20 10 2022

«Կարճ ասած»․ Արդարության համար եկածները պաշտոնյաների աշխատավարձը կտրուկ կբարձրացնեն



 

Այս իրավիճակը ծանոթ է մեր հանրապետությունում բնակվող ժողովրդի երևի 90 և ավելի տոկոսին։ Մարդիկ ամբողջ տարի գումար են կուտակում երկու բանի համար, մեկ որ գնան արձկուրդ որևէ տեղ և՝ որպեսզի ձմռանը տունը ջեռուցեն։ Շատերը առաջին բանի համար չեն էլ նախատեսում, այլ միայն տունը ջեռուցելու։ Քաղաքացին դժգոհում է, որ 140 հազար դրամ աշխատավարձ է ստանում, 8 ամիս շարունակ 15 հազարը կուտակել է, 120 հազար դրամ ընդհանուր առմամբ ու հաշվում է, որ դրանով ընդամենը 4 կուբամետր փայտ է կարողնալու գնել կամ երկու ամիս գազ վառել։ Չի հերիքում։ Աշխատավարձը ցածր է։ Իհարկե՝ հաշվի առնենք, որ մեզ մոտ 70 հազարից ավելի է այն ընտանիքների թիվը, որտեղ կա նվազագույն աշխատավարձով աշխատող մարդ, այն է՝ 68 հազար դրամ։ Լեհաստանի կառավարությունը, օրինակ, ասում է՝ ժողովուրդ, գազն ու լույսը թանկացե՞լ է, ուրեմն գնացեք ցախ հավաքեք անտառից։ Հայաստանի կառավարությունը դա էլ չի ասում, որովհետև ցախ հավաքելու համար առնվազն մի հատ արյունահեղություն եղավ Իջևանում։ Ասում են՝ ցուրտ է` ցուրտ է, ի՞նչ անենք։ Նախորդ տարի քա՞նի հոգի ցրտահարությունից մահացավ, որովհետև տունը չէր ջեռուցում։ Կարևորը՝ կառավարական դաչան ամբողջությամբ ջեռուցում եք ձեր տված հարկերից, այսինքն ձեր փողերով։

Անդրեասյան Կարենը, դե էն որ Արդարադատության նախարար էր, հիմա էլ դարձավ ԲԴԽ նախագահ, օրինակ, դժվար, չէ՞ ջեռուցման խնդիր ունենա․ նա դժվար, չէ՞ լինի այն մարդկանցից, որ աշխատավարձից 15 հազար դրամ մի կողմ է դնում, որ ձմռանը տաքանա, բոլորս հասկանում ենք։ Նա այդպիսին չի եղել, ո՛չ նախկին իշխանության ժամանակ, ո՛չ հիմա է։ Բայց արի ու տես՝ ուզում է, ու ամեն բան արեց, որ 4 հազար դոլարից ոչ պակաս ամսեկան աշխատավարձ ստանա։ Մարդը նախարարից նոր-նոր տեղափոխվել է ԲԴԽ նախագահ, բայց մինչ գնալը հաջողացրել են նախագիծ շրջանառել, որ 1 մլն 600 հազար դրամի կարգի մարդը ստանա աշխատավարձ։ Ամսեկան, ժողովուրդ ջան։ Դե արի ու 68 հազար դրամ աշխատավարձ ստացողին, 35 հազար դրամ թոշակ ստացողին, 28 հազար դրամ նպաստ ստացողին բացատրի, որ «թավշյա, ո՛չ բռնի, ո՛չ թալանին ու արդարությունը վերականգնած հեղափոխությունից հետո» իր կյանքը նույնն է մնացել, բայց այ հեղափոխական պետական պաշտոնյան 1,5 մլն դրամ ամսեկան չլինի, չի կարողանում ապրի։ Երևի մտածում են՝ էդքան փող որ տան էս խեղճ ժողովրդին, ծախսելու ձևն էլ արդեն չեն իմանա ու կարող է ինֆարկտ էլ ստանան։ Իսկ իրենք, պարզ է, մտածում են միայն ժողովրդի մասին։

Ուրիշի փողեր հաշվելը, իհարկե, սիրուն բան չէ, բայց այն դեպքում, երբ այդ ուրիշը չի խոստացել, որ գալու է իշխանության և այնպես աշխատի, որ հասարակ մարդիկ շատ փող ունենան, ոչ թե ինքն ու իր բարեկամները։ Խոստացել են, չէ՞։ Հիմա եկել ասում են՝ գիտե՞ք ինչ, մենք պետք է շատ վարձատրվենք, որովհետև կիսում ենք այդ հեղափոխության բերած աղետի մեղավորությունը՝ հիմնական մեղավորի հետ։

Ճանաչում եմ մարդկանց, որ ասում էին՝ այլևս խոպան չենք գնալու, հեղափոխություն ենք արել ու ժողովրդի մարդուն ենք բերել, կունենանք արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ վարձատրություն, պլյուս դրան՝ թալանած փողերը կբաժանեն մեզ։ Նրանք մինչև հիմա նույն գործին են, նույն տաքսին է քշում, մոյկայում է աշխատում, նույն աշխատավարձով, մյուսն էլ 2018-ին խոպան չգնաց, ոտքը կախ գցեց, բայց ստիպված 2019-ին գնաց, իսկ այս տարի փախել-եկել է ու նույն տեղում նույն պայմաններով գործի է անցել։

Քաղաքացին ասում է՝ եկել եմ Սյունիքից Երևան աշխատելու, 250 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, տան վարձը 120 հազար էր, դարձրել են 200 հազար, ընտանիքն առել-գնացել է Եղվարդում են ապրում, էլի 120 հազարով։ Հիմա մի հատ էլ պետք է մտածի վառելիքի մասին։ Ես էս անհատական պատմությունները պատմում եմ, որովհետև դա բոլորի մասին է։ Քա՞նի հազար ընտանիք է վարձով ապրում ու բողոքում գներից։ Վահան Քերոբյանը կառավարության նիստում լաց էր լինում, ասում էր՝ եղբայրս վարձով է ապրում, տանտերը բարձրացրել է վարձը, պետք է այս հարցին արագ լուծում տանք․ քաղաքացին մինչ սպասում էր արագ լուծման, նույն Քերոբյանը հիմա էլ ասում է՝ ժողովուրդ ջան, եկեք վարկ վերցրեք, ձեր տունը ռեմոնտեք, որ թանկ գնով վարձով տաք։ Սա քո մասին մտածող կառավարության անդամն է։ Այսինքն այսպե՞ս էին մտածում, որ պետք է ժողովրդի մատից փուշ հանեին, ուզում եմ հասկանալ։ Օրինակ՝ մարդկանց աշխատավարձի կեսը գնում է տան վարձի վրա, իսկ, օրինակ, ՔՊ-ական պատգամավորները, որոնք ստանում են շատ բարձր աշխատավարձ+պարգևավճար+հավելավճար+բենզինի փող, մի հատ էլ ստանում են տան վարձի վճար, եթե վարձով են ապրում։ Կրկնում եմ՝ հիշեք, թե ինչեր էին ասում՝ մենք եթե պետք լինի՝ ձրի էլ կաշխատենք հանուն ժողովրդի, բայց հիմա իրենց հարցերը սաղ լուծել են, իհարկե՝ ձեր հաշվին, մեր բոլորի հաշվին։

Խոսում ենք, որ բարձր պաշտոնյաներն իրենցից էլ բարձր աշխատավարձ են ստանում, ասում են՝ հա բայց նվազագույն աշխատվարձն էլ 68-ից դառնում է 75 հազար, 7 հազարով բարձրացնում է, համարում է, որ իր կարևորագույն գործն արդեն արել է։ Չի էլ մտածում, որ դա անգամ գնաճը չի մեղմում։ Բայց․ շխանությունը, ոչ միայն անպատասխանատու է, ստեր է փչել, որ գա իշխանության, նա նաև խորամանկ է։ Ասեմ ինչպես։ Էդ որ ասում են նվազագույն աշխատավարձը բարձրացնում ենք, ժողովուրդ ջան, չեն ասում, որ այդ նույն նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ մեկտեղ, բարձրանալու է նաև պաշտոնյաների բազային աշխատավարձը․ իսկ դա նշանակում է, որ եթե նվազագույն աշխատավարձը բարձրանում է 7 հազար դրամով, ուրեմն նախարարի աշխատավարձը բարձրանում է 200 հազար դրամով, պատգամավորինը՝ շուրջ 180 հազար դրամով, որովհետև իրենց բազային աշխատավարձը 66 հազար դրամից դառնում է 83 հազար դրամ։ Լավա՞ չէ։ 3-4 հազար դրամով թոշակ են բարձրացնում, իսկ 200 հազար դրամով, զուգահեռ, բարձրացնում են սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի աշխատավարձը։ Լավա, չէ՞։ Անգամ չեք էլ ճանաչում, չէ՞ ով է․ ձեր, մեր նախարարն է՝ աշխատանքի և սոցիալական հարցերի։

Հեղափոխական վարչապետը ասում է՝ եթե մարդ 75 հազար դրամ է ստանում, ուրեմն նորմալ կրթություն չունի։ Սա աբսուրդ հայտարարություն է։ Արի ու տես, որ ժողովրդի ծոցից իբր ելած վարչապետը չի էլ պատկերացնում, որ իր ղեկավարած երկիրը այնպիսին է, որ երկու դիպլոմ ունեցողը բանվոր է աշխատում։ Իհարկե՝ առաջ էլ կար լիքը նման դեպք, բայց չէ՞ որ իրենք խոստացել էին վերացնել այդ անարդարությունը։ Բայց․ փոխարենը եկան լիքը կրթություն չունեցողներ, որ մեր՝ հարկատուներիս վզին նստեցին․ մեկը՝ ինքը, իր մարզպետները, խմբակցության պատգամավորները։ Իրենք են, չէ՞, գյուղապետերի բարձրագույն կրթության պահանջը հանել, պարեկներին բերեցին՝ էդ պահանջը չկա ու ասում են՝ եթե գործ չունի, փողը քիչ է, ուրեմն կրթություն չունի։ Մեր երկրում սահմանապահի աշխատավարձը չի բարձրանում կամ բարձրանում է չնչին, իսկ պարեկներինը՝ կտրուկ։ Դրա համար էլ սպան, ուսուցիչը, փրկարարը դուրս են գալիս գործից, որ պարեկ դառնան, շվշվացնելով փող աշխատեն։ Նիկոլն էլ այդ մասին ուրախ ուրախ հայտնում է կառավարության նիստում, իբր՝ տեսեք ինչ լավ է։ Ի՞նչն է լավ։ Բա դրա համա՞ր էինք, հեղափոխություն անում, որ քո ընկերներին, բարեկամներին գործի դասավորես, անգրագետ պարեկներին էլ բարձր աշխատավարձ տաս, որ փողոցում քեզ չհայհոյեն։

Ասում ենք՝ թող պաշտոնյաները բարձր վարձատրվեն, մեզ համար են աշխատում, մեր կյանքի որակն են փոխում․ բայց, փոխու՞մ են որ։ Ցավոք, փոխում են դեպի վատը։ Նայեք կառավարության նիստերի օրակարգերը, հարցերի կեսը գումար դուրս գրելու մասին է․ պահուստային ֆոնդից միլիոնավոր դոլարներ են դուրս գրվում․ դրանից քա՞նիսով են ժողովրդի համար հարցեր լուծվել՝ ՍԴ աշխատողներին հավելավճար, հակակոռուպցիոնի աշխատողների աշխատավարձ, այսինչ հիմնարկին ծառայողական ավտոներ, ՊՆ շենքի վերանորոգում։ Հետո ասում են դե գիտե՞ք ավելի հեշտ է երկու հատ թանկ ավտո առնել կոռուպցիայի դեմ պայքարող Սասուն Խաչատրյանին, քան, ասենք, սահմանները կահավորեն, կամ, մի ամբողջ ժողովրդի թոշակ բարձրացնեն․ բայց որ բոլոր անիմաստ ծախսերը գումարում ես, տեսնում ես, որ ժողովուրդը լավ էլ կարող էր ապրել։

Կարճ ասած՝ առաջ ասում էին դու քիչ փող ես ստանում, որովհետև քեզ թալանում են, հիմա ասումեն՝ քիչ ես ստանում, որովհետև անգրագետ ես։ Այն ամենի համար, որ առաջ մեղավոր էր նախկին իշխանությունը, հիմա մեղավոր է ժողովուրդը։ Վաղն էլ կասեն՝ չէի՞ր տեսնում ում ես բերում իշխանության, բա ի՞նչ էիր ուզում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ