10 04 2019

Զատկին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի. քննարկում ՍԱՏՄ-ում

Զատկին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի. քննարկում ՍԱՏՄ-ում

Սուրբ Հարության տոնին ընդառաջ հավկիթի գների հնարավոր թանկացումը թեև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարգավորման տիրույթում չէ, այդուհանդերձ գնաճը կարող է հանգեցնել նաև շուկայում առկա ձվի դեֆիցիտի: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ այս թեմայով Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու արտադրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Ճիշտ է, շուկայում հավկիթի գնի վերահսկողությունը մեր գործառույթը չէ, բայց մեր անհանգստության առիթներից մեկը մեր գյուղատնտեսության, թռչնաբուծության անվտանգ զարգացումն է: Կարևորում եմ ժամանակ առ ժամանակ նման հանդիպումներ ունենալը, խնդիրները քննարկելը և հնարավոր լուծումների շուրջ համատեղ համաձայնության ձեռքբերումը»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն ու ձվի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները բարձրաձայնել են, որ իրացման ցանցում շատ հաճախ հայտնվում են կեղտոտ, անհայտ ծագման, «տնական ձվի» անվան տակ և ավելի մատչելի գնով վաճառվող առանց մակնշման հավկիթներ: Տնտեսվարողներն առաջարկել են իրենց աջակցությունը՝ իրացման կետերում շրջայցեր կատարելու և հայտնաբերված խախտումների մասին լիազոր մարմնին տեղեկացնելու միջոցով, ակնկալելով, որ Տեսչական մարմինը, հետագծելիությամբ կպարզի այդ հավկիթների ծագումը և կկասեցնի վաճառքը:

Թռչնարտադրողների միության ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը վստահեցրել է, որ «Սուրբ Հարության» տոնին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի և դեկտեմբեր ամսին թույլ տրված բացթողումները, որոնք հիմնականում եղել են տեխնիկական բնույթի, այս անգամ հնարավորինս կբացառվեն:

ՍԱՏՄ ղեկավարը նաև առաջարկել է տարեկան երկու անգամ, արտադրողի միջոցների հաշվին, բոլոր ընկերությունների թռչնամիսը և ձուն ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ դրանցում հակաբիոտիկների և հորմոնների առկայությունը ստուգելու նպատակով:

Նախաձեռնությանը տնտեսվարողներն արձագանքել են ոգևորությամբ և պատրաստակամորեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ