28  03  2017

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը 2017 թ. մարտի 28-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: Այս մասին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

2017 թ. փետրվարին արձանագրվել է 0.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է -0.2%: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ 12-ամսյա գնաճը, ինչպես և կանխատեսվում էր, կշարունակի վերականգնվել և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ:

Արտաքին հատվածում ընթացող միտումներն հիմնականում պահպանվել են. համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում դիտվել է կանխատեսվածի համեմատ գնաճային միջավայրի ավելի ընդլայնում:

Նշենք նաև, որ դեռևս առկա են որոշակի գնաճային ռիսկեր՝ կապված ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի բարձրացման արագության և զարգացող ու այլ զարգացած երկրներից դեպի ԱՄՆ կապիտալի արտահոսքի հետ:

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդե ություններ չի ակնկալում: Խորհուրդն արձանագրում է, որ 2017թ. հունվար-փետրվար ժամանակահատվածում դրսևորված տնտեսական ակտիվությունը զգալիորեն գերազանցել է սպասելիքները, որը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության, մատուցված ծառայությունների և առևտրի ոլորտներում գրանցված ավելի մեծ աճերով:

Միևնույն ժամանակ, շարունակում է աստիճանաբար վերականգնվել ներքին պահանջարկը՝ առավելապես կրելով 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցությունը: Նման պայմաններում, հաշվի առնելով վերջին երկու տարվա ըն ացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի 12 անգամ և ընդհանուր հաշվով 4.5 տոկոսային կետով իջեցման հանգամանքը, որի ազդեցությունը շարունակելու է փոխանցվել տնտեսությանը 2017 թ-ի ընթացքում, ԿԲ խորհուրդն այս պահին նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները՝ ակնկալելով տնտեսական ակտիվության և գնաճի վերականգնման տեմպերի արագացում:

Արտաքին և ներքին տնտեսական զարգացումներին և գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերի դրսևորմանը ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները՝ համապատասխանաբար 7.5% և 4.5%: Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2017 թ. ապրիլի 7-ը հրապարակվելիք մամուլի հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ