21 05 2018

Ապրիլյան իրադարձություններին մարդիկ բավականին մեծ գումարներ հանել են, տարել-պահել են դոշակի տակ. ԿԲ նախագահ

Ապրիլյան իրադարձություններին մարդիկ բավականին մեծ գումարներ հանել են, տարել-պահել են դոշակի տակ. ԿԲ նախագահ

Հեղափոխության վրա բանկային համակարգը դրական ազդեցություն է ունեցել: Այս մասին մայիսի 21-ին Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշեց, որ մոնիտորինգ են իրականացրել բանկերում և գրանցել են, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ մարդիկ ժամկետից շուտ խզել են ավանդները, այնուհետև նորից ավանդ դրել։ «Գումարի արտահոսք չի եղել, բայց բավականին մեծ գումարներ մարդիկ հանել են, տարել պահել են «դոշակի» տակ, հետո նորից բերել, դրել են բանկում», - ասել է նա՝ հավելելով, որ  խզելով երկարաժամկետ ավանդը՝ մարդիկ տոկոսագումարներ են կորցրել։ Ջավադյանը նաև տեղեկացրեց, որ 2017 թվականին 2016-ի համեմատությամբ, Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները 14.6%-ով աճել են։ Տրանսֆերտները նույնքան աճել են նաև այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում (նախորդ տարվա առաջին չորս ամիսների համեմատ):

Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ առաջիկայում սպասվում են կոռուպցիոն բացահայտումներ և պետությանը կվերադարձվեն գումարներ. «Քննություն է ընթանում, թե ԱԱԾ-ն, թե քննչական մարմինները, պատկան մարմինները պատասխան կարող են տալ դրա կապակցությամբ, մենք դրանով չենք զբաղվում: Ինչ վերաբերում է մեր կողմից տրվող և փոխանակվող ինֆորմացիային, մենք ունենք որոշակի ինֆորմացիայի զանգված, որը փոխանակում ենք, սա ավելի շատ վերաբերում է տեռորիզմի ֆինանսավորմանը և փողերի լվացման ոլորտում որևէ ինֆորմացիայի և էդ մասով մենք որևէ խնդիր չունենք: Մենք համագործակցում ենք թե Հայաստանում, թե ՀՀ-ից դուրս գործող բոլոր իրավապահ մարմինների հետ»,- ընդգծեց Արթուր Ջավադյանը:

Անդրադառնալով երկրից 10 մլրդ դոլարի արտահոսքի մասին լուրերին, ԿԲ նախագահն ասաց, որ նման բան չկա, քանի որ երկրում չկա մի գործարար, որն այդքան գումար կունենա. «Ոչ կանխիկ ձևով արտահոսքը, ամբողջությամբ մեր կողմից հսկվում է, մենք դա տեսնում ենք»:

Ջավադյանը նաև նշել է, որ հեղափոխության վրա բանկային համակարգը դրական ազդեցություն է ունեցել ֆինանսկան կայունության ապահովման առումով, ինչի մասին դեռ երկար կխոսեն:

Արթուր Ջավադյանը անդրադարձավ նաև վարչապետի հանձնարարակին՝ նշելով, որ վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել, կառավարության հետ գործընթացներ են գնում տույժերի ու տուգանքների հնարավոր վերացման համար: Ջավադյանը նշեց, որ տոկոսադրույքների իջեցման մասին վարչապետը չի խոսել. «Նա խոսել է բյուջետային տարբեր մեխանիզմներով գյուղատնտեսական վարկավորման աջակցելու մասին և ասել, որ ստեղծենք նոր իրավիճակ, ավելի շատ հարկեր հավաքենք, և դրա հաշվին գյուղացիների բեռը թեթևացնենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ