնական խնդիրներն է լուծում։

Հոկտեմբերի 2-ից և, առավել ևս` ԱԺ-ն «բարեհաջող» լուծարելուց հետո Փաշինյանը վստահ էր, որ ժողովրդի փողոցային ճնշումների կարիքն այլևս չի ունենալու։ Այս վստահությամբ էլ «գրվեց» կամ պատճենվեց գալիք տարվա պետական բյուջեն, կազմվեց քպական ընտրացանկը։ Եվ ժողովուրդը, անգամ էյֆորիայի ու հմայվածության վիճակում, զգաց, որ այլևս իր կարծիքը Փաշինյանին ու նոր էլիտային չի հետաքրքրում։ Ժողովուրդն սթափվեց ու գիտակցեց, որ օգտագործվել ու մոռացվել է, որ եղած սոցիալական դժվարություններն ինքնուրույն պետք է հաղթահարի ու ինքն իր համար գործ գտնի, որ իր ներուժը տեղ ու դեր չուն ունենալու վերակազմավորվող ապագա իշխանությունում, որ նորերի համար ինքը միջոց է, ոչ թե` նպատակ։

Արտահերթ ընտրությունների շեմին, քարոզչական առաջին իսկ քայլերից` երբ Փաշինյանը հստակ համոզվեց, որ արդեն ուշացել է և անդառնալի կորուստներ ունի, դարձյալ դիմեց ժողովրդի աջակցությանը։ Նախաքարոզչական քայլերթը, սակայն, միանշանակ ապացուցեց, որ վարչապետի ժպ-ն չունի ժողովրդի աջակցությունը և անշրջելի նահանջի ճանապարհին է։ Նա այլևս չի կարող քաղաքական պայքարը վերածել անծրագիր, անգաղափար ու անհիմք խոստումներով ուղեկցվող փողոցային միջոցառման` թիկունքում ունենալով միայն ապագա պաշտոնյաններին ու իր թիկնապահներին։  

Մի առիթով, ճիշտ է` ամիսներ առաջ, Փաշինյանը հայտարարել է, թե կառչած չէ վարչապետի աթոռից ու անմիջապես հրաժարական կտա, երբ կորցնի ժողովրդի վստահությունն ու աջակցությունը։ Նա այսօր արդեն ցուգցվանգի վիճակում է, իսկ քարոզարշավը առավել կբարդացնի իրադրությունը ու կխորացնի հեղափոխական իշխանության նահանջը։ Առաջիկա ընտրությունների արդյունքներն էլ կհաստատեն հեղափոխական դիվիդենտների կորստի տխուր իրողությունը։ Մնում է հուսալ, որ մինչև դեկտեմբերի 9-ը ներքաղաքական կյանք նոր լարվածություն ներմուծելու և պարտությունից խուսափելու քայլեր Փաշինյանը չի ձեռնարկի։ 

Հուսանք նաև, որ ընտրությունների հետո Փաշինյանը կհիշի նաև ամիսներ առաջ արած «եթե մենք մի միլիմետր շեղվեցինք ճշմարտությունից, եթե մի միլիմետր շեղվեցինք մարդկանց աչքերի մեջ ուղիղ նայելուց, ուրեմն մեր ամբողջ կյանքը, գործունեությունը և այս ամեն ինչն անիմաստ են: Մենք իրավունք չունենք որևէ ընկերական, ազգակցական, ընտանեկան կապ ավելի բարձր գնահատել, քան այն արժեքները, որ մենք միասին ստեղծել ենք: Դա կլինի ուղիղ դավաճանություն պետության, հայրենիքի, ժողովրդի նկատմամբ» հայտարարությունը և չի դավաճանի գոնե ինքն իրեն:

 

Տիգրան Ուզունյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ