11  01  2017

ՏՄՊՊՀ-ն սոցիալական կարևորության ապրանքների գների փոփոխություն չի նկատել

ՏՄՊՊՀ-ն սոցիալական կարևորության ապրանքների գների փոփոխություն չի նկատել

Սոցիալական կարևորության ապրանքների գները Ամանորին կայուն են եղել. Տեղեկացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Հանձնաժողովի` դեռևս Ամանորից առաջ ստեղծված աշխատանքային խումբը իր գործառույթներն իրականացրել է նաև տոնական օրերին՝ գերիշխող ապրանքային շուկաներում գների արհեստական բարձրացումները, ինչպես նաև հնարավոր հակամրցակցային գործողությունները կանխարգելելու նպատակով: ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ Հանձնաժողովի դիտակետում են հիմնականում առաջնային սպառման և սոցիալական կարևորության խոշոր շուկաները Հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խումբը ամենօրյա կտրվածքով մոնիթորինգ է իրականացնել Երևան քաղաքի խոշոր վաճառակետերում՝ հսկողության տակ պահելով ավելի քան 150 ապրանքատեսակների գնային փոփոխությունները: Դրանք լայն սպառման այն ապրանքատեսակներն են, որոնք սպառողների համար ունեն կարևոր սոցիալական նշանակություն:

Իրականացված դիտանցումները արձանագրել են, որ մինչև 2016-ի դեկտեմբերի վերջ նշված ապրանքատեսակների գները նախորդ ամիսների համեմատ էական փոփոխությունների չեն ենթարկվել: 2017 թվականի առաջին տասնօրյակի մոնիթորինգի տվյալներով, Երևան քաղաքի խոշոր մանրածախ վաճառակետերում տոնական օրերից հետո ևս գնային փոփոխություններ չեն նկատվում, հիմնականում դիտարկվող ապրանքատեսակների գները անփոփոխ են:

Որոշ ապրանքատեսակների գներ ունեցել են նվազման միտում: Որպես օրինակ, ՏՄՊՊՀ-ից նշում են, որ եթե 2016 թվականի դեկտեմբերի վերջին ձեթի մանրածախ վաճառքի գինը կազմել է 715-720 դրամ, ապա 2017 թվականի հունվարին նույն ձեթի վաճառքը իրականացվել է 685-690 դրամով: ՏՄՊՊՀ մոնիթորինգի համաձայն, հացամթերքի, կաթնամթերքի, նպարեղենի, երշիկեղենի, նրբերշիկեղենի, սուրճի, թեյի, մանրածախ վաճառքի գները մնացել են նույն մակարդակի վրա:

Ինչ վերաբերում է գնային բարձրացումներին, ապա ՏՄՊՊՀ-ն նշում է, որ նախատոնական օրերին փոփոխություններ են դիտարկվել մրգեղենի որոշ տեսակների գծով, սակայն դրանք կրել են կարճաժամկետ բնույթ և հետագա օրերին վաճառքի գները վերադարձել են նախկին մակարդակին: Մասնավորապես` 2016 թվականի դեկտեմբերին բանանի միջին մանրածախ գինը կազմել է 760 դրամ, միայն դեկտեմբերի վերջին օրերին այս ապրանքատեսակի գինը 1 կիլոգրամի հաշվով բարձրացել է մինչև 30 դրամով՝ կապված պահանջարկի ավելացման հետ: Սակայն 2017 թվականի հունվարի առաջին օրերին արդեն բանանի գինը ոչ միայն վերադարձել է նախկին մակարդակին, այլ ներկայումս այն վաճառվում է ավելի ցածր գնով 720 դրամով:

Ամփոփելով, Հանձնաժողովը նշում է, որ ամենօրյա դիտանցումների արդյունքներով ներկա պահին սոցիալական կարևորության ապրանքների գծով գնային էական տատանումներ չեն դիտարկվել: ՏՄՊՊՀ աշխատանքային խումբը խոշոր խանութներում կշարունակի դիտանցումներ իրականացնել, իսկ գնային չհիմնավորված փոփոխություններ արձանագրելու դեպքում՝ կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ