17 12 2021

«Կարճ ասած»․ Այլասերված արժեքների հեղափոխականները



 

Այսօր մի քանի տասնյակ համայնքներում ավագանու առաջին նիստերն էին․ պարտված ՔՊ-ականներին փորձում էին դարձնել քաղաքապետ։ Թալինում զոռով-շառով հաջողվեց։ Բայց ի՞նչ գնով։ Այդ նպատակի համար բազմաթիվ ոստիկաններ էին տարել Թալին։ Բախումներ չէին սպասվում, մարդիկ իրենց ընտրությունը կատարել են, քվեարկել են, ՔՊ-ն չի հաղթել։ Ոստիկանությունը գնացել էր, որովհետև նրանք այսօր վախի խորհրդանիշ են, ռեպրեսիայի խորհրդանիշ են, իրենց ներկայությունը ոչ թե մարդու մոտ իրեն պաշտպանի համոզում ունի, այլ՝ իրեն վնասողի, սպառնացողի, ծեծողի, բերման ենթարկողի։ Տվեց իր արդյունքը։ Բայց ի՞նչ գնով, կրկնվեմ։ Ընդդիմադիրները միասին ավելի շատ ձայն էին հավաքել, պետք է միանային իրար։ Տեղեկություն հրապարակվեց, որ ոստիկաններն իրենց հերթին, կրիմինալն իր հերթին թեկնածուների վրա ուզում են ազդել։ Արդյունքում ավագանու նիստում ընդդիմադիրներն առաջադրում են Կարեն Գրիգորյանին, նա էլ իր ձայնը տալիս է ՔՊ թեկնածուին։ Այ այդպես մերժված ՔՊ-ն դառնում է քաղաքապետ։ Այ այդպես, թալինցին չկարողացավ որոշել՝ ով լինի, որոշեց Նիկոլը։

Էս խառը ժամանակներում, երբ երկիրը թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ է, այդ մարտահրավերների առաջ բերողները մտածում են միայն իրենց աթոռի մասին։ Հա՛մ տեսնում են, որ երկրի հերն անիծել են, հա՛մ ուզում են վերարտադրվել ու պահել այդ աթոռը որքան հնարավոր է։ Դրա համար էլ պատերազմում պարտվեցինք, որովհետև երբևէ չեն էլ մտածել ազգի, ժողովրդի, Արցախի կամ զինվորի մասին, մտածել են՝ ինչ անեն, որ մնան։ Էդ ա։

Այդ ամենը հաշվեհարդարի տպավորություն է թողնում․ իրականում հաշվեհարդար է ժողովրդից։ ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածում ասվում է՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Ժողովուրդը իրացրել էր իր իրավունքը՝ ընտրությունը, ՔՊ-ն ասում է՝ չէ, դա ինձ դուր չի գալիս, ես պտի լինեմ։ Ստացվում է՝ յուրացնում է իշխանությունը։ Քաղաքապետի երկու թեկնածու կա, մեկին երկու օր բռնում-կանգնում են ոստիկանությունն ու կրիմինալը, ու հաջորդ օրը ընդդիմադիր թեկնածուն իր ձայնը տալիս է իշխանության թեկնածուին։ Սա ժողովրդի կամքի, սահմանադրության բռնաբարում է։ Նույն ձևով սահմանադրության այդ հոդվածի հերն անիծեցին Վեդիում, Վարդենիսում։ Վեդիում նոր ընտրությունների են գնում։ Հիմա հարց՝ ինչի՞ է ձեզ թվում, թե ընտրությունից 10 օր հետո անցկացված նոր ընտրությունը նույն արդյունքը չի տալու։ Ինչի՞ եք պետությանը նոր ծախսերի տակ գցում, էդ փողով մի լավ գործ կանեին։ Բայց չէ, պտի կոկորդիլոս աճեցնող լինի, որ սրտներով լինի։ Ու սրանք դեռ ժողովրդավարությունից են խոսում, Սերժի ժամանակներից են խոսում։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ճիշտ դիտարկում է անում, Կոկորդիլոս Գարիկը Սերժի վախտ ընդիմադիր լինելով՝ ընտրվել է, դարձել է իշխանություն՝ պարտվել։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ իրենց ռեյտինգի մասին։ 

Ընտրությունից ընտրություն իշխանության ձայները պակասում են։ Թալին քաղաքում հունիսի 20-ի ընտրություններում իշխանությունը տարել է 1480 ձայն, դեկտեմբերի 5-ին՝ 797 ձայն՝ 50 տոկոսով պակաս։ Սրանք կես տարում ուղիղ կեսը կորցրել են ձայների։ Ժողովուրդը ձեզ մերժում է։ Վեդիում հունիսի 20-ին ՔՊ-ն տարել է 2 690 ձայն, դեկտեմբերի 5-ին՝ 1346, այսինքն՝ էլի դրա կեսը։ Հիմա ասում են՝ նոր ընտրություն․ քեզ չեն ընդունում, չեն վստահում, հիասթափվել են, 10 օր հետո ինչի՞ է թվում, թե ձայն կտանես։ Վանաձորում ՔՊ-ն հունիսի 20-ին տարել է 26 հազար ձայն, դեկտեմբերին՝ 7 հազար, հասկանում ե՞ք, ջախջախվել են։ Ձեզ չեն ընտրում, հիմա է՞լ ոնց ասեն հաջող, հոգնել են ձեզանից, ձեր ստերից։ ժողովուրդ բառը սարքել եք բերանի ծամոն ու անընդհատ ծամում եք, բա սա չեք տեսնու՞մ, ժողովուրդը մերժում է ձեզ, այ ընկերներ։ Համայնքային ընտրությունների արդյունքները նշանակում են, որ իշխանությունը թափով մերժվում է։ Հոգեվարքի մեջ է արդեն։ Նախկինի հետ են համեմատվում, ասում են նախկինում ընտրությունները կեղծվում էին, մենք չենք կեղծում․ է դուք էլ չեք թողնում հաղթողը քաղաքապետ դառնա, ասում եք՝ մենք քիչ ենք, բայց մեզ նիկոլական են ասում, ոստիկաններով կանենք, մենթականով։ Նիկոլը Վանաձորի քաղաքապետին բռնել է տվել, որ իր թեկնածուն դառնա քաղաքապետ։ Սրանց համար ընտրությունը հեչ, ժողովուրդը հեչ, իրենց կապրիզն է կարևոր։

Մարդու իրավունքն է և ընտրելը և ընտրվելը, հիմա նրանք ընտրվողին պարտադրում են, ընտրողի ձայնն էլ ստացվում է՝ արժեք չունի։ Երկուսին էլ իրենց կամքն են պարտադրում։

Ընդ որում, նույն խուժան մեթոդներով պայքարում են նաև իրենցականների դեմ։ Երեկ ՔՊ-ն հավաքվել էր՝ հեղափոխության արժեքները իրենց հետ հավասար դավաճանած իրենց երբեմնի գործընկերոջ՝ Հայկ Մարությանի հրաժարականի ճառը գրելու։ Մարդուն ուզում են գործից հանել, որովհետև ոչ թե վատ քաղաքապետ է, այլ արդեն մի տարի է՝ ՔՊ-ական չէ։ Էս պահին պարտադրում են հրաժարական, չհամաձայնեց՝ գործ կսարքեն, կկալանավորեն, հաստատ մի գործ կլինի սարքելու։ Հեչ որ չէ՝ Սիլվան կհայտնվի, կասի՝ կաշառք եմ տվել։ Ասում են՝ նախընտրական ծրագրերդ չես իրականացրել։ Շատ ճիշտ են ասում, Հայկ Մարությանը 7 կարևոր խոստում էր տվել, չի կատարել և ոչ մեկը։ Բայց նույն տրամաբանությամբ, Նիկոլն էլ ոչ մի խոստում չի կատարել, Մարությանը գոնե չի էլ խոսում, իսկ Նիկոլը հերիք չէ ոչինչ չի անում, ինչ անում ա՝ վատ ա անում, մի հատ էլ խաբում ա, անում ա հակառակը։ Ասեց Արցախը Հայաստան է, վերջ, ու մի տարի հետո տվեց, հանձնեց, թղթով, ստորագրությունով, էդ էր վերջը։

Նիկոլ Փշինյանը չի մոռանում նրանց, ովքեր նաև իր թիմում են, ինչքան ջերմեռանդ են եղել, այնքան ավելի վատ պատժի են արժանանում։ Տոնոյան Դավիթն ասում էր՝ հուլիսյան դեպքերը, էն որ մի պոստ առաջ տվեցին Տավուշում, եղավ Նիկոլ Փաշինյանի ստրատեգիայի շնորհիվ։ Ո՞ւր է այսօր Դավիթ Տոնոյանը, այո, «ուղղիչ աշխատանքային գաղութում»։ Սանասարյան Դավիթն ո՞ւր է, քա՜նի-քա՜նի հոգի այսպես գնացին ու գնալու են։

Մարությանին հրաժարական պահանջելու երեկույթին ամբողջ ՔՊ-ն էր, անգամ պաշտպանության նախարարն էր եկել։ Ընդամենը մի քանի օր առաջ խորհրդարանական ընդդիմությունը շրջանառության մեջ դրեց Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հեռացնելու նախագիծ։ Ալենը նեղվել էր, թե՝ հիմա, որ սահմանին կրակոցներ են, դիվանագիտական խնդիրներ կան, Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, ինձնից հրաժարական են պահանջում։ Սա նշանակում է, որ ընդդիմությունը ապիկար է, իսկ ես ամեն ինչ ճիշտ եմ արել։ Դրանից երկու օր հետո իրենք են հրաժարական պահանջում քաղաքապետից։ Այսինքն, չի կարելի պահանջել Ալենի հրաժարական, որովհետև երկրի վիճակը խառն է, չնայած որ Ալենն ինքն է նպաստում, որ երկիրը խառնվի, բայց իշխող ՔՊ-ն կարող է հրաժարական պահանջել, ավելին ասեմ, հենց ՔՊ-ն պետք է պահանջեր, սկսած Ռուսաստանի հասցեին ասված ձևակերումներից վերջացրած գերիների սկանդալով։ Հենց խոսքը վերաբերում է ալենական բլթոցներին, ժամանակը չէ, բայց հենց պետք է դուք քաղաքական խաղեր տաք, էդ ժամանակ միշտ էլ ճիշտ ժամանակն է, թեկուզ՝ պատերազմի ընթացքում։

Պաշտպանության նախարարը թողնում է գործը, էս խառը ժամանակներում, գնում է երկար-բարակ ժողովի է մասնակցում, ինչ է, թե Հայկոն ՔՊ-ից հեռացել է։ Հաջորդ օրը թողնում է գործը՝ աշխատանքային ժամերի, ժամերով գնում է մասնակցելու ԵՊՀ ռեկտորի ընտրությանը։ Ի միջի այլոց, նրան էլ զոռբայությամբ ընտրեցին, մարդը հերիք չէ սորոսական էր, մի հատ էլ մեղադրվում էր գրագողության մեջ, բայց դարձավ ռեկտոր։ Պաշտպանության նախարարը էս խառը վիճակում ինչերի է մասնակցում, ուրիշ անելիք չունի՞։ Սաղ արել ես, մնացել է հերթական սորոսականին տեղավորեք գործի։

Կարճ ասած՝ առաջ մենք ասում էինք Նիկոլ Փաշինյանը դավաճանում է հեղափոխության հռչակած գաղափարներին, բայց հիմա մենք արդեն պարզում ենք, որ սա դեգրադացված արժեքների, այլասերված գաղափարների ու արժեքների հեղափոխություն էր։ Սա այն իշխանությունն է, որի հենարանը միաժամանակ և՛ ոստիկանությունն է, և՛ կրիմինալը, սա մի իշխանություն է, որ աստվածացնում է աղքատությունը, բայց ինքը արագ հարստանում է, սա մի իշխանություն է, որը սիրում է խոսել ժողովրդի անունից, բայց ավելի շատ սիրում է ճնշել ժողովրդին։ Սա մի իշխանություն է, որից ունենալը ոչ մի ժողովրդի պատիվ չի բերի։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ