31 01 2022

Բացահայտ սուտ է, թե Փաշինյանը տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ամբողջական ինֆորմացիային․ Սերժ Սարգսյան



Այդ մեծամիտ արտահայտությունը, որը լսեցինք մենք բոլորս, որ իբր նա տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ամբողջական ինֆորմացիային և բանակցային պրոցեսին, ուղղակի բացահայտ սուտ է: Սուտ է այն պատճառով, որովհետև անհնար է ընթերցել փաստաթղթերը և ամբողջապես տեղյակ լինել բանակցային գործընթացի մասին: Փաստաթուղթ ընթերցելով  դա անհնար է: Ուղղակի նաև ասեմ, որ նույնիսկ ես չեմ կարող ասել, որ ամբողջովին տիրապետում եմ բոլոր մանրամասներին, որովհետև բացի նրանից, որ ես էի բանակցում, բայց կար նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նախապատրաստում էր այդ բանակցությունները, վարում էր նախնական բանակցություններ: Սա շատ կարևոր հանգամանք է: Հարց է առաջանում՝ բա մենք երբ որ եկանք իշխանության, ինչպե՞ս պատահեց, որ մենք հենց այն գլխից սկսեցինք, մեր կարծիքով, ճիշտ ճանապարհով գնալ, որովհետև մենք՝ ոչ միայն ես, այլ նաև Էդվարդ Նալբանդյանը, ոչ թե ժամերով, ոչ թե օրերով, այլ ամիսներով, տարիներով քննարկում էինք այդ հարցերն այն մարդկանց հետ, ովքեր քաջատեղյակ էին նախկին բոլոր փուլերին։ Այս մասին իր բացառիկ հարցազրույցում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահի խոսքով, կա այլ նկատառում ևս. «Եթե այդպես մեծամտորեն հայտարարում են, որ տիրապետում են ամբողջական ինֆորմացիային, բա ինչպե՞ս եղավ, որ 2019 թվականին ընկան թակարդը, երբ որ իրենց առաջարկեցին նոր, այսպես ասեմ, փաստաթուղթ, և իրենք ընդունեցին այդ փաստաթուղթը որպես բանակցությունների համար հիմք, և մի ամբողջ տարի հայ հասարակությանը, և ոչ միայն հայ հասարակությանը, խաբում էին` ասելով հանդերձ, որ չկա բանակցային պրոցես»:

Հեռուստամեկնաբանի դիտարկումից հետո՝ մինչև որ ՌԴ ԱԳ նախարարը Լավրովը գաղտնազերծեց այն, Սերժ Սարգսյանը շարունակեց. «Այո: Բայց մինչ Լավրովի գաղտնազերծելը, մենք տագնապ էինք հնչեցնում, ասում էինք, որ ընթանում են բանակցություններ, որ կան նոր առաջարկություններ, որովհետև եթե չլինեին այդպիսիք, ապա արտգործնախարարը ժամերով ի՞նչ էր խոսում իր գործընկերոջ հետ` Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Ի վերջո, խայտառակվեցին, չէ՞, ամբողջ աշխարհով մեկ երբ որ, այո, արտգործնախարար Լավրովը բացահայտեց այդ պրոցեսը»:

Հիշեցմանը՝ Փաշինյանը իր ֆեյսբուքյան վերջին ասուլիսում ասում է, որ խոստումներ էիք տվել անձամբ Դուք, որ 2018-2019 թվականներին արդեն այդ խոստումները կյանքի կոչելու ժամանակն էր, որոնք արձանագրված չեն որևէ փաստաթղթում, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Նա ուղղակի դրա մասին չի հայտարարել: Նա իր ոճին համապատասխան այդպիսի ակնարկ է արել, որից ամեն վայրկյան կարող է հրաժարվել:

Ես կարող եմ ասել հետևյալը, որ բացարձակապես որևէ խոստում բանավոր չի եղել: Եվ դա մեր գործելաոճը չէ՝ բանավոր պայմանավորվածությունների համաձայն ինչ-որ բաներ զիջել և այլն, և այլն` լինի դա էական, թե ոչ էական:

Բայց թույլ տվեք ես շարունակեմ առաջին հանգամանքի մասին խոսել և ասել, որ երբ որ ես լսում էի այդ հարցազրույցում Արցախի խնդրի հետ կապված հատվածները, ուղղակի ապշահար էի եղել, որովհետև հնչում էին այսպես ասած «փաստարկներ», որոնք ես լսել եմ 2008 թվականին, 2009 թվականին, 2010 թվականին՝ Ադրբեջանի նախագահի կողմից, և ինձ մի պահ թվում էր, անկեղծորեն եմ ասում, թե խոսողը ոչ թե Հայաստանի կառավարիչն է, այլ Ադրբեջանի նախագահը: Եվ ցավ էի ապրում, որովհետև այլևս ինքը չի կարողանալու օգտագործել այն օբյեկտիվ փաստարկները, որ լավ հնարավորություն են տալիս մեզ հասնելու Արցախի կարգավիճակին, որովհետև եթե վաղը ինքը փորձի այդ փաստարկները բերել, հիշեցնելու են իր իսկ ասած խոսքերը»:

Խոսելով երկրորդ հանգամանքի մասին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Երկրորդ հանգամանքն այն է, որ իմ դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի որոշ քաղաքական ուժերի և շատ մտածող մարդկանց մոտ հիասթափություն է տիրում: Հուսախաբության մթնոլորտ կա: Եվ սրանց պնդումները, սրանց՝ ես նկատի ունեմ և՛ գործող իշխանություններին, և՛ Ադրբեջանի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, ինչ-որ կերպ ազդել է այդ մարդկանց վրա: Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Եվ դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռևս կան հնարավորություններ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ