28 04 2020

«Կարճ ասած». Հրաժարականներ, որ պետք է անհապաղ տրվեն



Հայաստանի կառավարությունն ու հատկապես նրա ղեկավարը աշխատում է 24/7 ռեժիմով: Օրնիբուն եթերներ, խոսք, խոսք ու խոսք, անդադար, առանց հոգնելու, առանց ներվի, առանց օգնության ու վերջապես՝ առանց իմաստի: Խլում են մարդկանց էներգիան, առանց այն էլ այս սոցիական լավածության ֆոնին մեծացնում են նաև բարոյահոգեբանական խորթությունը՝ մարդկանց մղելով ատելության: Բայց այս վիճակում դեռ, կառավարության ղեկավարի քննադատություններն ուղղված են բացառապես ու դարձյալ Հայաստանի նախորդ իշխանությանն ու նրանց համակիրներին:

Եթե դրա հետ միասին աշխատեին, շնորհքին գործ անեին, կասեինք ջհանդամը, հա՛մ աշխառում են, հա՛մ խոսում են: Բայց ոչ, նրանց որևէ աշխատանք բացասական էֆեկտ է տալիս, և շարունակում են խոսել շաբաթը 7 օր, օրը 24 ժամ:

Մանկամի՞տ են, կասեք, անփո՞րձ են, կմտածեն որոշները: Ո՛չ, իրենք այլևս ուղղակի ապաշնորհ չեն, այլ անթույլատրելի են մեր պես փխրուն պետությունների համար: Ընդ որում, հապաղելու իրավունքն էլ չունեն, հենց այսօր պարտադիր պետք է հրաժարականներ ներկայացնեն:

Ինչո՞ւ:

Որովհետև իշխանության գործողությունների արդյունքում, ավելի ճիշտ՝ անգործության և դեմագոգիայի արդյունքում ունենք 3 տասնյակ մահեր, էլ ի՞նչ պետք է անի 10 օրում 3 տեստ հանձնած, և բացառապես իր առողջության մասին մտածող իշխանավորը, եթե ոչ՝ անփառունակ հրաժարական տա և հեռանա:

Եվ ուրեմն՝ ո՞վ և ինչո՞ւ պետք է առաջնահերթ աշխատանքից ազատման դիմում գրի:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան: Պաշտոնյա, որը ի սկզբանե հանրության մեջ սերմանեց անտարբերություն կորոնավիրուսի նկատմամբ, ու արդյունքում ունենք երեք տասնյակ զոհ: Մարդը, որ անլուրջ էր պայքարում դրա դեմ, և այս ընթացքում եթերաժամանակը ծախեց դիմակ կրելը սովորացնելու համար: Մարդ, որի աշխատանքի արդյունքում ոչ բոլոր առողջապահական աշխատողները ներգրավվեցին կորոնավիրուսի դեմ պայքարում, իսկ հիվանդանոցների աշխատողները դարձան վարակի դեմ ամենաանպաշտպանը: Մարդ, որը լուծարել է բշկական հատատություններ՝ խնդիրներ ստեղծելով մասնագետների և քաղաքացիների համար: Էլ ի՞նչ աներ որևէ ժողովրդավարական երկրում պետպաշտոնյան, որ նրա հրաժարականը օր առաջ պահանջեին: Նա որևէ վայրկյան ավելի պաշտոնավարման իրավունք չունի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան: Հենց նախարարության անունը պետք է նշանակեր, որ աշխատողները հույսները կարող են դնել նախարարության վրա, աշխատանք չունեցողները գտնեն այն, իրենց ներկայացվի ծրագրեր կամ ստանան ապրելու և գոյատեևելու հնարավորը: Ակնհայտ չէ՞, որ նա տապալել է այս քաղաքականությունը: Հայաստանում աղքատության նպաստ է ստանում այնքան մարդ, որքան ստանում էր նախորդ տարիներին՝ 2018-ին, 17-ին: Այսինքն հեղափոխական տեմպերով սոցիալական վիճակը բարելավելու խոստումները տապալվել են: Այս օրերին կառավարությունը օգնության փաթեթներ է առաջարկում: Մարդիկ, սակայն, բողոքում են, որ իրենք համապատասխանում են չափանիշներին, բայց կամ մերժում են օգնություն տալ կամ տալիս են չնչին՝ 10 հազար դրամ՝ ամբողջ ընտանիքի համար, 30 հազար դրամ: Նախարար, որը հաջողացրել է համակարգ բերել իր բարեկամներին և շրջապատի մարդկանց, որոնք վստահաբար ստանում են և՛ բարձր աշխատավարձ, և՛ պարգևատրումներ: Բայց մի կարևոր բան կա, որը դեռև չեն հաջողացրել այս տիկնայք և պարոնները... ժողովրդի վիճակը նույնն է: Ավելին ասեմ, ավելի վատ, քան Սերժի ժամանակ: Կորոնավիրուսն էլ է՛լ ավելի վատացրեց, ու դեռ վատացնելու է, քանի սոցապ նախարարը այդ որակն ու ունակություններն ունի:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան: Հայաստանի արդարադատության համակարգը Ռուստամ Բադասյանի օրոք իր վախճանն է ապրում: Նախարար, որն ամենավարկանիշային դատավորի դեմ վարույթ է հարուցել տալիս, ու աչք է փակում դատարանների շրջափակման փաստի վրա, մարդ, որի պաշտոնվարման շրջանում Հայաստանը շարունակում է առաջատար լինել Եվրադատարան դիմումների թվով, մարդ, որն աչքի է ընկել ճգնաժամային փուլում իր բարեկամներին պաշտոններում տաքուկ տեղավորելով, ու դա արդարացնում են մրցակցության արդար համակարգով: Նա պաշտոնավարումը շարունակելու իրավունք չունի: Նախկին Նիկոլը, կասեր՝ «իա՜, ձեռ ե՞ք առնում»:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան: Այս մարդուն պաշտոնանկ անելը քիչ է: Պարզվում է, որ մինչ իր այլ գործընկերները հանրությանը շեղում էին  ներքին գզվրտոցներով, Զոհրաբ Մնացականյանն արցախյան բանակցային գործընթացում առաջ էր տանում փուլային տարբերակը, այն է՝ Ադրբեջանի ուզածը՝ դրա համար մեր պետական բյուջեից կլորիկ աշխատվարձ ու պարգևատրում ստանալով:

Զոհրաբ Մնացականյանը պետք է հրաժարական տա ո՛չ մեկ պատճառով: Նախ՝ որ բանակցում է մի փաղտաթղթի շուրջ, որը նվաստացուցիչ է և վտանգավոր երկու հայկական պետությունների համար, այլև հանրությունից թաքցնում էր այդ ամենը: Պետք է հրաժարական տա նաև նրա համար, որ իր պաշտոնավարման երկու տարիներին Արցախի նախագահին սկսկսեցին անվանել ԼՂ ընտրյալ ներկայացուցիչ, այնպես, ինչպես որ Ադրբեջանը ունի ԼՂ ընտրյալ ներկայացուցիչ՝ N122 Խանքենդի ընտրատարածքից ընրված: Եվ ամենայն հավանականությամբ այդ երկուսին շուտով կնստացնեն բանակցությունների սեղանին իրենց հետ, իրենց կողքին:

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյան: Այս մարդը  պետք է հրաժարական տա առաջին հերթին նրա համար, որ հայերեն նորմալ չգիտի: Պետք է հրաժարական տա, որովհետև բացի այս և այլ՝ նախկինից ժառանգած ծրագրերին անուն ու պիտակ կպցնելուց, որևէ դրականի միտում ունեցող փոփոխություն չենք տեսել: Նույնն է թե՛ ոլորտներում որակը, թե՛ բարքերը, այս դեպքում՝ ևս ավելի վատ, քան Սերժի ժամանակ: Որպիսզի մերկապարանոց չդիտվի, փորձեք ինքներդ մտաբերել՝ կրթության կամ գիտության կամ մշակույթի, սպորտի ոլորտներում որևէ ձեռքբերում, որի համար արժեր սույն պաշտոնյանյին երկու տարի աշխատավարձ տալ: Եվ ինքներդ ասեք՝ հրաժարական տա՞, թե՞ ոչ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան: Անհապաղ հրաժարականի ենթակա անձանց ցուցակում է: Հայաստանն այս ընթացքում ընկել է պարտքային մեծ բեռի տակ, մեր տնտեսությունը բոլոր հաշվետվություններում ներկայացնում էր որպես փայլուն, որպես ծաղկող, բայց արտակարգ դրության հայտարարումից ընդամենը մեկ շաբաթ անց մենք արդեն ունեցանք լրջագույն խնդիրներ, տնտեսությունը մեռավ, իսկ լուծումները՝ խղճուկ և անիմաստ: Պետք է հրաժարական տա նաև նրա համար, որ Հայաստանի ներդրումային քաղաքականությունը մոտ է զրոյին, ներդրումային համաժողովների միակ արդյունքը եղել է այդ համաժողովների վրա գումար ծախսելը և սելֆի անելը: Մի մարդ, որը տնտեսության պատասխանատուն է, իր ղեկավարին, կամ թիմակից պատգամավորներին չի կարողանում նույնիսկ շշուկով հասկացնել որ ընկերնե՜ր, չի՛ կարելի ընդունել նման օրենք, ինչպիսին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն է: Չի կարողանոմ բացատրել, որ դրանով մեր տնտեսություն կոչվածի դագաղի վրա վերջին մեխերն են մեխում: Հիմա հարց՝ եթե գոնե այդքանը չի կարողանում անել ու ասել՝ այդ ամենը քաջ գիտակցելով, ո՞ւմ է պետք նա: Ի՞նչու ես պետք է հարկ վճարեմ, և այդ պարոնը ստանա աշխատավարձ և տեսնելով, որ իր ընկերները կործանում են ներդրումներ բերելու վերջին հույսերը, սուս մնա: Էլ ու՞մ է պետք, մնում է, որ էլ ի՞նչ անի:

Պետք է հրաժարական տա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը լույսի արագությամբ տեսակետներ է փոխում, իսկ համավարակի այս օրերին բանտից ազատ արձակումները դարձրել է քաղաքական նպատակահարմարության հարց:

Պետք է անհապաղ հրաժարական տա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, առաջին հերթին՝ մեկ ամսում բանակում 12 զոհի համար: Հրաժարականի դիմում պետք է գրեր նրա համար, որովհետև իր գերատեսչության գործունեությունը վերահսկող հանձնաժողովի նախագահի որդուն 2 անգամ անհասկանալի պատճառով տարեկետում է տվել, և այդ ամենը բացահայտվել է: Ցանկացած, կրկնում եմ, ցանկացած իրեն հարգող պետությունում նման դեպքերի բացահայտման պարագայում, նախարարը կամ սպառիչ բացատրություն է ներկայացնում, որ որևէ մեկի մոտ հարցեր չմնան, կամ անհապաղ հրաժարական է տալիս, իսկ դատախազությունը հետաքննում է՝ հասկանալու համար՝ պարտադիր հանրությանը տեղյակ պահելով ամնիջականորեն նախարարի մեղքի բաժինը այս կոռուպցիոն ծանր հոտ ունեցող պատմության մեջ:

Կարող եմ ավելի քան մեկ ժամ մեկ-մեկ թվարկել թե՛ անուններն ու թե՛ կոնկրետ պատճառներ, ինչու պետք է հրաժարական տան մարզպետներ, քաղաքապետեր, նախարարներ, վարչության պետեր, փոխնախարար, դատավոր, պատգամավոր ու մյուսները: Բայց ափսոսեմ եթերաժամանակը: Գլխավոր հրաժարականին անդրադառնամ, առանց նրա չի լինի:

Պարտավոր է վայրկյան առաջ հրաժարական ներկայացնել այս ամենի կառավարիչ, կազմակերպիչ ու մեղավոր վարչապետը: Պատճառն այն չէ, որ նա առավոտից իրիկուն, թողած բոլոր գործերը, զբաղված է նախկինների հակաքարոզչությամբ ու դրա շատ լինելու արդյունքում՝ նաև քարոզչությամբ: Պատճառն այն է, որ նա ազգային շահերին վնասող, Հայաստանը ներսից ու դրսից թուլացնող քաղաքականություն է վարում: Նա տապալել է մեր արտաքին կարևորագույն օրակարգը: Արցախի հարցում Հայաստանի բոլոր դիրքային առավելությունները հետ է մղել և բերել է 95-97 թվականների հայտնի Ադրբեջնական օրակարգ, որով սկզբից հողեր պետք է հանձնենք, հետո ադրբեջանցիներին թույլ տանք գան-բնակեցվեն Արցախում: Իսկ մի օր, տարիներ հետո, երբ հարմար լինի, հանրաքվե անենք, տեսնենք՝ Արցախն ուզում է Հայաստանի հե՞տ լինի, Ադրբեջանի՞, թե՝ անկախ: Սա կարճ նկարագրեցի փուլային կոչվածը, եթե ոմանք մոռացել են:

Նրա արտաքին հարցերը զրոյին հավասար են, այն կարգի, որ անգամ նրան շատ աջակցող արևմուտքը կորոնավիրուսի պայքարի համար Հայաստանին հատկացրեց իր բաշխած գումարներից ամենաչնչինը: Նա այլևս տապալել է իր բոլոր խոստումները, հանրության հույսերը չի արդարացրել անգամ ամենաչարչրկած խնդիրները լուծելու առումով:

Նիկոլ Փաշինյանն ինքն է թվարկում, թե ովքեր են դժգոհ իր կառավարությունից, ու թվարկումների արդյունքում պարզվում է, որ բացի իր կուսակցության պաշտոն ունեցած անդամներից ու ընտանիքից, մյուսները դժգոհ են ու բողոքում են: Փորձում է բացատրել հասարակության այս կամ այն խմբի դժգոհության պատճառները: Բայց, սիրելի բարեկամ, երբ քեզանից դժգոհ են բոլորը, և գոհես միայն դու ու քո փոքրաթիվ շրջապատը, ուրեմն դու էլ չունես ո՛չ լեգիտիմություն, ո՛չ վստահություն, ո՛չ էլ որևէ սատարում: Իսկ ցանկացած իրեն հարգող պետությունում նման իշխանավորը հեռանում է՝ ներողություն խնդրելով խոստումները կատարելու անկարողության համար, ոչ թե սկսում է սրան-նրան մեղադրել իրեն չհասկանալու մեջ:

Կարճ ասած Հայաստանի իշխանությունը գոյության երկու տարում ապացուցեց իր բացառիկ ապաշնորհությունը, նրա հետագա պաշտոնավարումը ոչ միայն մեծագույն շռայլություն է մեր փխրուն պետության համար, այլև վտանգավոր՝ հաշվի առնելով ներկա և ապագա դժվարագուն մարտահրավերները:

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ