13  07  2019

Շինարարություն. անցեմենտ, անբետոն ու անքար. Politeconomy.org

Շինարարություն. անցեմենտ, անբետոն ու անքար. Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Տնտեսական տեղեկատվությունը սովորաբար արժանահավատ է։ Կամ ավելի ճիշտ՝ այդպիսին պիտի լինի։ Նախ՝ տնտեսական տեղեկատվություն հավաքողներն ու հրապարակողները դրանք փոխելու հարցում, որպես կանոն, որևէ շահ չունեն։ Տնտեսական տեղեկատվությունը, որպես կանոն, փոխվում է իշխանական բարձր աշխատասենյակներում։ Որովհետև իշխանությունները պարբերաբար տնտեսական տեղեկատվությունը դարձնում են քարոզչություն։ Սեփական աշխատանքի քարոզչություն։

Բայց մակրոտնտեսական հանրագումարային թվերի վերջին փոփոխություններն ի վիճակի չեն փոփոխելու տնտեսական տվյալների ամբողջական շղթան, որոնց արդյունքում, իբր, ստացվել է վերջնական պատկերը։ Սա կարելի է առարկայական դիտարկել, օրինակ, շինարարության ոլորտում։ Յուրաքանչյուր ամիս երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների շարքում հրապարակվում են նաև շինարարության վիճակը ներկայացնող թվերը։ Ավելին՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը հրապարակելիս հինգ տողով առանձին ներկայացվում է, թե տնտեսության կոնկրետ որ ոլորտի որքան տոկոս կազմող աճի արդյունքում է ձևավորվել ՏԱՑ-ի հրապարակված չափը։ Օրինակ՝ 2019թ. հունվար-մայիսի համար հայտարարված 7․3–տոկոսանոց ՏԱՑ-ը ստացվել է նույն ժամանակաշրջանում, որովհետև արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5,6 տոկոսով, շինարարության ծավալը՝ 6․1 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 9․4 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը՝ 16․5 տոկոսով։

Եթե ցանկացած մարդ ցանկանում է համոզվել պաշտոնապես հրապարակված թվերում, կարող է ստուգել։ Ստուգել՝ դրանք համադրելով նույնքան պաշտոնական վիճակագրության մյուս տվյալների հետ։ Ի վերջո, արդյունաբերությունն ու շինարարությունը հենց այնպես (անհետք ու անհետևանք) չեն կարող զարգանալ։ Եթե երկրում հինգ ամիս շարունակ 6․1 տոկոսով աճել է շինարարությունը, ապա պիտի ավելանային արտադրված (կամ ներմուծված) ցեմետի, ամրանների, բետոնի, քարի ու բազում այլ արտադրատեսակների ծավալները։

Դրանց արտադրության ու ներմուծման հաշվառում երկրում շատ ավելի մանրակրկիտ է կատարվում, քան մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների դեպքում։ Նաև այն պատճառով, որ դրանց հաշվառումը մասամբ կատարում են հարկային, մասամբ՝ մաքսային մարմինները։ Նրանց հաշվառման դիմաց ստորագրություններ են դրվում, որոնց արդյունքում հարկեր ու տուրքեր են մուծվում։ Ի տարբերություն որևէ չինովնիկի աշխատասենյակում փոփոխվող մակրոտնտեսական թվերի։

Այսպես, եթե 2018թ. հունվար-մայիսի համեմատ՝ 2019-ի նույն ժամանակաշրջանում շինարարությունն աճել է 6․1 տոկոսով, ուրեմն պիտի աճեր նաև ցեմենտի արտադրությունը։ Բայց ցեմենտի արտադրությունը կրճատվել է 0․9 տոկոսով։ Պաշտոնապես այս մասին արձանագրված է «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2019թ. հունվար-մայիսին» հրապարակման մեջ։ Եկեք ենթադրենք, որ շինարարությունն աճել է ներկրված ցեմենտի հաշվին։ Այս դեպքում կարելի է, օրինակ, ստուգել, թե որքան ապրանքային բետոն է արտադրվել երկրում (ի վերջո, ցեմենտը խոհարարական նպատակներով չեն օգտագործում)։

Պարզվում է՝ երկրում բետոն մոտ 15 հազար տոննա (կամ 7․7 տոկոսով) պակաս է արտադրվել։ Ավելին՝ «Հավաքովի պատրաստի կոնստրուկցիաներ և շենքերի ու կառուցապատման համար այլ արտադրատեսակներ ցեմենտից, բետոնից» ապրանքախումբն էլ 11․3 տոկոս կրճատվել է։ 8 տոկոսով կրճատում է արձանագրված նաև «Քար՝ սղոցած, մշակած և վերամշակած» տողի դիմաց (ինչպես նկատում եք՝ նույնիսկ շինարարական քարերի վերամշակումն է հաշվառվում)։ Հետաքրքրվողների համար նշենք, որ վիճակագրությունն այս տողը մանրամասնում է առանձին քարատեսակներով։ Դրանց արտադրությունն առանձին-առանձին, նախորդ տարվա հինգ ամսվա հետ համեմատած, հիմնականում կրճատվել է 10-20 տոկոսի չափով։

Տնտեսական տեղեկատվությունն իր բազմազանության ու բազմաժանրության տեսանկյունից միշտ էլ հնարավորություն է տալիս տարբերակել ցանկալի տեղեկատվությունն իրականից։ Ի վերջո, ոչ ոք չի չեղարկել տրամաբանությունն ու թվաբանությունը։ Շինարարության (ինչպես տնտեսության բոլոր ոլորտների) զարգացման համար նյութական բազա է պետք։ Իսկ նյութ-ապրանքատեսակների հաշվառումը հարկային ու մաքսային մարմինները հիմա համարյա անթերի են իրականացնում։ Բոլոր դեպքերում, այդպես պնդում են մեր իշխանությունները։ Մի՞թե համաձայն չեք։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ