18 03 2022

Սահմանադրությունը աուդիտի չեն ենթարկում․ Վարդևանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին



ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում,  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, երեկ  դասախոսությամբ է հանդես եկել   ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ «Պետության իրավական անվտանգություն. ի՞նչ խնդիրների են բախվում իրավունքը և օրենքը ՀՀ-ում» թեմայով։  Պատգամավորի հիմնական խոսքից հետո  ներկաները տարբեր հարցեր ուղղեցին ․ դասախոսությունն ընթացավ՝  ինտերակտիվ հարցուպատասխանով։  Հանդիպմանը ներկա ՀՅԴ-ական երիտասարդների կողմից հարց ուղղվեց՝ սահմանադրական բարեփոխումների մասին, այն հարցադրմամբ, թե՝ քաղաքական ու տնտեսական ներկա բարդ իրավիճակում որքանո՞վ  է  անհրաժեշտ  նման բարեփոխում իրականացնելը և ի՞նչ  հնարավոր ռիսկեր կարող է ունենալ ։

«2005 թվականին, երբ սահմանադրական բարեփոխումներ եղան,  և 1995 թվականի Սահմանադրությունն էապես փոփոխվեց,  ուներ հիմք,  անհարժեշտություն և հիմնավորում․ ամենախոշորը՝ ՀՀ անդամակցությունն էր Եվրոպայի խորհրդին , որով ՀՀ-ն ստանձնեց մի շարք պարտավորություններ, այդ թվում ՝ վավերացնելով  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ եվրոպական կոնվենցիան և եվրոպական կոնվենցիայի արժեհամակարգը, այդ թվում ՝ իրավունքները,  պետք է ներդրվեին սահմանադրական մակարդակում։  Ի դեպ սահմանադրական բարեփոխումով ավելի բալանսավորվեց պետական իշխանությունը, այն շատ ավելի դոմինանտ էր  ՀՀ նախագահի կարգավիճակում, և բալանսավորվեց դեպի գործադիր իշխանություն։  1995 թվականին ընդունված Սահմանադրության կոնցեպտն այն էր, որ, նույնիսկ, կառավարության նիստերն էր ղեկավարում  հանրապետության նախագահը, իսկ հանրապետության նախագահի թույլտվությամբ՝ վարչապետը։  2005 թվականի Սահմանադրությունն անցում կատարեց կիսանախագահականի, բալանսավորեց այդ իշխանությունը, 2015-ի Սահմանադրության փոփոխությունները 10 տարվա խորապատկերով  առաջացած սահմանադրական խնդիրների  հաղթահարմանն էր ուղղված։ Այդ խնդիրներին անդրադարձել էին Վենետիկի հանձնաժողովը, Սահմանադրական դատարանը ։ Հիմա որևէ նման արձանագրում չկա։ Ես չեմ տեսել Վենետիկի հանձնաժողովի որևէ կարծիք, որով ասվի, որ Հայաստանին պետք է սահմանադրական բարեփոխում։ Չեմ տեսել ՍԴ որոշում, որտեղ  ՍԴ-ն վերլուծի մի իրավիճակ, խնդիր ՝ հետևություն անելով, որ կարիք կա սահմանադրական բարեփոխման։ Այդ պայմաներում ինչո՞ւ է առաջացել սահմանադրական բարեփոխումների օրակարգը , դժվարանում եմ ասել ,  ավելի շատ կհամարեի կեղծ օրակարգ՝ հանրության շեղելու միտումով,  որովհետև սահմանադրական բարեփոխման անհրաժեշտությունը հիմնավորող ելակետ  չեմ տեսել «,-ասաց Արամ Վարդևանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը, շարունակելով խոսքը,  ընդգծեց․

«Նիկոլ Փաշինյանն ասել էր պետք է քննարկել ՝  կիսանախագահական  կառավարմանը վերադառնալու հարց, բայց՝ ինչի՞ համար , ո՞րն էր առիթը  պատկերացում չունեմ։ Նա նաև խոսել է սահմանադրական աուդիտ անցկացնելու մասին։ Նման  հասկացություն գոյություն չունի , Սահմանադրությունը աուդիտի չեն ենթարկում ։ Խնդիրն այն է, որ եթե Սահմանադրությունը ընկալվում է բարձրաստիճան ղեկավարի կողմից՝  որպես աուդիտի  ենթարկվող փաստաթուղթ, այստեղ էլ է խնդիր առաջանում «,-ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ