26 03 2021

«Մեդիա դիֆենսը» հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Լեռնային Ղարաբաղում լրագրողներին հրետակոծելու գործով

«Մեդիա դիֆենսը» հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Լեռնային Ղարաբաղում լրագրողներին հրետակոծելու գործով

Այսօր` մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա  դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից Լեռնային Ղարաբաղում հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ վերջերս տեղի ունեցած զինված հակամարտության ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծությունից հետո։ Դիմողները՝ վիրավորում ստացած երեք լրագրողները եւ լրագրողներից մեկի սպանված ուղեկցորդի եղբայրը, պնդում են, որ այս հարձակման արդյունքում Ադրբեջանը խախտել է նրանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները։ 

Հրետակոծությունը տեղի էր ունեցել 2020թ․ հոկտեմբերի 1-ին, երբ Մարտունի քաղաքի կենտրոնը կարճ ժամանակահատվածում խոցվեց մոտ 40 հրթիռով։ Չորս հոգի սպանվեց, կային ծանր վիրավորներ։ Նույն օրը, ավելի ուշ ադրբեջանական կառավարությունը, հղում անելով հրետակոծությանը, մեղադրեց Հայաստանին՝ լրագրողների կյանքը վտանգելու եւ միջազգային իրավունքը խախտելու մեջ։ Իրականում այս հակամարտության ընթացքում ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար թիրախավորել են լրագրողներին։ Բազմաթիվ լրագրողներ են հաղորդում լրագրողական աշխատանքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի հետապնդումների եւ սպառնալիքների մասին։

Դիմողները պնդում են, որ Ադրբեջանը Մարտունի քաղաքի ռմբակոծման ընթացքում խախտել է նրանց կյանքի եւ ազատ արտահայտման իրավունքները։ Այս իրավունքները պաշտպանվում են Կոնվենցիայի 2-րդ եւ 10-րդ հոդվածներով։

Դիմողներին դատարանում ներկայացնում են «Մեդիա դիֆենսից» Փադրեյգ Հյուզը եւ Կառլոս Գայոն, ինչպես նաեւ հայաստանյան իրավաբան եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

Վերջինիս խոսքերով. «Այս գործը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի լրագրողական համայնքի համար։ 2020թ․ հոկտեմբերին, Արցախում ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման արդյունքում առնվազն վեց լրագրող է վիրավորվել, զոհվել է լրագրողի ուղեկցորդ։ Թեեւ հակամարտության գոտիներում աշխատող մեդիա աշխատակիցները քաղաքացիական անձի կարգավիճակ ունեն եւ պաշտպանվում են միջազգային մարդասիրական իրավունքով, այս հակամարտության ընթացքում այս սկզբունքը չի հարգվել հավուր պատշաճի։ Լրագրողները ռազմական թիրախներ չեն, նրանց անվտանգությունը պետք է երաշխավորվի, քանի որ նրանք, պատերազմական գոտում վտանգելով իրենց կյանքը, իրենց մասնագիտական պարտքն են կատարում։ Ես հպարտ եմ լինել փաստաբանական այս թիմի անդամը, որը մշակել է այս ռազմավարական դատավարության գործը՝ Ադրբեջանի կառավարությունից պահանջելով ճանաչել տուժած լրագրողների իրավունքների խախտման փաստը եւ համապատասխանաբար փոխհատուցել»։

«Մեդիա դիֆենսի» իրավաբանական բաժնի ղեկավար Փադրեյգ Հյուզն ասում է․ «Զինված հակամարտությունների ընթացքում ճշգրիտ եւ իրազեկ լրագրողական գործունեության կարեւորությունը չի կարելի գերագնահատել, եւ հատկապես այն պատճառով, որ լրագրությունը հաճախ ազդում է պատերազմող կողմերի վարքի վրա։ Այս հարձակումը թույլ չտվեց լրագրողներին կատարել իրենց աշխատանքը այնինչ այս դեպքը հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից մեդիայի վրա բազմաթիվ հարձակումներից մեկն էր միայն։ Այս հակամարտությունը բնութագրվել է որպես «պատերազմների ապագան» ցույց տվող, ուստի մենք հուսով ենք, որ Դատարանը կորոշի, որ այդ ապագայում հարկ է ապահովել լրագրողների համար պատշաճ պաշտպանության միջոցներ, որպեսզի նրանց տրամադրած տեղեկատվության որակն ու անկախությունը որեւէ կերպ չտուժի»։ 

Այս գործով հավելյալ տեղեկությունների համար  կապ հաստատեք Փադրեյգ Հյուզի հետ հետեւյալ հասցեով՝ [email protected] կամ դիմեք ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանին ([email protected]

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ