18 09 2019

Վիճակագրության հեղափոխական ոգին

Վիճակագրության հեղափոխական ոգին

Politeconomy.org-ն գրել է. Ճիշտ այն պահից, երբ հայտնի դարձավ, որ նոր վարչապետը հետաքրքրվում է տնտեսական ցուցանիշներով, մեր վիճակագրությունը դարձավ անկանխատեսելի: Այն ինչ-որ առումով Օրուելի «1984»-ն է հիշեցնում: Հիմա ոչ ոք որևէ տվյալի ստույգ լինելու մասին չի կարող վստահ պնդում անել: Ու որքան էլ տարօրինակ է խոսքը վերաբերում է նախկինում հրապարակված տվյալներին (նույնիսկ կարելի է պնդել, որ առաջին հերթին է վերաբերում նախկինում հրապարակված ու բազմիցս վերահաստատված տվյալներին):

Տեսե՛ք, հիմա մեր իշխանությունները սիրում են խոսել աննախադեպ աշխատատեղեր ստեղծելու և գործազրկության դեմ աննախադեպ հաջող պայքար մղելու մասին: Իշխանությունների հայտարարությունները վիճակագիրներն ընդունում են համապատասխան (և` համապատասխանող) տվյալներ հրապարակելու հանձնարարություն-հրահանգ: Սակայն ցանկացած պրոֆեսիոնալ վիճակագիր գիտի, որ միանգամից ճոխ թվեր հրապարակել չի կարելի: Դրա համար ի տարբերություն իշխանությունների՝ վիճակագիրներն առայժմ 600 հազարը գերազանցող աշխատատեղերի մասին հրապարակում չեն արել: Որովհետև գիտեն, որ դրանք կարելի է համադրել համապատասխան հիմնադրամի մուտքերի հետ ու համոզվել, որ այդ պնդման մեջ մոտ 100 հազար «հավելագրում» կա: Հմուտ վիճակագիրներն այդ խնդրին ավելի նուրբ են մոտենում:

Տեսե՛ք, նախկին տարիներին հրապարակված վիճակագրության համաձայն վերջին տարիներին գործազրկության ցուցանիշը դանդաղ, բայց աճում էր: 2014թ․ գործազուրկ էր աշխատունակ բնակչության 17.5 տոկոսը: 2015-ին այն արդեն 18.5 տոկոս էր: 2016 և 17 թթ․ գործազրկության ցուցանիշը նվազել ու պաշտոնապես կազմել էր 18 տոկոս (այն, որ սա բարձր թիվ է, ապացուցվեց 2018-ի ժողովրդական դժգոհության մասշտաբներով): Մինչև վերջերս այս թվերը պաշտոնապես հրապարակվում ու վերահրապարակվում էին: Օրինակ, կարելի է բացել 2018թ․ նոյեմբերի 20-ին հրապարակված «Պարենային ապահովություն ու աղքատությունը 2018թ․ հունվար-սեպտեմբեր» հաշվետվությունը: Կարելի է բացել ու աղյուսակ 1.3.-ում կարդալ, որ 2017թ․ հաշվառվել է 219 հազար գործազուրկ: Նույն վերնագրով 2018 թ․ բոլոր հաշվետվություններում 2017թ․ գործազուրկների նույն թիվն է նշվում: Նշենք, որ 219 հազար գործազուրկները այդ տարվա աշխատունակ տարիքի բնակչության 18 տոկոսն են կազմում: Ավելին, այս թիվը կարելի է հանդիպել նաև այս տարվա` 2019թ․ փետրվարի 20-ին հրապարակված «Պարենային ապահովություն և աղքատություն 2018թ․ հունվար-դեկտեմբեր» հաշվետվության մեջ: Ու հանկարծ «Պարենային ապահովություն և աղքատություն 2019թ․ հունվար-մարտ» և հետո «Պարենային ապահովություն և աղքատություն 2019թ․ հունվար-հունիս» հաշվետվության մեջ 2017թ․ նախկինում առնվազն հինգ անգամ հրապարակված թվերը փոխվում են: 2019թ․ մայիսի 20-ին փոխվում է 2017թ․ գործազրկության ցուցանիշը: 2017թ․ ավարտից մոտ մեկ տարի 5 ամիս հետո «պարզվում է», որ գործազուրկների թիվը ոչ թե 219 հազար էր, այլ 236.5 հազար:

«Ի՞նչ անհրաժեշտություն կար սևացնելու տեղից էլ ոչ այնքան լուսավոր 2017 տնտեսական տարին»՝ հարցն ինքնին հետաքրքրական է: Հատկապես, որ պաշտոնական վիճակագրությունը 2017 թ․ տնտեսական տարին «սևացնելու» հարցում մանր քինախնդրության պես մի հնարք էլ է կիրառում: Գործազուրկների «նորաթուխ» ցուցանիշը` 236.5 հազարը աշխատունակ տարիքի բնակչության 20.74 տոկոսն է կազմում: Այս թիվը կլորացման կանոնների համաձայն պիտի արձանագրվեր 20.7 տոկոս: Բայց պաշտոնական հաշվետվություններում այն մեկ տասնորդականով մեծացվում է, դառնում՝ 20.8 տոկոս: Պատճառը միանգամից պարզվում է 2018թ․ տվյալին ծանոթանալուց հետո: 2018թ․ գործազուրկների թիվը 234 հազար մարդ է: Ահա, թե ինչու է մեծացվել 2017-ի ցուցանիշը: Բա հո պաշտոնական վիճակագրությունը չէ՞ր կարող թույլ տալ, որ «նախահեղափոխական» 2017-ը ավելի լավ պատկեր ունենա, քան «հեղափոխական» 2018-ը:

2018-ի գործազրկության ցուցանիշը տոկոսով կազմում է 20.4 տոկոս: Այն ավելի պարկեշտ տեսք ունի 20.8-ի հետ համեմատ, քան` 20.7-ի: Այս պուճուրիկ հնարքն էլ հավանաբար իշխանությունները հավուր պատշաճի կգնահատեն: Եթե, իհարկե, նկատեն վիճակագիրների անմնացորդ նվիրումը, որ տնտեսական վիճակագրությանը օրուելյան (հակաուտոպիական) հմայք է հաղորդում, բայց դարձնում հաճելի՝ իշխանությունների քիմքին:

Հաշվի առնելով, որ մինչև հիմա 2019թ․ միայն առաջին եռամսյակի գործազրկության տվյալն է հրապարակվել, կարելի է եզրակացնել, որ մեր վիճակագիրներն առայժմ նոր «մեթոդ» չեն մշակել (մշակելու դեպքում վասն համադրելիության ամեն ինչ կանեն, որ տվյալներն իրականում համադրելի չլինեն)։ Առաջին եռամսյակի տվյալներով 2018-ի համեմատ գործազրկությունն աճել էր, կարծեմ, 16 հազարով։ Հետևաբար մինչև նոր «մեթոդի» մշակումը պաշտոնական վիճակագրությունը հավանաբար կշարունակի չհրապարակել գործազրկության թվերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ