25 12 2023

«Կարճ ասած»․ Երկիրը հանձնողների հերոսն ի՞նչ պետք է լինի



 

Երբ դպրոցական էինք կամ ավելի փոքր, մեր ձեռքը բռնած տանում էին ծնողները, ուսուցիչները զբոսնելու, անցնում էինք հայտնի արձանների մոտով, ասում էին՝ այսինչի արձանն է, հայտնի գիտնական կամ գրողի, այս տանը ապրել է հերոս այսինչը և այլ։ Նրանք մեզ պաշտպանել են, հաղթել են, հայրենիքի համար սա են արել։ Դպրոցներում սովորում էինք նրանց սխրանքները՝ մարշալ Ժուկովի մասին, Նելսոն Ստեփանյանի մասին, Յուրի Գագարինի մասին, Բաղրամյանի, Իսակովի մասին։ Հանճար ու հերոս էր Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Շառլ Ազնավուրը։ Հերոսը նա էր, որը կերտում էր պատմություն, մշակույթ, ազգիդ դեմքն էր։ Արամ Խաչատրյանը ամբողջ աշխարհում հայ ժողովրդի դեմքն էր։ Իմ թվարկած մարդիկ անվիճելի հեղինակություն են։ Հերոսներին փորձում ես նմանվել։ Երաժշտական դպրոցում ասում են չէ՞ աշակերտներին, մեկ է՝ Արամ Խաչատրյան չես դառնա, բայց փորձիր։ Հերոսը իհարկե, պարտադիր չէ մարտի դաշտում հերոսանա, բայց պարտադիր նա բարձր չափանիշ է, քեզ ու հատկապես նոր սերնդին ոգևորում է։ Հայրենական պատերազմի տարիներին Դերենիկ Դեմիրճյանը ստացավ հանձնարարություն գրելու «Վարդանանք» վեպը․ ինչո՞ւ։ Որպեսզի գրեր հերոսների մասին, բարձրացներ մարտական ոգին Սովետական Հայաստանում, որ հենց մեր հերթը գար սխրանք գործելու, ազգի համար, դա անեինք առանց տատանվելու։

Ովքե՞ր էին մեր հերոսները անկախ Հայաստանի շրջանում, նախևառաջ՝ թշնամու դեմ կռիվ տված՝ Անդրանիկը, Նժդեհը, Սերոբը, Դրոն, Թեհլերյանը, ազատագրական պայքարից անմիջապես մեր կյանք մտան նաև այն մարդիկ, որոնք մեզ պարգևել են ազատ, անկախ ազատագրված Արցախի Հանրապետություն, իրենց կյանքի գնով։ Մոնթեն, Լեոնիդ Ազգալդյանը, Դուշման Վարդանը, Պետոն, Կրպեյանը։ Նրանք անհերքելի հերոսներ են, հեղինակություններ, նրանց նկարներն էին, որ տարիներ շարունակ, ամեն առիթով աչքներս տեսնում էր, հպարտանում էինք, փորձում իրենց պես մտածել գոնե, առիթը կլինի, մեր սխրանքը գործելու։ Նրանք են, որ մեզ թողել են ապրելու, արարելու, զարգանալու, կառուցելու համար հայրենիք, նաև հետո պետք է հասկանայինք, որ նաև նրանք էին որ, որոնք չէին զոհվել, ու պահել, պահպանել էին հաղթանակներից հետո, ձեռք բերվածը, զարգացրել ու ապագայի հիմքեր դրել։

Այսպես կոչված թավշյա հեղափոխությունը, որը նախկին բոլոր հերոսների ձեռքբերումները պետք է փչացներ, տապալեր, սկզբից ինքն իրենց կարգեց հերոս, հայտարարեց, որ այն ինչ եղել է, դրանք սաղ հեչ, իրական արժեքը իրենց թավշյա իշխանության գալն էր։ Դա էլ անցանք, հիմա էլ որոշեց, որ մեզ համար հերոսների նոր չափանիշ պետք է սահմանի։

Քանի որ պետք էր, զրոյացնել ռազմական սխրանքներ գործած հերոսներին, հենց սկզբից «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխություն ստեղծեցին ու ամեն տարի հերոսի մրցանակ են տալիս մարդկանց, որոնք պարզապես բարեխղճորեն աշխատում են, բիզնես անում։ Թեյ փաթեթավորողը, պարզվում է, ըստ Փաշինյանի իշխանության չափանիշների, մեր հերոսն է, խաղալիք արտադրողը մեր հերոսն է, պարի դասատուն, հագուստի դիզայները, կաշվե իրեր արտադրողը և այլն։ Օրինակ ո՞նց կարելի է շամպույն արտադրողին տալ մեր ժամանակների հերոսի մրցանակ։ Եթե մեզ համար հերոս էին նրանք, ովքեր արդարութուն են հաստատում իրենց կյանքի գնով, կամ կյանքները վտանգի տակ դնելով սխրանք գործում, կամ հանճար են, այնպես, որ սաղ աշխարհը մեզ նրանցով ճանաչում է, սրանց համար հերոս են նրանք, ովքեր համաձայնվում են իրենց ձեռքից մրցանակ վերցնել։

Մեկին բերում ես, ասում ես սա մեր հերոսն է այսօրվանից։ Ի՞նչ է արել նա, խաղալիքներ է սարքում ծախում։ Ապրի ինքը, ուրեմն շնորհքով է սարքում, որ ծախվում է, բայց արդյո՞ք էն մարդն է, որին ցույց տամ երեխեքին ասեմ՝ այ պետք է նմանվեք իրան։ Ի՞նչ է արել մաթեմատիկայի ուսուցիչը, որ դառնա մեր ժամանակների հերոս, որ բոլորը ուզենան նմանվել նրան։ Չգիտեմ։ Ասենք՝ լավ աշակերտներ է դաստիարակել, համալսարաններ են ընդունվել, բան չունեմ ասելու, իրենց գյուղում կարող է դառնալ հարգված, սիրված մարդ, դպրոցի պատին էլ նկարը դնեն․ բայց էն մարդը չէ, որին կարող ես բոլորիս ներկայացնել, թե՝ նա հերոս է, կփորձես նմանվել։

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, հերթական անգամ կազմակերպվել էր «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը ու էդ միջոցառումը պարզապես, եթե ավելի ծանր բառ չասեմ, հերոս բառը մեր աչքից հանելու համար էր։ ՔՊ-ն երկու նման միջոցառում է ստեղծել, մեկը սա է, մեկը Քաղաքացու օրն է, երկուսն էլ անարժեք բան, իմ գնահատմամբ։ Բայց երեկվա միջոցառումը հիմականում ստվերվեց գլխավոր մրցանակակրի ելույթի պատճառով։ Շատ-շատերը քննադատում են, որոշներն էլ ասում են դե մեծ մարդ էր, մի բան ասաց, պետք չի թիրախավորել և այլն։ Գլխավոր մրցանակին արժանացավ մաթեմատիկայի ուսուցիչ Սևադա Կոջաբաղյանը: Երեխաներին մաթեմատիկա կամ ծրագրավորում սովորեցնելը հերոսություն չէ, մեր իմացած չափանիշներով։ Ես սովորել եմ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում․ լավ ուսուցիչների անուններ կարող եմ թվարկել, սիրված, մեծ վաստակ ունեցող․ բայց իրենք իրենց դժվար թե հերոս համարեն, թեկուզ պետության կողմից տրված կոպեկներով իրենց գործը բարեխղճորեն անելու համար։ Այո, կարելի է գիրք գրել ու նրանց դարձնել գրքի հերոս, կարելի է ապագա մանկավարժներին օրինակ բերել, բայց ոչ ժամանակի հերոս ու ասեն՝ այ իրեն կնմանվես։

Էս խեղճ մարդը, որին Սյունիքից էս եղանակին բերել հասցրել են, ելույթ է ունենում, որ մի բանով արդարացնի իրեն էդ կոչում տալը։ Ու սարսափում ես՝ սերունդ է դաստիարակում մարդ, որը բեմի վրա կրկնում է իշխանության թեզերը՝ մոտավորապես՝ հայրենիքի կեսը հանձնել ենք, մյուսի վրա նոր ա որ պետություն ենք կառուցում, ամեն ինչ շատ լավ է։ Ասում է վերջապես ուզում ենք պետություն դառնանք, պետություն դառնալու ճանապարհին ենք։ Ցավը գիտե՞ք որն է․ այդ մարդը Գորիսից է։ Նիկոլը թշնամուն է հանձնել Գորիսի մի մասը, Սյունիքը ամբողջությամբ հենց հիմա բանակցությունների տակ է, մասնատում են, պետություն դառնալու ճանապարհի՞ն ենք, այ ցավդ տանեմ։ Մենք ճանաչում ենք հերոսների, որոնք հայրենիքի համար կյանքը զոհել են, այ դրա համար են հերոս։ Հերոսը էն չէ, որ իր հայրենիք հողը հանձնես, հետո մի հատ պլպլան մրցանակ տաս, ասես արի բեմից գոռա ապրի Նիկոլը։ Այդ «հերոսի» հայրենի քաղաք Գորիսի մեջ է մտնում Շուռնուխը։ 2020 թվականին Շուռնուխի կեսը առանց կրակոցի հանձնվեց թշնամուն։ 13 ընտանիքի հանեցին տներից, ասացին տվեք թուրքին, ձեզ համար 2021 թվականին նոր տուն կսարքենք կտանք։ Անցել է 3 տարի, 3 տարում կառավարությունը 13 հատ տուն չի կարողացել սարքել գյուղում, ասում ես հեսա հեսա պետութուն ենք դառնում։ Այսինքն, որ Շուռնուխը կար, Արցախը կար, Շուշին մեր ձեռն էր, էդ վախտ պետություն չէինք, հիմա որ հանձնելով գնում են, պետություն ենք դառնալու՞։ Քո քաղաքը կիսել են, դու ասում ես ամեն ինչ լավ ա, ու քեզ ներկայացնում են որպես մեզ հերո՞ս։ Նույն մարդը, որ գալիս էր Երևան ու պետք է հետ գնար, ճամփի կեսից ԱԱԾ-ն ասում էր արագ քշի, որ գերի չընկնես, էդ ա՞ քո պատկերացրած պետությունը՞։ Դու էլ էդ պետության հերոսն ե՞ս համաձայնվել լինես։

150 հազար մարդու հայրենիքից զրկելով պետություն են դառնո՞ւմ։ 3 նախագահ նստած է Բաքվի բանտերում, երկիրը էսպես են սարքո՞ւմ։ Իմ խոսքի հասեցեատերը այդ դասատուն չէ, այլ այդ մտածողությունն է․ որովհետև այդ մտածողությամբ սերունդ են դաստիարակում․ վաղը կարող է նրա աշակերտները դառնան լավ մաթեմատիկոս, բայց եթե իրենց դասատուի գաղափարներն էլ կրեն, եթե, իհարկե, դա իր գաղափարներն են, այլ ոչ ՔՊ-ան շպարգալկայից կարդացած, ուրեմն ունենալու ենք գուցե լավ մասնագետ, բայց դավաճանությունը սրտում անպետք քաղաքացի։ Պետություն ենք ուզում դառնանք․․․ Պետություն կար, քանդեցին, հիմա մեզ համոզում են որ չկար ու մարդ կա, որ համոզվու՞մ է։ Էն ժամանակ, երբ ես հպարտ էի, գլուխցս բարձր, քիթս ցցած, որովհետև հաղթած պետության ներկայացուցիչ էի, էդ ժամանակ ես պետություն չունեի, հիմա որ սաղ հանձնել են, գլուխներս կախ քայլում ենք, վրաներս խնդում են, ձեր պատկերացրած պետությունը էս ա՞։ Սրանք իսկական հերոսների արածը զրոյացրել են, ու իր կյանքի գնով հայրենիք ազատագրածը այլևս հերոս չէ, հերոս է շամպույն արտադրողը, չայ վաճառողը, իրենց շպարգալկեն կարդացող ուսուցիչը։

Սրանք ամեն ինչ զեն զրոյացրել են, սիրով զրոյացնում են նաև հերոսի ընկալումը։ Իրենք ոչ միայն հերոսների ինստիտուտն են ոչնչացրել, այլև պետությունը՝ իր բոլոր կառույցներով։ Օրինակ՝ գրված է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել մարդ, որը հանրության շրջանում հեղինակություն, հարգանք է վայելում։ Որովհետև մարդու իրավունքի հետ գործ ուներ։ Սրանք նշանակեցին մեկին, որը ոչ միայն հեղինակություն չէր վայելում, հարգանք չէր վայելում, այլև ճանաչում չուներ, բայց վայելում էր իրենց վստահությունը՝ իշխանական խմբակի։ Որ ավել-պակաս ձեն չի հանի։ Այդպես էլ անում է։ Էդ ինստիտուտը դրանով իսկ վարկաբեկվեց։ Հայաստանում ինչո՞ւ վարչապետի պաշտոնը հողին հավասարվեց․ վարչապետ մարդ է, պետության խորհրդանիշ, պետության դեմքը․ որովհետև ամեն օր սուտ է խոսում․ եթե խոսում է 10 րոպե, 8 րոպեն սուտ է, մյուս երկուսը՝ պոպուլիզմ։ Դու պետք է երեխայիդ ասես բալես, լավ սովորի, լավ մասնագետ դարձիր, որ վաղը գնաս դառնաս վարչապե՞տ․ է կասի՝ այ հեր, համ ասում ես երբեք սուտ չխոսաս, համ ասում ես գնա Փաշինյանի տեղը՞, մեռավ սուտ խոսելով։ Ու էսպես, էս որակով ամեն ինչ քանդել են։ Քանդել են նաև հերոս հասկացողությունը։

Ո՞նց կարող է հերոս համարվել նա, ով երկրից 200 քառակուսի կիլոմետր հանձնելուց, երկրորդ հայկական պետությունը հանձնելուց հետո ասի արդեն պետություն ենք դառնում։ Ու եթե դա ձեզ համար հերոս է, որ ասում է՝ երկիրը հանձնել ենք, բայց ամեն ինչ լավ ա, ինձ համար ավելի շատ հերոսի է արժանի էն մյուս ուսուցիչը, որ ասում էր՝ երեխաներ, լավ սովորեք, որ Նիկոլ չդառնաք։ Հանձնելու քարոզչութունը հերոսություն չէ, ընդհակառակը՝ դավաճանություն է։

Կարճ ասած՝ Էն որ ասում ենք ծրագրավորված ընկել են պետության հիմքերի հետևից ու կրծում են, էս ա։ Ես, մենք, ազգը, վստահ եմ, հերոսի մասին իր ընկալումները, չափանիշները չի փոխել ու այս իրադարձությամբ էլ չի փոխի։ Բայց երբ պատերազմ տանուլ տվածը ու դրանով հպարտացողն է հերոսի իր չափանիշները ներկայացնում, բնականաբար այլ պատկեր սպասել չի կարելի։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ