12 07 2019

Ե՞րբ է որոշվելու գազի հարցը․ պարզաբանում է փոխվարչապետը

Ե՞րբ է որոշվելու գազի հարցը․ պարզաբանում է փոխվարչապետը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, լրագրողների հետ անդրադառնալով իրանական գազի վերաբերյալ հարցին, նշեց, որ գործողությունները պետք է պայմանավորված լինեն առաջին հերթին հայրենակիցների շահերով, և որևէ կաշկանդվածություն չպետք է լինի։

«Ինչ վերաբերում է տեխնիկական ու գնային բաղադրիչներին, պետք է դա բանակցվի: Գազից հրաժարվելը կամ չհրաժարվելը հարց է, որը պայմանավորված է տեխնիկական հնարավորություններով, գնով ու դիվերսիֆիկացիայով: Այդ երեք բաղադրիչի համադրությամբ պետք է որոշումները կայացվեն»,-նշեց նա:

Անդրադառնալով ռուսական կողմի հետ գազի շուրջ բանակցություններին՝ փոխվարչապետը նշեց, որ քննարկումները դեռևս շարունակվում են։

«Սակագների հարցը բազմաբաղադրիչ է, չեք պատկերացնի, թե ինչքան շատ կոմպոնենտներ կան, որոնք քննարկվել են եւ դեռեւս ենթակա են քննարկման: Չէի ցանկանա հիմա սպասումներ ձեւավորել, որովհետեւ դեռեւս մեծ աշխատանք կա անելու»,-նշեց նա:

Գազի գնի բարձրացման վերաբերյալ կանխատեսումներին ի պատասխան՝ փոխվարչապետը նշեց․ «Ես նման պաշտոնական որեւէ ազդակ էդ հարցի հետ կապված չեմ ստացել: Ես նման փորձագիտական եզրակացությունների մեջ չեմ տեսել որեւէ ֆունդամենտալ պատճառ»:

Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս «Գազպրոմից» աշխատանքային խումբ է գալու,որպեսզի բանակցություններ լինեն բաղադրիչների, այդ թվում խնայողության բաղադրիչի վերաբերյալ:

Իսկ տեղեկություններին, որ գազի գնի հարցը կորոշվի ՌԴ նախագահի՝ Հայաստան այցի ժամանակ,Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Ես նման սպասումներ չեմ ցանկանա ձեւավորել, որովհետեւ եկեք ավելի շատ կենտրոնանաք բանակցությունների ու բաղադրիչների քննարկման վրա, որոնք շատ կարեւոր են: Բոլոր բաղադրիչները առանձին պետք է քննարկվեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ