18 10 2019

Սիրանուշ Սահակյանը՝ ՍԴ նախագահի և ընտանիքի դեմ գործընթացների մասին

Սիրանուշ Սահակյանը՝ ՍԴ նախագահի և ընտանիքի դեմ գործընթացների մասին

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իրականցվող գործընթացների՝ հարուցված քրեական գործի և հայրական տուն այցելելու, ինչպես նաև դատաիրավական ոլորտում վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Yerevan.Today-ը զրուցել է «Իրավական ուղի» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սիրանուշ Սահակյանի հետ։

- Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Հրայր Թովմասյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ՝ 300-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրանքի էությունը, ըստ Ձեզ ո՞րն է և որքանո՞վ է տեղավորվում տրամաբանության մեջ, քանի որ մինչ այս միայն քննադատություններ ենք լսում մասնագիտական շրջանակներից։

- Իշխանություն յուրացնելն ունի երկու դրսևորում՝ իշխանություն զավթել և իշխանությունը պահել։ Որպեսզի իշխանությունը զավթելու արարքը մեղսագրվի, անհրաժեշտ է բռնության գործադրում կամ գործադրելու սպառնալիք, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով լիազորությունների տիրանալը։ Եվ այստեղ ոչ միայն նշվում է Սահմանադրական դատարան, բայց ո՛չ դատարանի նախագահ, այլ ընդհանուր դատական կարգը նկատի ունի, նաև Ազգային ժողով, Կառավարություն։ Պահելու մասին խոսք չկա, ըստ էության, վերագրել են առաջին մասը։ Պետք է նկատի ունենանք, որ այս արարքն ուղղակի դիտավորությամբ կատարվող արարք է, որի մեջ նաև հատուկ նպատակ կա։ Եթե նույնիսկ ընթացակարգերը խեղաթյուրվում են, դրանք պետք է կատարվեն անձի մասնակցությամբ և ուղղակի դիտավորությամբ, և պետք է դրա նպատակը հենց տիրանալը լինի։

Ի՞նչ փաստերի ենք մենք տիրապետում․ մենք գիտենք, որ ՍԴ դատավորի թափուր տեղ է եղել։ Այդ դատավորի համալրման ընթացակարգերը տեղի են ունեցել Սահմանադրությամբ նախատեսվող կարգով, և ԱԺ կողմից ընտրվել է Հրայր Թովմասյանը։ Վկայակոչում են, որ հրաժարական չի տվել, բայց իր լիազորությունները դադարած են համարել ԱԺ կողմից։ Նախ, եթե Ազգային ժողովը դադարած է համարել առանց պատշաճ իրավական հիմքերի, մենք այստեղ գործ ունենք ԱԺ գործողությունների հետ, բայց ո՛չ Հրայր Թովմասյանի, և այստեղ հարցն այն է, որ Հրայր Թովմասյանի իրավուքներն են խախտվել, քանի որ եթե առանց առկա հիմքերի իր լիազորությունները դադարած են համարել, այստեղ պատգամավոր Հրայր Թովմասյանի իրավունքների պաշտպանության հարց ունենք։

Եվ մյուս փոխկապակցված հարցը, որն առաջ է գալու․ եթե լիազորությունները դադարած չէին, արդյո՞ք իր օգտին կարող էր ԱԺ-ն քվեարկել։ Ի զարմանս գործընթացը նախաձեռնողների՝ պետք է նշենք, որ ՀՀ ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ էլ այլ օրենքներ չունեն այնպիսի սահմանափակումներ, որ անձի՝ որպես դատավոր քվեարկելիս վերջինս չպետք է զբաղեցնի այլ պաշտոն կամ կատարի այլ աշխատանք։ Ազգային ժողովի առջև դատավորի թեկնածուի դերում կարող են հանդես գալ մարդիկ, ովքեր տվյալ պահին կատարում են վճարովի աշխատանք, որն անհամատեղելիության հետագա պահանջ է, զբաղեցնում են այլ պաշտոն, զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և այլն։ Եվ այստեղ հետագայում՝ ընտրվելուց հետո, այդ անհամատեղելի աշխատանքը համատեղելու հարցն է, որը դարձյալ իրավական առումով խնդիր կարող է առաջ բերել։

Այս առումով, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրել էր լիազորությունները, ստացվում է, որ Հրայր Թովմասյանը մեծագույն ցանկության պարագայում էլ չէր կարող անհամատեղելի գործունեություն իրականացնել, որովհետև թե՛ իրավական, թե՛ փաստացի առումով ինքը զրկված է եղել պատգամավորի մանդատից, և այդ մանդատը զբաղեցրել է մեկ այլ անձ։ Այսինքն՝ այս երկրորդ հնարավոր ուղղությունը, որ անհամատեղելի գործունեություն է իրականացրել, ուստի դրա ուժով է իշխանությունը ենթադրաբար զավթել, ևս ո՛չ իրավական, ո՛չ էլ ռացիոնալ տրամաբանության մեջ չի տեղավորվում։

Եվ նաև հետաքրքրական է, որ այս պրակտիկան՝ լիազորությունների դադարած համարելու, 95-րդ հոդվածի հիմքով, որը կիրառվել է Հրայր Թովմասյանի նկատմամբ, իր կիրառությունն է ունեցել բազմաթիվ այլ պատգամավորի առնչությամբ, ընդ որում, այստեղ հարցերի պատասխանատուն ավելի շատ աշխատակազմն է և ԱԺ-ն՝ որպես մարմին, քան ինքնին անձը։

Եթե ուզում ենք կլասիկ առումով հասկանալ, թե ինչ է իրենից իշխանություն զավթելը ներկայացնում, դրանք իրականում օրինական իշխանություն իրականացնող անձանց ֆիզիկական ոչնչացման կամ նրանց հարկադրաբար մեկուսացման կամ հռչակման միջոցով իշխանությունների լիազորություններին տիրանալն է։

Նաև պահպանման առումով կա մաս, որը վերաբերելի չէ, քանի որ դա արդեն երկրորդն մասն է։ Պահպանումն էլ դրսևորվում է այն գործողություններով, որ իշխանությունը բռնազավթելուց հետո որոշակի խումբ խոչընդոտում է սահմանադրական համակարգի գործունեությանը։ «Իշխանություն զավթել» և «իշխանություն պահել» տարրերը նման կերպ են մեկնաբանվում։

- Հաղորդագրության մեջ նշվում է «և պաշտոնատար այլ անձինք»․ կարո՞ղ ենք մտածել, որ այդ մի խումբ անձանց մեջ կարող են լինել, օրինակ, ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, քանի որ նրանց պաշտոնափոխությունը ևս նույն կերպ է եղել։

- Ամեն ինչ կարող ենք ենթադրել։ Նա ունի այնքան անորոշության աստիճան, որ ցանկացած ենթադրություն այդ անորոշության մեջ կտեղավորվի։

- Սա ավելի շատ քաղաքակա՞ն հարց է, թե՞ իրավական։ Գործը, ըստ Ձեզ, արդյո՞ք չի հարուցվել, քանի որ ՍԴ-ն մերժեց խորհրդարանի դիմումը։ ԱԺ նախագահը հայտարարում էր, որ իրենք «պլան Բ» էլ ունեն։ Գուցե սա հենց «պլան Բ»-ն է։

- Թույլ տվեք գնահատականներ չտամ, որոնք ավելի շատ քաղաքական գործիչների տիրույթում են, բայց ցանկացած մարդ չի կարող չտեսնել շղթայական կապերը, որ գործողությունը ինչին է հետևում, և ինչ օրինաչափություններ և կապեր գոյություն ունեն։ Այդ կապերը վերլուծելու պարագայում ողջամիտ բանականությունը կտանի այն ուղղությամբ, որ մենք իրավական կլասիկ գործընթացների հետ գործ չունենք։

- ԱԱԾ-ի այցը Հրայր Թովմասյանի հայրական տուն, և ինչպես պարզվեց, նրանց հարցերը, թե երբ եք վերանորոգել տանիքը և այլն, ի՞նչ մեկնաբանության են արժանի։

- Այս առումով շատ քիչ ինֆորմացիայի եմ տիրապետում և նաև կարծում եմ, որ այն մեկնաբանությունները, որոնք արվում են, հատվածական են։ Եկեք մեկնաբանենք այն ժամանակ, երբ կունենանք պաշտոնական տեղեկատվություն, թե արդյո՞ք կան հարուցված քրեական գործեր, արդյո՞ք դրանք գտնվում են ԱԱԾ քննչական ենթակայության ներքո, ի՞նչ տեսակի քննչական կամ դատավարական գործողություններ են կատարվել, դրանք նախատեսվա՞ծ են մեր օրենսդրությամբ և այլն։ Կան շատ անհայտներ և տեղեկատվության շատ սակավ հոսք, որի պայմաններում ճիշտ չէր լինի հետևություններ կատարելը։ Միգուցե հիմնավոր է, միգուցե՝ անհիմն, բայց դրան կարող ենք անդրադառնալ, երբ տիրապետենք փաստերի։ Ես այդքան փաստեր չունեմ, որպեսզի հետևություններ անեմ։ Եթե կան վերագրելի մեղսագրվող արարքներ, որոնց շրջանականերում թույլատրվում է, օրինակ, խուզարկություն իրականացնելը և համապատասխան դատական երաշխիքների պահպանմամբ դա կատարելը, եթե ընթացակարգեր չեն խախտել, սա արդեն ուրիշ երևույթ է։ Թե ո՞ր երևույթի տիրույթում ենք, ծանոթանանք հավելյալ փասերին, նոր կատարենք հետևություններ։

- Կատարվող գործընթացը, խոսքս վերաբերում է և՛ ՀՔԾ-ին, և՛ ԱԱԾ-ին, ինչպե՞ս է ազդում որպես իրավական պետություն Հայաստանի հեղինակության վրա թե՛ ներսում, թե՛ դրսում։ ՍԴ նախագահը ներկայացվում է որպես հանցագործ։

- Ես ոչ թե խնդիր եմ տեսնում, որ առանձին պաշտոնատար անձինք կարող են հանցագործներ ներկայացնել, ո՛չ, առանձին պաշտոնատար անձանց մեջ իրականում կարող են հանցագործներ լինել, ինչպես որ հասարակության այլ շերտերում։ Կարծում եմ, որ եթե հանցագործ կա, և դա բացահայտվում է, այդ առումով չունենք արատավոր երևույթներ։ Այլ հարց է, որ ոչ թե իրավական ընթացակարգեր են տեղի ունենում, այլ մենք մեղսագրում ենք արարքներ անձանց և այդ կարևոր գործիքը, որը հանրային շահեր պաշտպանելու համար է ստեղծված՝ հանցագործություններ քննելը, բացահայտելը, հետապնդելը, դա չարաշահվում և օգտագործվում է այլ նպատակներով։ Ցանկացած իշխանության օրոք իրավական պետությանը սպառնալիք է ներկայացվում, երբ այդ իրավական գործիքն օգտագործվում է ոչ իրավական նպատակներով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ