13 11 2020

էկրանը տեղադրվել էր վարչապետի ուղերձի համար ու հեռարձակել բռնություն խրախուսող տեսանյութը. Մանե Գևորգյանի արձագանքը

էկրանը տեղադրվել էր վարչապետի ուղերձի համար ու հեռարձակել բռնություն խրախուսող տեսանյութը. Մանե Գևորգյանի արձագանքը

«Փաստինֆո»-ն գրում է․

«Նոյեմբերի 12-ին հանրապետության հրապարակում սպանության սպառնալիքներով ու բռնությունը խրախուսող տեսանյութի հեռարձակումը տեղի է ունեցել կառավարության գիտությամբ, եթե չասենք` հանձնարարությամբ: Միայն թե վարչապետի խոսնակը համամիտ չէ, որ տեսանյութը բռնություն ու վիրավորանք է քարոզում:

Այսպես` Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան տեսանյութ էր հեռարձակվել, որն առաջացրել էր հասարակության լայն զանգվածների դժգուհությունը: «Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին:

Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաև երեխաներ ու կանայք:

Ակնհայտ է, որ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք», - այսօր հայտարարել է ՄԻՊ-ը:

«Փաստինֆո»-ն դիմեց Երեւանի քաղաքապետարանին` պարզելու, ում թույլտվությամբ ու ինչ նպատակի համար է տեղադրվել էկրանը Հանրապետության հրապարակում, ով է տվել իր համաձայնությունը` տեսանյութի հեռարձակման համար:

«Ամսի 10-ին էկրանները հանվել են, հետո վարչապետի ուղերձի համար մեկը հետ է տեղադրվել, բայց բովանդակության հետ կապված ինձ թվում է՝ ինչ որ տեխնիկական խնդիր է եղել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Իոսիֆ Կուբատյանը։ Նա հավաստեց, որ կառավարության որոշմամբ են էկրանները հետ տեղադրվել, իսկ թե ո՞վ կարող է լինել բովանդակության համար պատասխանատու՝ դժվարացավ նշել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատեց՝ իրենք են տեղադրել էկրանները, այսօր էլ դրանք ապամոնտաժվելու են։

«Իմ տեղեկություններով այնտեղ հայհոյանքներ չկան, դրանք փակված են եղել ձայնային նշանով։ Ես կարծում եմ, պարոն Թաթոյանը չափազանցնում է այն ինչ -որ կա՝ իրականությունը։ Տեղյակ եմ, որ ամեն դեպքում մեր հանրության շրջանակում դժգոհություններ են առաջացել և հաշվի առնելով այդ փաստը, ես այսօր խնդրել եմ, որ այդ էկրանը ապամոնտաժվի»։

Մանե Գևորգյանը նաև հաստատեց, որ Էկրանը տեղադրվել է վարչապետի ելույթի համար, որը երեկ նաև հեռարձակվեց։
«Ամեն դեպքում հաշվի առնելով, որ բավականին թանկ տեխնիկա է էնտեղ դրված, որոշում ենք կայացրել, որ դա պետք է ապամոնտաժեն, որ գույքը չվնասվի»։

Իսկ թե ո՞ւմ թույլտվությամբ է հեռարձակվել տեսանյութը, խոնակն ասաց, որ թույլտվության խնդիր բացարձակ չկա. «Ամեն դեպքում խնդիրը լուծված է, էկրաններն ապամոնտաժվում են և վերջ»։

Բովանդակության համար պատասխանատուի մասին Գևորգյանը չնշեց։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ էր երկու տեղեկատվական հարթակ տեղադրվել, որտեղ ցուցադրում էին նախապես պատրաստի տեսանյութեր, նաև հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկումները»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ