02  02  2018

Ինչպիսի՞ն կլինի Երևանի նոր երթուղային ցանցը. Ներկայացնում է փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը



Փետրվարի 2-ին մամլո ասուլիսի էր հրավիրել Երևանի փոխքաղաքապետ, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը՝ ներկայացնելու նոր ցանցի նախագծի հիմնական առանձնահատկությունները:

Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք որոշ մեջբերումներ փոխքաղաքապետի խոսքից.

Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծով նախատեսվում է քաղաքում ունենալ 42 երթուղի՝ ներկայում գործող 115 երթուղու փոխարեն:

Գործող ցանցը կրկնվող երթուղիների ամբողջություն է, իսկ նոր ցանցը գործելու է փոխլրացման սկզբունքով։ Նոր ցանցով երթուղները ոչ թե կրկնելու, այլ շարունակելու են իրար:

Ինչ վերաբերում է մեծ տեղատարողությամբ ավտոբուսների կիրառմանն ու դրա վերաբերյալ այս օրերին առկա քննարկումներին ու մտահոգություններին, կարող եմ ասել, որ ուսումնասիրված է միջազգային փորձն ու շատ եվրոպական քաղաքների նեղ փողոցներում շահագործվում են նման ավտոբուսներ, ու խնդիրներ չեն առաջանում։

Կգործի 939 մեծ և միջին տարողությամբ ավտոբուս՝ ներկայում գործող 2040 տրանսպորտային միջոցների փոխարեն։ Դրանց կլրացնի ամբողջովին նորացված տրոլեյբուսների պարկը:

Եթե պարզվի, որ որևէ փողոցում խնդիր առաջանա մեծ տարողությամբ ավտոբուսների հետ կապված, ապա կվերանայվի:

Հասարակական տրանսպորտը աշխատելու է առավոտյան 06:45-ից մինչև կեսգիշեր:

Երթուղային նոր ցանցով ղեկին չծխելը և հեռախոսով չխոսելը նվազագույն պահանջներն են, որ դրվելու են վարորդների առաջ:

Կա մտահոգություն, որ կկրճատվի վարորդների քանակը, սակայն նման բան չի լինի, քանի որ նոր ցանցի դեպքում վարորդներն աշխատելու են հերթափոխով: Հետևաբար, հնարավոր է, որ մեզ նույնիսկ էլ ավելի շատ վարորդներ պետք գան:

Նախատեսվում է կենտրոնի և մի շարք փողոցների գերծանրաբեռնվածության նվազեցում:

Ուղեվարձի հետ կապված որևէ հստակություն չկա, բայց սկզբունքային է, որ մեկ ուղևորության համար անձը վճարելու է մեկ անգամ, անկախ նրանից քանի երթուղի է փոխելու:

Նախատեսվում է կանգառների քանակը ավելացնել՝ 840-ից հասցնելով 1180-ի:

Մոտավոր հաշվարկներով, նոր ցանցի համար կպահանջվի 100 մլն Ամն դոլար ներդրում:

Մեզ համար կարևոր է, որ տրանսպորտի գինը շարունակի մնալ մատչելի, ինչպես որ կա. Կհաջողվի՞ մեզ դա, թե՝ ոչ, դեռ պարզ չէ. պետք է անենք հաշվարկներ, այդ ամբողջ գործընթացը լինելու է թափանցիկ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ